Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը՝ պապական գյուղում․ կառաջադրվի՞ նա պատգամավորի թեկնածու

Մարտ 19,2021 17:50

Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօրվանից սկսեց շրջայցեր մարզի գյուղական համայնքներ։ Նպատակը բնակիչների հետ շփվելը, նրանց հուզող խնդիրներին ծանոթանալն ու լուծումներ փնտրելն է. այսպես պարզաբանեց մարզպետը։

Այսօր նա այցելեց Արթիկի տարածաշրջանի մի քանի համայնքներ․ իր այցը սկսեց պապական գյուղից՝ Սպանդարյանից։

Ի դեպ, Սպանդարյանից են նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ու ՕԵԿ հիմնադիր Արթուր Բաղդասարյանը։

Այստեղ հանդիպումը գրադարանում էր․ գյուղի ակտիվը եկել էր նրան հարցեր ուղղելու։

Գյուղացիներին հետաքրքրում էր ներքին ոռոգման ցանց, ինչպես նաև ջրհոր ունենալու խնդիրը, քարուքանդ ճանապարհների վերանորոգման հարցը, Ֆերմերներից մեկին էլ՝ արոտավայրեր չունենալը։ Սա պատճառ է, որ գյուղացիները հրաժարվեն անասնապահությունից։

«Շիրակի մարզպետի պաշտոնում համայնքներ այցելելը ես սկսում եմ հարազատ գյուղից։ Մեծ պատիվ է այցելել Սպանդարյան, այն գյուղը, որտեղից ես սերում եմ, որտեղ իմ գեներն են, պապի-տատի գերեզմանն է։ Ձեր բոլորի՝ մեծ մասի հետ ունեմ թե՛ բարեկամական կապ, թե՛ հարազատական կապ», -ասաց մարզպետը։

Նա նշեց, որ ուզում է հենց բնակիչներից լսել խնդիրների լուծման ուղիները և փորձելու են ամենասեղմ ժամկետներում հօգուտ համայնքի որոշումներ կայացնել։

Մարզպետը նաև ասաց, որ այս տարի պլանավորվում է ներքին ոռոգման համակարգ կառուցել գյուղում, որը մեծ օգուտ է տնամերձ հողատարածքների ոռոգումը կազմակերպելու առումով։

Մարզպետը հիշեց պատերազմում նահատակվածներին՝ փառք տալով նրանց, ասաց, որ Սպանդարյանի հերոսը հուղարկավորված է Եռաբլուրում։

«Պետությունն ամենակարևոր ռազմավարական ուղղությունը գյուղատնտեսությունն է համարում և ձեր ամենօրյա չարչարանքը, հողի հետ աշխատանքը ուղիղ ազդում է պետության զարգացման վրա։ Ժամանակի հետ միգուցե շատ մշակաբույսեր մշակելը եկամտաբեր չէ և երևի թե արտագնա աշխատանքը դարձել է միակ աղբյուրը, բայց մեր աշխատանքը պիտի լինի գտնել ու ձեզ առաջարկել այնպիսի լուծումներ, օրինակ՝ ոռոգման համակարգի բարելավում, պետական տարբեր ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն տեղում եկամուտների աճին, արտագնա աշխատանքի կարիք չլինի։ Այսօր կառավարությունն ունի այն կամքը, որ տեղում լսի համայնքների բնակիչներին, որովհետև ձեզանից լավ ոչ մեկը չի պատկերացնի խնդիրը»,- ասաց մարզպետը։

Նա ասաց, որ գյուղի ենթակառուցվածքները բարվոք վիճակում են, նախակրթարանն էլ շուտով կգործարկվի։

Aravot.am-ը Հովհաննես Հարությունյանից հետաքրքրվեց, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններում կմասնակցի՞ որպես պատգամավորի թեկնածու։

«Որոշման կայացումից դեռ 24 ժամ չի անցել, այդ մասին դեռ շուտ է խոսելը, հենց հնարավոր լինի հրապարակային խոսելը, բոլորիդ հետ անպայման կհանդիպեմ, կխոսեմ»,- ասաց մարզպետը։

Մեր հաջորդ հարցին՝ ինչ են ցույց տալիս բնակիչների հետ շփումները, դեռ կա՞ վստահություն իշխանության նկատմամբ Շիրակի մարզում, Հովհաննես Հարությունյանն ասաց․ «Դեռևս շուտ է գնահատականներ տալ, որովհետև այս պահին մենք դեռ հանդիպում ենք, լսում ենք խնդիրները, որոնց արդեն ծանոթ ենք։ Եվ մարդիկ եթե մեզանից ակնկալում են այդ խնդիրների լուծումները, ուրեմն վստահում են մեզ»։

Ի դեպ, Սպանդարյան համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանը տեղեկացրեց, որ այս տարի ծրագիր են ներկայացրել են համայնքի ոռոգման ներքին ցանցի վերանորոգման համար՝ 24 միլիոն դրամի սահմաններում։ Հավանության արժանանալու դեպքում պետության ներդրումը կազմելու է 65 տոկոս, համայնքինը՝ 35։

Մանկապարտեզի երկհարկանի նորակառույց շենքն էլ ամենախոշոր ներդրումն է, որը կատարվել է 177 միլիոն 777 դրամի սահմաններում, 14 միլիոն դրամը ներդրել է համայնքապետարանը, մնացածը՝ պետությունը։ Այն կառուցվել է տարածքային զարգացման հիմնադրամի հետ համագործակցելով, կորոնավիրուսի տարածման հետ կապված դեռ չի գործարկվել։ Ըստ համայնքապետի, 75 երեխայի հաճախման համար կունենան մոտ 13 աշխատատեղ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031