Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի, «Դիալոգ» հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված երեկո։ «Հերոսական բալլադ» խորագիրը կրող համերգային ծրագրի ընթացքում հնչեցին Բաբաջանյանի դասական և էստրադային ստեղծագործություններից։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկան դաշնակահար Ալեքսանդր Գինդինը‚ սոպրանո Սիրանուշ Գասպարյանը‚ բարիտոններ Իլյա Կուզմինը և Գևորգ Հակոբյանը։ Երեկոն ղեկավարեց դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Համերգի մեկնարկին իր ողջույնի խոսքը հղեց «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։ Նա, մասնավորապես, նշեց, որ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները շարունակում են միավորել տարբեր սերունդներ և ոգեշնչել նոր սխրանքների։ Պարոն Նավոյանի խոսքով՝ Առնո Բաբաջանյանի արվեստը հայ և ռուս ժողովուրդների, երկու երկրների ընդհանուր մշակութային ժառանգության մաս են, և այդ իմաստով այս երեկոն խորհրդանշական բնույթ ունի։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ նվագախմբի կարևորագույն առաքելություններից է ներկայացնել հայ կոմպոզիտորական արվեստը Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Տարին լի է հոբելյաններով, և սիմֆոնիկ նվագախումբն այդ շարքում առաջին համերգը նվիրել է հենց Առնո Բաբաջանյանին ու նրա երաժշտական ժառանգությանը։ Մաեստրո Սմբատյանը կարևորում է, որ համերգի ընթացքում ներկայացվում են հեղինակի դասական ստեղծագործությունները, որոնք սիրված և սպասված են հայ երաժշտասերների կողմից։ Առնո Բաբաջանյանի սիրված երգերից շատերը, որ ներկայացվեցին համերգին, կոմպոզիտորի բնօրինակ ստեղծագործություններն են դաշնամուրի և նվագախմբի համար։
Կարդացեք նաև
Դաշնակահար Ալեքսանդր Գինդինը, խոսելով Բաբաջանյանի կամերային ստեղծագործությունների մասին, նշեց, որ դրանք 20-րդ դարի դասական երաժշտության մարգարիտներն են։ Դաշնակահարը երեկոյի ընթացքում ի թիվս այլ գործերի կատարեց նաև Բաբաջանյանի «Հերոսական բալլադը», որը ըստ նրա՝ բավականին բարդ ստեղծագործություն է, ամենադժվար դաշնամուրային ստեղծագործություններից մեկը, որ ինքը երբևէ նվագել է. «Այն տպավորությունն է, որ «Հերոսական բալլադը» գրվել է շատ լավ դաշնակահարի կողմից, ինչպիսին և էր Առնո Բաբաջանյանը, որն այս ստեղծագործության մեջ կիրառել է դաշնակահարի իր ամբողջ տեխնիկական հզորությունը»։
Անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը՝ Ալեքսանդր Գինդինը նշում է, որ առաջին անգամ չէ հանդես գալիս նվագախմբի հետ. «Հաճելի է նվագել այս կոլեկտիվի հետ։ Շատ լավ մթնոլորտ է այստեղ, երաժիշտները՝ բարձրակարգ»։
Երեկոյի ընթացքում հնչեցին Բաբաջանյանի «Հորժամ» ստեղծագործությունը սոպրանոյի և լարային նվագախմբի համար, Արիա-վոկալիզը սոպրանոյի և լարային նվագախբի համար, «Վերադարձրու ինձ երաժշտությունը» ստեղծագործությունը դաշնամուրի և նվագախմբի համար, «Շնորհակալ եմ քեզ» երգը բարիտոնի և նվագախմբի համար, «Քո հետքերը» երգ բարիտոնի և նվագախմբի համար, «Առաջին սիրո երգը» բարիտոնի և նվագախմբի համար և այլն։ Համերգի ավարտին նվագախումբը և դաշնակահար Գինդինը կատարեցին Բաբաջանյանի Նոկտյուրնը դաշնամուրի և նվագախմբի համար։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ