Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց այսօր ԱԱԾ-ն պետք է հարուցի քրեական գործ՝ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ». Էդգար Ղազարյան

Մարտ 19,2021 16:51

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի համոզմամբ՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը Հայաստանում սահմանադրական կարգի եւս մեկ անգամ տապալում է:

«Եվս մեկ անգամ պարզ դարձավ, որ մենք ապրում ենք անօրինական, հակասահմանադրական փոխհարաբերություններով մի երկրում, որտեղ ընտրությունների օրը հայտարարում է հանրապետության վարչապետը, որի իրավունքը նա չունի: Համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության, հերթական կամ արտահերթ ընտրությունների օրը կարող է հայտարարել հանրապետության նախագահը: Խորհրդարանի արտահերթ ընտրություններ կարող են լինել միայն այն դեպքում, երբ դրան նախորդում են սահմանադրությամբ նախատեսված զարգացումներ: Այսինքն, առաջին հերթին պետք է վարչապետը հրաժարական տա, դրանից հետո Ազգային Ժողովի խմբակցությունները իրավունք ունեն առաջադրել վարչապետի թեկնածու, պետք է կազմակերպվի վարչապետի քվեարկություն՝ ընտրություն: Եթե դա չի կայանում դրանից հետո ԱԺ պատգամավորները առաջադրում են նոր թեկնածու: Եթե նա էլ չի ընտրվում, սահմանադրության ուժով խորհրդարանը համարվում է լուծարված եւ հանրապետության նախագահը նշանակում է ընտրության օր»,- օրենքը մեկնաբանեց պարոն Ղազարյանը ու նաեւ հիշեցրեց. «Մենք ներկա պահին դեռեւս գտնվում ենք ռազմական դրության պայմաններում, որով ՀՀ սահմանադրությամբ արգելված են բոլոր տիպի ընտրությունները, այդ թվում՝ Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ հանրաքվեների անցկացումները եւ այլն: Հետեւաբար, ռազմական դրության պայմաններում նման հայտարարություն անելը նաեւ սահմանադրության մեկ այլ խախտում է:

Կանխատեսել այս բոլոր գործընթացները, որ վարչապետը պետք է հրաժարական տա, քաղաքական ուժերը, խմբակցությունները թեկնածություններ չառաջադրեն, չընտրեն, այդ ամենը վկայում է անազնիվ, հակասահմանադրական, ստվերային պայմանավորվածությունների մասին, ինչը նշանակում է, որ ոչ թե պետք է հունիսի 20-ին լինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այլ հենց այսօր ԱԱԾ-ն հարուցի քրեական գործ՝ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանին ներգրավի որպես այդ քրեական գործով մեղադրյալ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031