«2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ ռազմական 44-օրյա ագրեսիան մեզ համար ցավալի պարտության վիճակով հանգուցալուծվեց 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ՝ երեք երկրների ղեկավարների ստորագրությամբ: Պատերազմը կանգնեցրեց Ռուսաստանի Դաշնությունը, իսկ պատերազմի ողջ ընթացքում իմ կողմից անձամբ բազմաթիվ են եղել հայտարարությունները, որ մեր տարածաշրջանում ՌԴ-ի ներկայությունը պետք է լիովին վերականգնվի: Իսկ այդ ներկայությունը զուտ ֆիզիկական չպետք է հասկացվեր, այլ իշխանությունների կողմից վարվող քաղաքականության բովանդակությամբ և տրամաբանությամբ»,- այսօր «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական եւ վերլուծական հասարակական կազմակերպության կազմակերպած «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդիական հարցերը` մեր ժամանակի սպառնալիքների եւ մարտահրավերների հանդեպ» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
Քաղաքականության նրբությունների եւ առանձնահատկությունների մեջ չմտնելով, բանախոսը մեկ բան ակնհայտ է համարում` դու պետք է գործես արդար եւ շիտակ. «Այժմ առավել, քան երբևէ, շտապ անհրաժեշտ է մեր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ ձևավորել նոր որակի հարաբերություններ, ավելի խորացնել բոլոր առումներով փոխադարձ ինտեգրումը: Ակնհայտ է, որ երկու կողմերն էլ շահագրգիռ են այդ հարցում, իսկ վերջին երեք տարիների վիճակագրությունը և իրողությունները ցույց են տալիս, որ այստեղ հսկայական չիրացված ռեզերվներ կան: Դրա համար անհրաժեշտ է ցուցաբերել հստակ քաղաքական կամք»:
Նոր որակի`ՌԴ-ի հետ առավել խոր ինտեգրացիան, ըստ ԱԺ պատգամավորի, նաեւ ժողովրդի ցանկությունն է: Իր կարծիքով, այդ հարաբերությունները պետք է զարգանան երկկողմ եւ բազմակողմ, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում եւ հանրային կյանքի բոլոր ոլորտներում:
«Ռուսական կապիտալը պետք է հարմարավետ զգա իրեն ՀՀ-ում: Երբ տեղի եւ անտեղի քրեական գործերի հարուցումը, արհեստական վախի մթնոլորտի ձևավորումը դառնում է կառավարման մոդել, ապա կապիտալը լքում է այդ տարածքը: Եվ պատահական չէ, որ մեր երկրում 2020թ.-ին` 2019-ի համեմատ, օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կրճատվել է շուրջ 11 անգամ, 2019թ-ին՝ 2,5 անգամ: Կապիտալը հիմնականում հոսում է ՌԴ, այսինքն՝ դեպի քո ռազմավարական գործընկեր երկիրը»,- ասաց նա: Միքայել Մելքումյանը սա համարում է անբնական երեւույթ, քաղաքական եւ տնտեսական հարց եւ կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման համատեքստում մենք պետք է հաղթահարենք այս խնդիրը: Այս եւ այլ հարցերի հանգուցալուծումը նա տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով: Իսկ այդ ընտրություններում, հայ- ռուսական հարաբերությունները, պետք է տեղ գտնեն շատ ու շատ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում:
Կարդացեք նաև
Բերելով 2020 թվականի տնտեսական տարվա ցուցանիշները, համաձայն որոնց՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 7.1 մլրդ. դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 13.2%-ով (2019թ.՝ 8.2 մլրդ ԱՄՆ դոլար), իսկ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2.2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2.6%-ով (2019թ.՝ 2.3 մլրդ դոլար), այդ թվում՝ Ռուսաստան՝ 2.1 մլրդ դոլար (անկում՝ 3.5%), ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանումը կազմել է 705.3 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 8.3%-ով (2019թ.՝ 769.2 մլն դոլար, ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծումը կազմել է 1.5 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0.2%-ով եւ անկում գրանցելով ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ, բանախոսը արձանագրում է, որ պաշտոնական վիճակագրությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ առաջատար դիրքը պահպանում է Ռուսաստանը։
2020 թվականի տնտեսական վերլուծությունների հիման վրա Միքայել Մելքումյանն արձանագրում է. «ԵԱՏՄ-ն Հայաստանի Հանրապետության համար առավելապես ընկալվում է որպես ապրանքների և ծառայությունների իրացման մեծ շուկա, աշխատանքային միգրացիայի գոտի, իսկ ահա ներդրումներ ակնկալել ԵԱՏՄ-ից այնքան էլ ընկալելի չէ: Կարծում եմ՝ խնդիրը փոխադարձ արգելքների չհաղթահարված լինելու և ներդրումային միջավայրի գրավչության մեջ է: Որովհետև միջավայրերը նույնական չեն, հավասար պայմաններ չկան պետական գնումների, վարկերի ձեռքբերման և այլ ընթացակարգերի առումով: Ռեալ բացակայում է թվային էկոնոմիկան»:
Համագործակցության առանձին դրական օրինակներ կան, բայց խնդրի ամբողջական լուծումը նա տեսնում է արտահերթ ընտրություններով ձևավորված նոր քաղաքական իշխանության ծիրում. «Ստեղծված նոր իրավիճակը ենթադրում է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև նոր ռազմաքաղաքական դաշինքի վերաբերյալ համապատասխան պայմանագրի կնքում, որը համարժեք է ներկայիս նոր իրավիճակին: Մենք շատ ուշադիր պետք է նայենք դեպի Ռուսաստան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ