ՊԳԿ-ի նոր զեկույցի վկայմամբ՝ բնական վտանգներից առաջացող գյուղատնտեսական կորուստները շարունակում են ահագնանալ՝ պատճառելով տնտեսական վնասներ եւ խաթարելով սնուցումը։
Գյուղատնտեսությունը կլանում է ֆինանսական կորուստների եւ վնասների մեծ մասը, որոնք առաջանում են այսօր առավել հաճախ հանդիպող, բարդ և ինտենսիվ բնույթ կրող աղետների հետեւանքով, ասված է ՊԳԿ-ի այսօր հրապարակված նոր զեկույցում:
Դեռևս պատմության ոչ մի այլ հանգրվանում ագրոպարենային համակարգերն այսքան նոր եւ աննախադեպ սպառնալիքների շքերթի չէին առերեսվել, այդ թվում՝ մեգահրդեհները, եղանակի ծայրահեղ դրսեւորումները, անապատային մորեխների արտառոց ստվար երամները եւ COVID-19 համավարակի պես նորահայտ կենսաբանական սպառնալիքները: Այս վտանգները ոչ միայն կյանքեր են խլում, այլեւ կործանում գյուղատնտեսական գործունեությունը եւ հանգեցնում տնային տնտեսության, համայնքի, ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում բացասական տնտեսական հետեւանքների աստիճանական մեծացման, որոնց հաղթահարումը կարող է սերունդներ պահանջել, նշված է զեկույցում։
Ըստ զեկույցի՝ ամենամյա կտրվածքով աղետների հաճախությունն ավելի քան երեք անգամ մեծ է 1970-ական եւ 1980-ական թվականների համեմատությամբ: Ի տարբերություն գյուղատնտեսության, արդյունաբերության, առեւտրի եւ զբոսաշրջության՝ ընդհանուր առմամբ, գյուղատնտեսությունն, առանձին վերցրած, կլանում է աղետների ազդեցության 63 տոկոս անհամաչափ բաժինը, իսկ ոլորտին պատուհասած աղետների բեռը հիմնականում կրում են առավել թույլ զարգացած եւ ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրները:
Կարդացեք նաև
2008-ից 2018 թթ.-ին տեղի ունեցած բնական աղետների հետեւանքները զարգացող երկրների տնտեսությունների գյուղատնտեսական ոլորտների համար՝ մշակաբույսերի եւ գյուղատնտեսական կենդանիների ամբողջությամբ ոչնչացած կամ մասնակի վնասված արտադրության հետևանքով ավելի քան 108 միլիարդ դոլար են արժեցել։ Այսպիսի վնասը կարող է կործանարար լինել հատկապես փոքր եւ բնամթերային ֆերմերների, անասնապահների եւ ձկնորսների համար:
Վերլուծության ենթարկված ժամանակահատվածում Ասիան ամենաշատ տուժած տարածաշրջան է, որի ընդհանուր տնտեսական կորուստները հասել են աննախադեպ չափի՝ 49 միլիարդ դոլար, որին հաջորդում է Աֆրիկան՝ 30 միլիարդ դոլար, ապա Լատինական Ամերիկան եւ Կարիբյան ավազանի երկրները՝ 29 միլիարդ դոլար:
«COVID-19-ի կողմից գործողության մեջ դրված ցնցումներն ավելի շատ ընտանիքների եւ համայնքների կարող են տագնապահարույց վիճակի մեջ դնել», – զեկույցի նախաբանում նշում է ՊԳԿ գլխավոր տնօրեն՝ Քյու Դոնգյուն: «Աղետների ազդեցությունն ամենուրեք է եւ վերջինիս դինամիկան գնահատելու եւ հասկանալու համար անհետաձգելի ջանքեր են պահանջվում, որը կօգնի առավել համապարփակ եւ նորարարական եղանակներով նվազեցնել եւ կառավարել այդ ազդեցությունը: Դա անելու կարեւորությունն ու հրատապությունը երբեւէ այսքան մեծ չի եղել»։
Առավել մեծ վտանգներ
Զեկույցում նշվում է, որ երաշտը գյուղատնտեսական արտադրության կորստի միակ ամենամեծ պատճառն է, որին հետեւում են ջրհեղեղները, փոթորիկները, հիվանդություններն ու վնասատուները և անտառային ու դաշտային հրդեհները: Թույլ զարգացած եւ ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում մշակաբույսերի եւ գյուղատնտեսական կենդանիների արտադրության կորստի ավելի քան 34 տոկոսը պայմանավորված է երաշտով, որը գյուղատնտեսության ոլորտին, ընդհանուր առմամբ, 37 միլիարդ դոլարի վնաս է հասցրել: Երաշտը, գրեթե առանց բացառության, մշտապես ազդեցություն է ունենում գյուղատնտեսության վրա։ Երաշտի ընդհանուր ազդեցության 82 տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսության ոլորտին, ի տարբերություն այլ ոլորտների 18 տոկոսի։
Գյուղատնտեսության ոլորտի խնդրահարույց գործոններ են դարձել նաեւ մշակաբույսերի եւ գյուղատնտեսական կենդանիների վնասատուները, հիվանդությունները եւ վարակները։ Հենց այսպիսի կենսաբանական աղետներն են 2008-2018 թվականների ընթացքում բերքի եւ գյուղատնտեսական կենդանիների արտադրության 9 տոկոսի կորստի պատճառ դարձել: Այս բնույթի աղետների հնարավոր վտանգն ակնառու դարձավ 2020 թվականին, երբ անապատային մորեխների անհամար երամներն ասպատակեցին Աֆրիկյան եղջյուրի, Արաբական թերակղզու եւ Հարավարեւմտյան Ասիայի երկրները՝ ոչնչացնելով մշակաբույսերը եւ վտանգի տակ դնելով պարենային անվտանգությունը:
Դրան զուգահեռ, COVID-19 համավարակը լրացուցիչ բեռ է դնում ագրոպարենային համակարգերի վրա՝ խորացնելով առկա համակարգային ռիսկերը, որոնք ավելի ու ավելի ահագնացող հետեւանքներ են ունենում մարդկանց կյանքի, կենսապահովման եւ տնտեսությունների վրա՝ ամբողջ աշխարհում:
Աղետների ազդեցությունը պարենային անվտանգության եւ սնուցման վրա
Աղետները դուրս են գալիս տնտեսական տիրույթից եւ կորստաբեր հետեւանքներ ունենում պարենային անվտանգության եւ սնուցման վրա: Առաջին անգամ ՊԳԿ զեկույցի այս հրատարակության մեջ տնտեսական կորուստները վերածվում են կալորիականության եւ սնուցման համարժեքների:
Օրինակ՝ հաշվարկված է, որ 2008-2018 թթ. թույլ զարգացած եւ ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում մշակաբույսերի եւ գյուղատնտեսական կենդանիների արտադրության կորուստները համարժեք են տարեկան 6,9 տրիլիոն կիլոկալորիայի կորստի: Սա հավասար է յոթ միլիոն չափահասներին տարեկան անհրաժեշտ կալորիաների քանակին:
Նույն ժամանակահատվածում Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանի երկրներում տեղի ունեցած աղետների հետեւանքները փոխարկվում են օրական մեկ շնչի հաշվով 975 կալորիայի կորստի, որը կազմում է ամենօրյա պահանջվող չափաքանակի 40 տոկոսը, իսկ նրանց հաջորդում են Աֆրիկան (559 կալորիա) եւ Ասիան (283 կալորիա):
Աղետների նկատմամբ դիմակայուն ապագան հնարավո՛ր է
Դիմակայունության եւ աղետների ռիսկի նվազեցման համար գործադրվող ջանքերը, մասնավորապես՝ տեղեկացված գործողությունների ձեռնարկման նպատակով տվյալների հավաքագրումը եւ վերլուծությունը, անգնահատելի նշանակություն ունեն կենսակայուն ապագայի հասնելու գործում գյուղատնտեսության կարեւորագույն դերակատարության ապահովման համար, ընդգծում է ՊԳԿ նոր զեկույցը։
Ամբողջականության սկզբունքի վրա հիմնված արձագանքը եւ միջոլորտային համագործակցությունն առանցքային նշանակություն ունեն աղետների արձագանքման համար: Երկրները պետք է բազմավտանգ եւ բազմակողմանի համակարգային ռիսկերի կառավարման մոտեցում որդեգրեն՝ գյուղատնտեսության ոլորտում աղետների ռիսկերի կանխատեսման, կանխարգելման, նախապատրաստման եւ արձագանքման համար: Ռազմավարությունները պետք է ներառեն ոչ միայն բնական վտանգները, այլեւ մարդածին եւ կենսաբանական սպառնալիքները, ինչպիսիք են COVID-19 համավարակը, եւ խարսխվեն ռիսկերի համակարգային բնույթի եւ փոխկապակցվածության ըմբռնման վրա:
Նորարարությունները, ինչպիսիք են հեռահար զոնդավորումը, երկրատարածական տվյալների հավաքագրումը, դրոնները (անօդաչու թռչող սարք) եւ աղետների արձագանքման նպատակով ռոբոտաշինությունը, մեքենայական ուսուցումը, գնահատման եւ տվյալների հավաքագրման նորագույն հզոր գործիքներ են, որոնք գյուղատնտեսության մեջ աղետների ռիսկերի նվազեցման գործում մեծ ասելիք ունեն:
Արդյունավետ կառավարումից բացի, կարեւոր է նաեւ նպաստել պետական-մասնավոր գործընկերությանը՝ աղետների եւ կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղատնտեսության զգայունության նվազեցման համար ներդրումների հրատապության խնդրի լուծման նպատակով:
Զեկույցի մասին
«Աղետների եւ ճգնաժամերի ազդեցությունը գյուղատնտեսության եւ պարենային անվտանգության վրա» վերտառությամբ ՊԳԿ հերթական զեկույցում ներկայացված են գյուղատնտեսական արտադրության կորուստների ամենավերջին միտումները, որոնք վերագրվում են գյուղատնտեսական բոլոր հատվածներում տեղի ունեցած աղետներին: 2021 թվականի հրատարակությունն անդրադարձել է 109 տարածաշրջաններում տեղի ունեցած 457 աղետներին եւ եկամտային կատեգորիաներին, այդ թվում՝ առաջին անգամ վերին միջին եւ բարձր եկամուտ ունեցող երկրներում:
Աղետների հետեւանքով գյուղատնտեսական կորուստներ արձանագրած 109 երկրներից 94-ը թույլ զարգացած եւ ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրների ցանկում են, որտեղ 389 աղետներ խոչընդոտներ են հարուցել գյուղատնտեսական արտադրության համար։
ՊԳԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ