Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության երեք մեղավոր կա. Վլադիմիր Լեպյոխին

Մարտ 19,2021 17:09

Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը հայ հասարակության շրջանում ձեւավորել է նոր իրականություն, երբ կա հնարավորություն`պատային իրավիճակից երկիրը դուրս բերելու. այս կարծիքին է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը:

Այսօր «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական եւ վերլուծական հասարակական կազմակերպության կազմակերպած «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդիական հարցերը` մեր ժամանակի սպառնալիքների եւ մարտահրավերների հանդեպ» թեմայով կլոր սեղանի ժամանակ իր ելույթում, Վլադիմիր Լեպյոխինն ասաց, որ հայ հասարակությունը գտնվում է հետտրավմատիկ սթրեսի մեջ, երբ բոլորը հասկանում են, որ Հայաստանը բախվել է դաժան իրողությունների հետ: Միաժամանակ, նրա գնահատմամբ, հայ հանրությունը համարժեք չի արձագանքում ստեղծված իրավիճակին. արձագանքները ոչ թե ռացիոնալ են, այլ էմոցիոնալ, իսկ սթափ քաղաքական վերլուծությունները, ոչ ոքի ոչինչ չեն տալիս, քանզի դրանց համապատասխան արձագանք չկա:

«Իշխող ուժը չի ցանկանում ընդունել, որ իր արտաքին քաղաքական կուրսը շատ դեպքերում սխալ էր, եթե չասենք հանցագործություն`ընդդեմ սեփական պետության: Ընդդիմությունը պատրաստ չէ ընդունել, որ չունի ՀՀ-ի զարգացման տեսլական, չունի իշխող ուժին դիմագրավելու ռեսուրս եւ, որ պետք է գտնել պայքարի այլ մեթոդ: Այսինքն, հայ հասարակության մեջ չկա հստակ, իրական եւ միանշանակ պատասխան հարցին`որն է Հայաստանի ողբերգության պատճառը: Համապատասխանաբար, չկա նաեւ պատասխան, թե ինչպես պետք է այն հաղթահարել»,- ասաց Վլադիմիր Լեպյոխինը` հավելելով, որ հայ հանրությունն այժմ զբաղված է կատարվածի առիթով մեղավորների փնտրտուքով, բայց չի գիտակցում ողբերգությունը: Նրա գնահատմամբ, մեղավորների թվում նաեւ Ռուսաստանին են մատնացույց անում, բայց Հայաստանում քչերն են գիտակցում եւ խոսում այն մասին, որ հիմնական մեղավորները երեք գործոններն են. «Գլոբալ ուժերը` հայ-ադրբեջանական քարտեզը խաղարկող, ագրեսոր Ադրբեջանը եւ Թուրքիան, ինչպես նաեւ այն իրավիճակը, որում հայտնվել է հայ հասարակությունը` ոչ համարժեք, անհստակ: Իսկ սրա համար բոլոր են պատասխանատվություն կրում`եւ Փաշինյանը, եւ Սարգսյանը, եւ Քոչարյանը, եւ բոլոր քաղաքական ուժերը, հայաստանյան քաղաքական վերնախավը»:

Իրավիճակի հաղթահարման ելքը, բանախոսի գնահատմամբ, մեղավորների փնտրտուքի դադարեցումն է, իրավիճակի իրական գնահատումը, ողբերգության մակարդակի գիտակցումը: Իրականությունն, ըստ նրա, այն է, որ պատերազմում տուժել են եւ Հայաստանը, եւ Արցախը, եւ ՌԴ-ն եւ մեզնից բացի՝ ոչ ոք չի լուծելու առկա խնդիրները:

Այս համատեքստում, նա նկատում է, որ ՀՀ-ՌԴ-Արցախ ռազմական ալյանսը, ինչպես ցույց տվեց պատերազմը, արդյունավետ չէր, ավելին, այն, ըստ էության, գոյություն էլ չուներ, կողմերը գործեցին ինքնուրույն, ի հեճուկս հակառակորդի միասնական եւ թիրախավորված գործողությունների ու նպատակների: Նա նկատում է, որ ՀՀ իշխանությունները չունեն Արցախի նկատմամբ ռազմական պարտավորություններ, իսկ Արցախը ՌԴ-ի հետ չուներ ռազմավարական պայմանավորվածություններ`ռուսական զորամիավորումների գոյությունն Արցախում դիտարկելով ոչ թե պարտավորություն, այլ իրավիճակային թելադրանք:

Վլադիմիր Լեպյոխինի գնահատմամբ, Հայաստանը եւ ՌԴ-ն կարիք ունեն ռազմական համագործակցության վերանայման եւ նոր միավորման ձեւավորման: Սա կարող է լինել միայն քաղաքական համակարգերի վերաձեւավորման արդյունքում, քանի որ հնարավոր չէ նոր համագործակցության մակարդակի հասնել այն իրավիճակում, երբ Հայաստանում տարաձայնությունները շատ մեծ են, երբ ձեւավորվել է այնպիսի Անվտանգության խորհուրդ, որը խոչընդոտում է համագործակցության խորացմանը: Իր գնահատմամբ, նորմալ չէ, երբ Հայաստանի անվտանգության խորհրդում կան մարդիկ, ովքեր ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դիտարկում են իրենց գործունեության առաջնայնությունների շարքում: Համապատասխանաբար, նա նորմալ չի համարում, երբ ՌԴ Անվտանգության խորհրդում կան մարդիկ, ում համար Լոնդոնի որոշումներն ավելի կարեւոր են, քան հայ ժողովրդի հետաքրքրությունները:

Այս հարթությունում, նա գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանին հնարավորություն կտան դուրս գալ ստեղծված պատային իրավիճակից:

Այլ մանրամասները`տեսանյութում

ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի կարծիքով էլ՝ հայ-ռուսական հարաբերությունների ճիշտ ընկալումը եւ քաղաքական շրջանակների կողմից ճիշտ գնահատումը մեր պետության եւ պետականության համար կարեւորագույն նշանակություն ունեն: Մանավանդ հիմա`պատերազմից հետո, երբ տարբեր շրջանակների կողմից հետեւողական քայլեր են արվում այդ հարաբերությունների դեմ: Մինչդեռ ՌԴ-ն տարածաշրջանում ունի շատ շահեր, որոնց մեծ մասը հակոտնյա են թուրք-ադրբեջանական շահերին, ինչը բխում է Հայաստանի շահերից:

Նոյեմբերյան իրողություններից հետո, ըստ թուրքագետի, հայ-ռուսական հարաբերությունները պետք է հետեւյալ մակարդակի վրա դրվեն. «ՌԴ-ն ընդլայնելով իր ներկայությունն իրականացնում է նաեւ խաղաղապահ առաքելություն եւ ռուս խաղաղապահները Արցախի մնացած մասի բնակչության կյանքի ապահովման գործառույթ ունեն: Արագ փոփոխվող տարածաշրջանում մենք պետք է հասկանանք այդ հարաբերությունների իմաստը եւ վերագնահատենք, տարբերակենք պաթոսային խոսքերը եւ շատ հաճախ նաեւ կեղծ ժողովրդավարության քարոզը իրականությունից: Պատերազմի ժամանակ մենք տեսանք, որ անզեն հայ քաղաքացիների գլխատումը, մշակութային եւ այլ ոճի ցեղասպանությունն անարձագանք մնաց «քաղաքակիրթ» Արեւմուտքի կողմից»:

Թուրքագետի կարծիքով, պետք է գտնեն այն կետերը, որոնք շահեկան են եւ ՌԴ-ի եւ ՀՀ-ի համար եւ դրանք դարձնենք երկկողմ հարաբերությունների զարգացման հիմք:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031