Այսօր կառավարության առաջ էին նաեւ անհետ կորած զինծառայողների հարազատները: Մերուժան Մանուկյանն ասում է, որ որդուց արդեն վեց ամիս է՝ ոչ մի լուր չունի, ոչ էլ կառավարությունն է մի բան ասում՝ գերի է, թե ինչ վիճակում է:
«Կառավարությունն ի՞նչ է անում, ոչ մի բան, ձեռքները ծալած՝ նստած են, ընտրվելուց ասում էր՝ ժողովրդի համար ամեն ինչ անելու եմ, հիմա 500 ծնող կանգնած է, ի՞նչ է անում»,-հարցնում է Մերուժան Մանուկյանը:
«Ես իրենց տղա եմ տվել, ոչ թե ԴՆԹ, որ հիմա ինձնից ԴՆԹ են ուզում, որ տոպրակով ոսկոր բերեն տան ձեռքս: Դե հիմա թող իրենց երեխաներին տանեն՝ մեր երեխաներին հետ բերեն»,-վրդովված ասում էր մեկ այլ ծնող, որի խոսքով հրաժարվել է ԴՆԹ թեստ հանձնել, քանի որ պահանջում է որդուն կենդանի վիճակում:
«Վեց ամիս ու կես է՝ որդուցս լուր չունեմ, թող իջնեն՝ պատասխան տան, ոչ թե իրենց հարցը լուծելու համար ընտրություններ կազմակերպեն:
Մենք մեր երեխաներին չենք տվել, որ էսօրվա օրով մեզ դիակ տան: Չեն կարողանում աշխատել՝ թող դուրս գան, մենք էլ դիմենք նրանց, ովքեր կարող են այս հարցը լուծել: Հիմա ընտրություններին մեզ ասելու են՝ տվել եք Փաշինյանին, գնացեք ձեր երեխաներին Փաշինյանից էլ ուզեք»,-ասաց անհետ կորած զինծառայողի ծնողը: Նրա խոսքով՝ վեց ամիս է, ծնողներին խաբում են. «Չեն կարողանում աշխատեն՝ թող դուրս գան, ամեն օր մեզ իզուր չլչլում են: Մարդիկ կան, որ հեռու բնակավայրերից գալիս են, ամեն օր ստեղ կանգնում, որ մի լուր իմանան: Այսօրվա օրով նրանք, որ այս հողի վրա կանգնած են, մեր երեխաների շնորհիվ են կանգնած, բայց այսօրվա օրով մեր երեխաները չկան ու չգիտենք ուր են»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ