Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկման ներկայացվեց «Դատական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը: «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը հիմնական զեկուցող, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին ասաց, որ նախագծով ԲԴԽ-ին լիազորություն են տալիս միջամտելու դատավորների աշխատանքին, հայեցողաբար վերաբերվելու նրանց գործունեությանն ու դատական համակարգին: Ուստի հարցրեց նրան՝ սա մասնագիտակա՞ն քննարկումների արդյունքում է եղել, թե՞ քաղաքական որոշում է՝ վերացնելու դատավորների անկախությունը:
Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ մինչեւ այս փոփոխությունը կարգապահական պատասխանատվության հարց կարող էր բարձրացնել արդարադատության նախարարությունը եւ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերով հանձնաժողովը: Մեկը ոչ բոլոր գործերն էր ուղարկում ԲԴԽ՝ կորպորատիվ շահերից ելնելով, մյուսի դեպքում ոչ ժողովրդավարական տարբերակ էր: Հիմա հնարավորություն են տալիս, որ քաղաքացին, որի մասնակցությամբ նիստի ժամանակ տեղի է ունեցել կարգապահական խախտում, դիմի ԲԴԽ-ին. «Ի վերջո ԲԴԽ-ն գործադիր կամ օրենսդիր չի, դատական իշխանության բաղկացուցիչ մաս է»:
Անի Սամսոնյանն ասաց, որ արդարադատությանը չպետք է միամտել. «Եթե սա քաղաքական որոշում է, փորձ եք անում միջամտել անկախ դատական համակարգի որոշումների վրա, մնում է հասկանալ, թե ով է ԲԴԽ-ի ձեր սրտի նախագահը, որ այս սեւ գործը կատարելու է դատավորների նկատմամբ»: Ի պատասխան՝ Վարդանյանն ասաց, որ իր սրտի կամ «ոչ սրտի» նախագահի մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է, որը բաղկացած է 5 դատավորից, 5 գիտնական անդամից. «Կներեք, եթե մենք այսպիսի վերաբերմունք ունենք կոլեգիալ մարմիններին, որ մի հոգի է որոշելու, եթե այս ընկալումը կա, ուրեմն մենք ոչ մի բան չենք դզելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ