ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վստահություն հայտնեց, որ իշխող ուժը կրկին հաղթելու է հունիսի քսանին սպասվող ընտրություններում, իսկ թե ինչու` քարոզարշավի ժամանակ կասեն։
Նկատառմանն ի պատասխան, որ կորոնավիրուսի թվերի աճի պայմաններում են ընտրությունները կազմակերպվելու, Ալեն Սիմոնյանը համաձայնեց․ «Այո կա նման խնդիր, բայց կան հարցեր, որոնք կարող է՝ շատ ավելի կարեւոր են այդ խնդրից»։
Ալեն Սիմոնյանի բնորոշմամբ՝ «ոչ թավիշին» կարգախոսը կարմիր գծով անցնելու է քարոզարշավի ընթացքում, որովհետեւ քաղաքացիների մի ստվար զանգված հիասթափված է նաեւ թավշյա մոտեցումից․ «Իմ մեկնաբանմամբ՝ «ոչ թավիշին» նշանակում է, որ իրավական առումով չպետք է փորձենք ավելի մեղմ լինել։ Վստահեցնում եմ՝ քաղաքացիները հասկանում են, թե ինչի մասին է խոսքը։ Մենք դատարանների վերաբերյալ շատ խնդիրներ ունենք, քաղաքացիները դժգոհում են, ուստի այս առնչությամբ եւս պետք է գնահատականներ հնչեն»։
Կարդացեք նաև
Լրագրողները հիշեցրին, որ վարչապետը շրջում է մեծաքանակ ոստիկաններով, այս պարագայում ինչպե՞ս է քարոզարշավ ավելու։ Սիմոնյանը նախ նշեց, որ ՀՀ բոլոր ղեկավարները գործել են նույն անվտանգության կանոնների ներքո․ «Վարչապետի անվտանգությունն առաջնային է։ Ես տեսել եմ, թե մարզերում ինչպես են վարչապետին դիմավորում, դիպուկահարների էլ ժողովրդի մեջ չեմ նկատել։ Դուք ներկայացնում եք, թե վարչապետը ժողովրդի հետ շփվելու խնդիր ունի։ Իրականում ագրեսիվ տրամադրված որոշ խմբակներ ատելություն տարածելով՝ խնդիր են ստեղծել բոլորի եւ պաշտոնյաների համար։ Վարչապետը մարդկանց հետ շփվելու խնդիր չունի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ