Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրում լուրջ դժվարություններ կան Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմից հետո». Արմեն Սարգսյան

Մարտ 19,2021 17:46

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով մասնակցել է «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի արտահերթ հանդիպման բացմանը:

«Վերակառուցելով վստահությունը» խորագրով անցկացվող առցանց հանդիպման հիմնական թեմաներն էին COVID-19-ը և աշխարհում ստեղծված նոր իրողությունները:

«Հորասիսն» անկախ միջազգային «թինք-թանք» է, որն աշխատում է կառավարությունների ու միջազգային ընկերությունների հետ: «Հորասիս»-ի գագաթնաժողովները համարվում են ամենաազդեցիկ միջազգային հարթակներից, որտեղ պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարները կամ ներկայացուցիչները, գործարարները լուծումներ են առաջարկում համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու համար:

Նախագահ Սարգսյանն իր ելույթում նշել է, որ ներկայիս աշխարհն էապես տարբերվում է 30 տարի առաջվա աշխարհից: Այս նոր աշխարհում փոխվել են ժողովրդավարության, ընտրությունների, քաղաքականության իրականացման ձևերն ու եղանակները. «Այս նոր աշխարհում կորոնավիրուսը հետևանք է փոփոխված աշխարհի, քանի որ ամեն բան ավելի արագ է: Մենք շատ ավելի արագ ենք ճամփորդում, և եթե կորոնավիրուսով վարակված մեկ մարդ կա, օրինակ, Մալայզիայում կամ Չինաստանում, ապա հաջորդ դեպքը կարող է լինել Արգենտինայում: Սա աշխարհ է, որտեղ ամեն քաղաքական գործիչ իր ընտրողների կողմից գնահատվում է ամեն օր ու անգամ ամեն ժամ,-նշել է նախագահը: -Ցանկացած հայտարարություն անմիջապես արձագանք է ստանում: Սա նման է ամեն օր վերընտրվելուն, ուստի ասածներիդ կամ որոշումներիդ համար պետք է պատասխանատու լինես ոչ թե հինգ տարին մեկ, այլ՝ ամեն օր: Մեր կյանքի կեսն իրական է, նյութական, իսկ մյուս կեսը՝ վիրտուալ: Շատ դեպքերում վիրտուալ աշխարհը մանիպուլացվում է ֆեյք լուրերով նրանց կողմից, ովքեր հզոր են, վերահսկում են մեդիան և գիտեն, թե ինչպես դա անել»:

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի և դրա հետևանքների մասին. «Մեր երկրում լուրջ դժվարություններ կան Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմից հետո: 44-օրյա պատերազմը ճգնաժամ առաջացրեց Հայաստանի ներսում»:

Անդրադառնալով քննարկման բուն թեմային՝ վստահության վերակառուցմանը, նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմա վստահություն պետք է վերակառուցել բոլորովին այլ աշխարհում, նոր իրողությունների պայմաններում:

Նախագահ Սարգսյանը ապագայի մարտահրավերներից է համարել նաև բնապահպանական խնդիրները: Նա ասել է, որ սրընթաց փոփոխությունների աշխարհում հաջողակ լինելու համար տարբերություն չկա՝ մեծ, թե փոքր երկիր ես. «Խելացի և հաջողակ լինելը չպետք է դիտարկել, թե ինչքան գումար ունես կամ քո երկրի ՀՆԱ-ն ինչքան է կազմում, այլ, թե դու ինչքան առաջադեմ ես և ինչպես ես նայում ապագային։ Հնարավոր է՝ դու այսօր շատ բան չունես, սակայն եթե դու նայում ես դեպի ապագա, ունես տեսլական ու ծրագիր, ապա կհաջողես։ Կարծում եմ՝ խելացի, առաջադեմ լինելը հաջողության հիմնական բանալին է և՛ փոքր, և՛ մեծ երկրների համար»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031