Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում իշխանություն չկա, ոչ էլ Արցախում կա». Գագիկ Գինոսյան

Մարտ 19,2021 15:04

Օրերս թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ թշնամին Շուշին օկուպացնելուց հետո անցել է հայկական ժառանգության ոչնչացմանը, ու արբանյակային լուսանկարներից երևում է, որ Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անունը կրող եկեղեցին ավերված է:

Մշակութաբան, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը «Հենարան» ակումբում կայացած ասուլիսում անդրադառնալով թեմային, նշեց, որ իր տեղեկություններով այդ ավերումը տեղի է ունեցել նոյեմբերի երկրորդ կեսին, ու հիմնականում գմբեթն է ավերվել, բայց դա ոչինչ չի նշանակում: Նա փաստեց, որ իր համար սա հերթական դեպքն է հայկական մշակութային արժեքների ոչնչացման, պղծման, որը տեղի է ունենում համաշխարհային կառույցների լռության ներքո, իսկ Հայաստանի իշխանությունները լռում են: «Հայաստանում իշխանություն չկա, ոչ էլ Արցախում կա, դրա համար էլ որեւէ մեկը չի էլ բարձրաձայնում սրա մասին»,-ասաց Գինոսյանը:

«Ժամանակին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 4 տարի պտտեցնում էր մատի շուրջ ամբողջ Հայաստանը եւ հայ մշակույթի գործիչներին, Քոչարին չէր հաստատում` որպես հայկական մշակութային ոչ նյութական ժառանգություն, այն ժամանակ էլ որեւէ մեկը չէր բարձրաձայնում, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս ինչ է անում: Հետո պարզվեց, որ ոմն տիկին Բոկովան (ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան-Գ.Հ.) Ալիեւի տիկնոջ մտերիմ ընկերուհին է` լինելով բուլղարուհի կամ Բուլղարիայում ապրող թուրքական ծագումով մեկը:

Եվ Քոչարիի ընդունում եղավ միայն այդ կնոջը կաշառակերության վրա բռնելուց եւ հեռացնելուց հետո, ու առաջին շնորհավորանքը ստացավ Շարլ Ազնավուրը` որպես Հայաստանի դեսպան ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Դեռ Շարլ Ազնավուրի կենդանության օրոք որեւէ մեկը Հայաստանի իշխանություններից, մշակույթի նախարարությունից չբարձրաձայնեց խնդրի մասին: Նույնը տեղի ունեցավ, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակեց Քոչարին եւ Թամզարաները Յայլի ադրբեջանական անվան տակ` որպես Նախիջեւանի ժողովրդի անհետացող մշակույթ:

Ես մի քանի անգամ դիմեցի նախարարին` դեռ Հասմիկ Պողոսյանն էր, հետո նաեւ Լիլիթ Մակունցը, բայց որեւէ մեկը խնդիրը չբարձրացրեց, թե ոնց կարելի է այդպես անել: Հրապարակումներ արեցի սոցցանցերում եւ ասուլիսների ժամանակ ասացի, որ Հայաստանի իշխանություններն ուղղակի պարտավոր են բարձրաձայնել,որ 20-րդ դարի սկզբին Նախիջեւանում ապրող մարդկանց գերակշիռ մասը` գրեթե 90 տոկոսը հայեր էին, ի՞նչ անհետացած ժողովրդի անհետացող մշակույթի մասին է խոսքը: Ասացի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին պետք է բողոքի նոտա հղել, բայց Հայաստանը համր էր»,-հիշեց Գագիկ Գինոսյանը:

Նա Ջուղայի խաչքարերի ավերմանն էլ անդրադարձավ. «Նույնը կատարվեց 2005-2006թթ. երբ Ջուղայի խաչքարերը ոչնչացվեցին` մոտ 3000 խաչքար, եւ Հայաստանում պաշտոնական անդրադարձ միայն լուսահոգի Սամվել Կարապետյանն արեց, ի լուր աշխարհի բարձրաձայնեց այդ ամենի մասին, հետո իր որդին ֆիլմ նկարեց, ու դրանով ամեն ինչ ավարտվեց:

Այսինքն, Հայաստանն այս տեսանկյունից երբեւէ որեւէ հարցի շուրջ նոտա չի հղել: Նույնը նաեւ Սիրիայում մեր Դեր Զորի հայկական եկեղեցու, Հալեպի հայկական եկեղեցու թիրախային ոչնչացումն էր: Եվ բացարձակ կարեւոր չէ, որ դա Սիրիայում էր, դա հայկական եկեղեցի էր, որը պատկանում էր Հայ Առաքելական եկեղեցուն, բայց անգամ եկեղեցին չի բարձրաձայնել այդ մասին եւ հիմա էլ նույնն է: Հայաստանը համր է եւ խուլ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031