Նիկոլ Փաշինյանի հրաժարականի եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակահարմարության եւ օրինականության մասին բուռն քննարկումները շարունակվում են հասարակության բոլոր շերտերում:
Թեմայի շուրջ իր մեկնաբանություններն է արտահայտել նաեւ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: «Մեր սահմանադրությունը նախատեսում է վարչապետի հրաժարականի բազմաթիվ դեպքեր: Վարչապետն ինքը կարող է հրաժարական տալ, պատգամավորները ցանկացած պահի կարող են անվստահություն հայտնել, եթե չի հաստատվի պետական բյուջեն, դա ըստ սահմանադրության վարչապետի եւ կառավարության ամբողջ կազմով հրաժարականի պատճառ է: Ամեն անգամ կառավարության հրաժարականից կամ անվստահությունից հետո հո խորհրդարանական արտահերթ ընտրություն չե՞ն կազմակերպում: Ընդամենը օրեր առաջ Վրաստանում վարչապետը հրաժարական տվեց: Ո՞վ է ասել, որ վարչապետի հրաժարականը պետք է լինի միայն այն դեպքում, որպեսզի Ազգային ժողովը լուծարվի: Մենք հասել ենք մի հանգրվանի, որ մի ողջ քաղաքական համակարգի գործողությունները, քայլերը կառուցված են մի անձի շուրջ, որը բազմաթիվ հանցագործություններ է անում մեր պետության, ժողովրդի հանդեպ: Եվ նա փոխանակ լավագույն դեպքում լիներ բանտում, դեռ միանձնյա որոշումներ է կայացնում:
Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժեր, որ նրա հրաժարականն էիք պահանջում, ձեր անունը դրել եք Հայրենիքի փրկություն եւ մասնակցում են այդ շարժմանը, մի՞թե չեք կարողանում գիտակցել, որ այս գործընթացը, ոչ թե նրանից ազատվելու է տանում, այլ ճիշտ հակառակը, որ այս ամենը անում է իր իշխանությունը պահելու համար: Իսկ ինչ հետեւանքներ է ունենալու այդ հանցավոր իշխանությունը, եթե ամրապնդվի, այս գործընթացի մասնակիցները գոնե անձնական փորձով պիտի հասկանան, թե առաջին հերթին իրենց ինչ է սպասվում: Սա այնքա՜ն պարզ վիճակ է: Մի՞թե չեն հասկանում: Քաղաքական համակարգում միակ խնդիրը, որ պետք է լինի, նրա անվերապահ իշխանությունից հրաժարվելն է:
Տեսեք՝ ինչ պարզ մեխանիզմ է լինելու իր նկարագրածով: Ֆորմալ իմաստով հրաժարական կհայտնի եւ քանի որ, ինչպես հասկանում ենք, արդեն ունի պայմանավորվածություն ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ, նրանք թեկնածություն պիտի որ չառաջադրեն, սա մնա որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ նույն թիկնազորով, նույն ոստիկանության եւ ԱԱԾ-ի նկատմամբ իշխանությունով, նույն կառավարական ամառանոցով, նույն 5000 ոստիկաններով՝ կառավարության մի շենքից մյուսը տեղափոխվելու կամ քարոզարշավին մասնակցելու համար: Սրանից հետո ակնհայտ չի՞, թե ինչ պետք է լինեն ընտրությունների արդյունքները»,- ասում է նա:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ