«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվեց դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։ «Մեր հոգսերի գարունը» խորագիրը կրող ցուցահանդես-ներկայացումը նվիրված էր բոլոր այն կանանց, որոնք պատերազմի և դրան հաջորդած 4 ամիսների ողջ ընթացքում տնօրեն Զարուհի Մուրադյանի գլխավորությամբ օր ու գիշեր աշխատել են առաջնագծի և Արցախից եկած փախստականների համար։
«Պատերազմի օրերին պատկերասրահը թողել էր արվեստն ու մշակույթը, դարձել էր թիկունքում աշխատող զինվոր։Այստեղ էին հավաքվում կանայք, ցանցեր գործում, դեղորայք փաթեթավորում, անօթևան արցախցիների համար վերմակներ կարում։ Երբ ամեն ինչ վերջացավ, որոշեցինք առաջին ցուցահանդեսը ինձնով սկսել: Այն նվիրում եմ այդ օրերի բոլոր կամավոր կանանց»,- ասում է հեղինակը։
Պատահական չէ, որ գեղանկարներն ամփոփված են միայն մեկ սրահում։ Դրանք հեղինակը բաժանել է երեք մասի՝ անվանելով «Գարուն ա», «Գարուն ա, ձուն ա արել» և «Գողգոթա»։ Սրանք բոլորն ունեն մեկ ընդհանուր պատմություն:
Կարդացեք նաև
«Իմ կյանքի երեք էտապներն են այստեղ երևում։ Առաջին նկարներում ես երիտասարդ եմ եղել, ամեն ինչ գունեղ ու գեղեցիկ էր։ Օդը սեր էր շնչում։ Ներկայացված երկրորդ էտապը բավականին ծանր էտապ է։ Սրանք ևս երիտասարդ տարիքում եմ նկարել, սակայն արդեն հասկացել եմ՝ կյանքը նաև տառապանքների և հոգսերի մի շղթա է։ Այս ժամանակահատվածը շատ նման է այսօրվա մեր ժողովրդին, մեզ։ Երրորդ էտապում Հիսուսի կյանքն է՝ ծննդից մինչև խաչելություն։Այստեղ մարդը հասկանում է, որ այն տառապանքը, որ տրվում է իրեն՝ պատահական չէ»,- մեկնաբանում է Վարդան Պետրոսյանը։
Նկարների բացումն անում է փոքրիկ տղայի պատկերը, որը ձյունը ձեռքում անմեղ կանգնած է։ Ավարտին նույնպես նա է՝ այս անգամ Քրիստոսի գրկում։
Հեղինակի խոսքով՝ առաջիկայում հնարավոր է նոր նկարների ցուցադրություն, սակայն թե երբ, դեռ պարզ չէ։
Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 28-ը։ Յուրաքանչյուր օր, ժամը՝ 15-ից Վարդան Պետրոսյանը կլինի սրահում, կընդունի ու կճանապարհի բոլոր հյուրերին։ Ցուցահանդեսում առկա բոլոր նկարները ենթակա են վաճառքի։ Վաճառքից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի պատերազմին մասնակցած կարիքավոր զինվորների ընտանիքներին։
Մոնիկա ԳՐԻԳՈՐՅԱՆ