Լրահոս
Օրվա լրահոսը

«44 օր այդ երեխաները հերոս էին, պատերազմն ավարտվեց՝ մոռացան, հիմա նրանք միայն ծնողների համար են հերոս». Զինծառայողների ծնողները պահանջում են որդիներին զորացրել

Մարտ 19,2021 15:18

Թերեզա Գրիգորյանն այսօր տասնյակ այլ ծնողների հետ, որոնց երեխաներն այս պահին Արցախում են ծառայում, կառավարության շենքի առաջ էր: Բողոքի ցույց էր անում՝ պահանջելով որդուն զորացրել: Զինծառայողի մայրն ասում է՝ 44-օրյա պատերազմից հետո երեխաները հոգեբանական եւ նաեւ ֆիզիկական առողջական խնդիրներ ունեն, բայց նրանցով հետաքրքրվող չկա: Կառավարությունից պատասխանում են՝ հարցն օրակարգում է, քննարկումներ են ընթանում:

Ծնողների պահանջը երեխաների զորացրումն է, քանի որ 44-օրյա դաժան պատերազմի միջով են անցել ու չեն կարող ծառայել այն վայրերում, որտեղ ընկերներ ու հարազատներ են կորցրել: Կառավարությունն, ըստ ծնողների, մտադիր է, ոչ թե զորացրել, այլ ժամկետները կրճատել, սակայն դա էլ չի անում:

Թերեզա Գրիգորյան

«Նրանք արժանի են, 44 օր այդ երեխաները հերոս էին, պատերազմն ավարտվեց՝ այդ երեխաներին մոռացան: Ոչ ոք այդ երեխաների ո՛չ առողջական վիճակով հետաքրքրվեց, ո՛չ գնացին, տեսան՝ նրանք ինչ պայմաններում են շարունակում իրենց ծառայությունը: 44 օր հերոսները մոռացվեցին, այսօր այդ երեխաները հերոսներ են միայն իրենց ծնողների համար: Անհանգստանում են միայն ծնողները, պետությունը ոչինչ չի անում»,-ասում է Թերեզա Գրիգորյանը: Նրա խոսքով, այսօր շատ զորամասերում անգամ տարրական պայմաններ չկան՝ նոր-նոր ջուր ու լույս են անցկացնում. «Էլ չենք ասում հոգեբանական վիճակի մասին, մեր երեխաները շարունակում են ծառայել այնտեղ, որտեղ եղբայր են կորցրել, ընկեր են կորցրել»:

Մեկ այլ ծնող էլ ասաց՝ կորանավիրուսն էլ, որ կա, պիտի զորացրվեն, ուրիշ տարբերակ չկա. «Երեխաները շատ խոցելի են, մեծ մասը թիկունքի ցավեր ունեն, թոքաբորբ են տարել, պատերազմի օրերին անձեւին ու ձնին կռվել են, հիմա բոլորը լուրջ բուժզննման կարիք ունեն, բայց բանի տեղ չեն դնում: Գիտեք՝ ինչ դաժան պատերազմ էր, ինչից են փրկվել ու հիմա ոչ մի բան, որ այդ երեխաներն էլ գոնե զգան, որ արժանի գործ են արել այս պետության համար: Թող զորացրեն, որ մենք մեր երեխաներին տեր կանգնենք»:

Ծնողների խոսքով, ամեն անգամ ցույցի հավաքված ծնողների գլխի տակ փափուկ բարձ են դնում ու տուն ուղարկում, բայց հարցը չի լուծվում:

Զինծառայողի ծնող Կարեն Աղաջանյանի խոսքով, երեխան ութ ամիս է՝ ծառայում է, այս ընթացքում մեկ անգամ է տեսել՝ պատերազմից առաջ. «Ի վերջո ծնող ենք, ուզում ենք տեսնել մեր երեխաներին, այդքան բանի միջով են անցել, ուզում ենք գոնե արձակուրդ գան, թող նորից հետ դառնան, բայց գան երեխաները մի քիչ փոխվեն, հիմա շատ ընկճված են: Բուժօգնություն չեն ստանում, հիմա, որ ընտրություններ լիներ, անմիջապես կհավաքեին, ինչ կար-չկար՝ կտանեին: Թող հիմա տանեն, էդ երեխաներին հոգեբան է պետք, ստուգումներ են պետք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031