Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը ՌԴ ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսում

Մարտ 19,2021 13:12

Մարտի 16-ից 18-ը Մոսկվայում կայացած MITT Moscow զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանը, երկար դադարից հետո, կրկին ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Հայաստանից ցուցահանդեսին մասնակցել են 20 զբոսաշրջային ընկերություններ։

Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել է 1,5 հազար կազմակերպություն 229 երկրից, այդ թվում նաև Հայաստանը՝ մեկ միասնական տաղավարով։

Հայկական տաղավարի առաջին այցելուներից էր «Ռոստուրիզմ»-ի ղեկավար Զարինա Դոգուզովան, ով հանդիպում է ունեցել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանի հետ` քննարկելու երկկողմ համագործակցության շրջանակն ու հեռանկարները։

Երեք օրվա ընթացքում հայկական տաղավարը, Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների և Զբոսաշրջության կոմիտեի համատեղ ջանքերով, հասցրել է գրավել ռուսաստանցի այցելուների, տարբեր երկրներից ժամանած գործընկերների ուշադրությունը՝ աչքի ընկնելով իր զբոսաշրջային առաջարկների բազմազանությամբ՝ արկածային զբոսաշրջություն, գաստրո տուրեր, գինու ուղղություններ, երևանյան և մարզային փառատոններ, իրական փորձառություններ, համաշխարհային մշակութային արժեքներ և այլն։

Հայկական տաղավարի ձևավորմանն ու յուրահատուկ ներկայացմանն իր մասնակցությունն է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը։

Մարտի 17-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը՝ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի գլխավորությամբ, հյուրընկալել է այդ օրերին Մոսկվայում գտնվող Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին։ Դեսպանը կարևորել է ներկայիս դժվար ժամանակներում Հայաստանի զբոսաշրջային ներուժի ներկայացումը Ռուսաստանում և հայ-ռուսական հետագա կապերի ամրապնդումը։ Ընդունելության ժամանակ դեսպան Տողանյանը հուշանվեր է հանձնել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանին։ Հանդիպմանը հրավիրվել էին նաև Ռուսաստանի զբոսաշրջային բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

Ավելի վաղ՝ մարտի 9-ից 12-ը, Զբոսաշրջության կոմիտեն, 21 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, առցանց ձևաչափով մասնակցել է ITB Berlin միջազգային ամենախոշոր ցուցահանդեսներից մեկին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031