Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սկսեց ներկայացնել օրակարգը՝ «Դատական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, ինչը զարմացրեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գոռ Գեւորգյանին: Նա ելույթում ասաց, որ սպասում էր Արարատ Միրզոյանը մոտենար ամբիոնին ու խոսեր արտահերթ ընտրությունների մասին, որովհետեւ վերջապես դարակազմիկ որոշում է եղել. «Այն, որ դա ՀՀ-ում կուտակված խորքային խնդիրների լուծման համար անքննելի իրողություն է, դա փաստ է, դա ամրագրված է նաեւ Սահմանադրությամբ: Բայց ես ուզում եմ հասկանալ՝ եթե ՀՀ-ն հանդիսանում է խորհրդարանական կառավարման ձեւի պետություն, ապա ժամանակը չէ՞, որ մենք բոլորս միասին ամրագրենք, որ խորհրդարանը որպես այդպիսին այլեւս չի հանդիսանում ՀՀ-ում առանցքային որոշումներ կայացնելու հարցում առաջնահերթ ամբիոնը»:
Ըստ պատգամավորի, ԱԺ նստաշրջանում պետք է քննարկեն անվտանգային խնդիրները, ԱԺ արտահերթ ընտրությունների ձեւաչափը: Նա հորդորեց Արարատ Միրզոյանին խոսել այն մասին, որ խորհրդարանական կառավարման ձեւն իրեն սպառել է, դա չարիք է ու պետք է հստակ խոսեն կառավարման ձեւը փոխելու ու նախագահական կառավարման անցնելու մասին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ