Փաստաբան Զարուհի Մեջլումյանի համոզմամբ՝ դատապարտյալների իրավունքների պաշտպանության հարցում մենք մարդասիրության ու օրինականության գեղեցիկ սկզբունքներ ունենք, բայց իրականացնում ենք պատժողական քաղաքականություն: Նա այստեղ հակասություն է տեսնում:
«Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Քրեակատարողական ոլորտում բարեփոխումները ձախողվո՞ւմ են. տեղաբաշխման հանձնաժողովը խախտում է դատապարտյալների իրավունքները» թեմայով առցանց քննարկման ժամանակ Զարուհի Մեժլումյանը մի շարք խնդիրներ արծարծեց: Որպես օրինակ նշեց. «Երբ լինում է դատապարտյալների իրավունքների իրացում, վերահսկող դատախազները խնդիր են տեսնում, կասեցնում են, ուղարկում վերանայման: Հաճախ վերանայումից հետո ի վնաս դատապարտյալի որոշում է կայացվում: Կարծես դատախազությունը ելնում է այն կանխավարկածից, որ եթե իրացվել է դատապարտյալի իրավունքը, այ, այստեղ միգուցե ոչ իրավաչափ է, և կասեցումները լինում են, բայց եթե մերժումներ են լինում, դրանք նորմալ են, երբևէ մերժումը չեն կասեցնում և չեն ուղարկում վերանայման»:
Նա ներկայացրեց խրախուսումների և տույժերի համամասնությունը՝ 2019-ի տվյալներով ու մանրամասնեց. «Երկու հազարից ավելի տույժ է եղել և ընդամենը հիսուն և մի քիչ ավելի խրախուսանք: Դրանց մեծ մասը կասեցվել է դատախազության կողմից և ուղարկվել վերանայման: Վերանայելուց հետո դատախազության հետ համակարծիք են գտնվել քրեակատարողական հիմնարկներում: Իսկ տույժերը երբևէ սխալ չեն լինում: Թվային պատկերների հետևում մարդկային ճակատագրերն են»:
Ըստ Զարուհի Մեժլումյանի՝ պետությունը մի պարագայում որդեգրում է վերականգնողական արդարադատություն՝ գոնե 2005-ից, մյուս կողմից իրականացնում է պատժողական քաղաքականություն: Այս առիթով նա նկատեց. «Երբ 2005-ին քրեակատարողական օրենքը մշակվեց, մենք որդեգրեցինք վերականգնողական արդարադատություն, պետությունն ասաց՝ պիտի վերասոցիալականացնենք անձին, այլ ոչ թե պատժենք, և անձը պիտի դրսևորի դրական վարք, ուղղվի և վերադառնա հասարակություն, բայց մյուս ձեռքով մենք իրականացնում ենք պատժողական քաղաքականություն: Այստեղ դիսոնանս է առաջանում, հակասություն կա: Եզակի դատապարտյալներ, երբ փորձում են իրենք իրացնել գրված օրենքները, տարբեր գործիքներ են փորձում իրականացնել, սա ինչ-որ տեղ դիտվում է նաև պարսավելի: Դատապարտյալը չի հասկանում՝ ինչ անի, որ դա համարվի դրական վարք: Մարդիկ կան, որոնք բանտ են նստել դեռ այն ժամանակ, երբ ԵԽ անդամ չէինք, Կոնվենցիան չկար, երբ անգամ համակարգիչ չկար: Ի՞նչ է արել համակարգը, որպեսզի այդ մարդիկ կարողանան ունենալ դրական վարքագծին համապատասխան ինչ-որ բան»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ