Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ռազմագերիներն ադրբեջանական բանտերում խոշտանգումների են ենթարկվել. Human Rights Watch

Մարտ 19,2021 12:25

Ադրբեջանական ուժերը վիրավորել են 2020թ. պատերազմի հայ գերիներին՝ նրանց ենթարկելով դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների գերեվարման և տեղափոխման ընթացքում, մեկուսացման վայրերում: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:

Ադրբեջանի իշխանությունները պետք է քննեն վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին: Ադրբեջանը նաև պետք է անհապաղ ազատ արձակի մնացած ռազմագերիներին և քաղաքացիական անձանց և տեղեկություն տրամադրի այն զինծառայողների և քաղաքացիների գտնվելու վայրի վերաբերյալ, որոնց մասին տեղեկություն չկա, և որոնց վերջին անգամ տեսել են ադրբեջանական մեկուսարանում:

«Հայ զինվորների նկատմամբ վիրավորանքները, այդ թվում խոշտանգումները, նողկալի են և պատերազմական հանցագործություն են,- ասել է կազմակերպության՝ Եվրոպայի և Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլիամսոնը:- Նաև խորապես մտահոգիչ է, որ մեծ թվով անհետ կորած հայ զինվորների վերջին անգամ տեսել են Ադրբեջանի մեկուսարանում»:

Human Rights Watch-ը հարցազրույց է անցկացրել 4 նախկին ռազմագերիների հետ, որոնք մանրամասներ են պատմել իրենց և իրենց հետ գերեվարվածների նկատմամբ վատ վերաբերմունքից: Նրանք բոլորն էլ նկարագրել են, որ երկարատև և բազմակի ծեծի են ենթարկվել: Նրանցից մեկը պատմել է, որ իրեն ծակծկել են սուր մետաղական ձողով, մյուսը պատմել է, որ իրեն էլեկտրաշոկի են ենթարկել, երրորդի խոսքով՝ իրեն շարունակաբար այրել են կրակայրիչով: Գերիները պահվել են նվաստացուցիչ պայմաններում, առաջին օրերին նրանց շատ քիչ ջուր են տվել և ոչնչի հավասար սնունդ:

Սոցիալական մեդիայում տարածվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում երևում է ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունք: Human Rights Watch -ը մանրամասն ուսումնասիրել և ստուգել է այդպիսի 20 տեսանյութ, այդ թվում` վերջերս գերությունից ազատվածների և տեսանյութերում երևացող զինվորների ընտանիքների անդամների հետ հարցազրույցների միջոցով: Կազմակերպության մասնագետները նաև ուսումնասիրել են բժշկական փաստաթղթերը:

Խոշտանգումների և վատ վերաբերմունքի գնահատականները մտահոգություններ են առաջ բերում առ այն, որ հայ ռազմագերիներն Ադրբեջանում դեռ վտանգի տակ են, ասվում է հայտարարության մեջ: Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որպեսզի հայ ռազմագերիները և մյուս գերիները ստանան միջազգային իրավունքներով և մարդասիրական (այդ թվում խոշտանգումներից և վատ վերաբերմունքից զերծ մնալու) օրենքով սահմանված ամբողջ պաշտպանությունը:

Ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների թիվը մինչ այժմ հստակ չէ: Մինչև 2021թ. փետրվարի վերջը Մարդու իրավունքների միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը խնդրել էր դատարանին միջնորդել Ադրբեջանում պահվող 240 գերիների և քաղաքացիական անձանց գործերով: Այդ գործերի մոտ 90 տոկոսի դեպքում, ըստ ներկայացուցչության, իրենք տրամադրել էին լուսանկարներ կամ տեսանյութեր՝ որպես վկայություն:

Հայաստանի ղեկավարությունը հայտնել է, որ Ադրբեջանը վերադարձրել է 69 ռազմագերիների և քաղաքացիների: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ իր կառավարությունը վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և դեռ պահում է մոտ 60 անձանց՝ որպես ահաբեկիչներ: Human Rights Watch-ն ի վիճակի չէ ստուգել Հայաստանի կամ Ադրբեջանի պնդումները՝ մեկուսարաններում պահվող մարդկանց թվի կամ նրանց կարգավիճակի վերաբերյալ:

Բոլոր չորս նախկին ռազմագերիները, որոնց հետ զրուցել է Human Rights Watch-ը, գերեվարվելիս եղել են վիրավոր: Դեպքերից մեկում Human Rights Watch- ը փաստել է, որ ադրբեջանցի սպան առաջին օգնություն է ցուցաբերել վիրավոր հայ զինվորին գերեվարվելուց անմիջապես հետո: Մեկ այլ ռազմագերու ադրբեջանցի մի սպա ցավազրկող դեղեր է տվել: Նախկին ռազմագերիներից մեկն էլ պատմել է, որ ադրբեջանցի հրամանատարն իր ենթականերին կարգադրել է չծեծել ռազմագերիներին, բայց հրամանատարի գնալուց հետո իրենց նվաստացրել են:

Միջազգային մարդասիրական իրավունքը կամ զինված հակամարտությունների օրենքը պահանջում է, որ միջազգային զինված հակամարտության կողմերը ցանկացած պարագայում մարդասիրաբար վերաբերվեն ռազմագերիներին: Ժնևի երրորդ կոնվենցիան պաշտպանում է ռազմագերիներին «մասնավորապես բռնության կամ ահաբեկման գործողություններից և վիրավորանքներից և հասարակության հետաքրքրասիրությունից»:

«Մենք լսել ենք գնահատականները և տեսել ենք նկարներ, որոնցում պատկերված են հայ ռազմագերիների երկար և բազմակի ծեծի կադրեր, որոնք, կարծես, նպատակ ունեն բացառապես նրանց նվաստացնել և պատժել, – ասաց Ուիլյամսոնը: – Ռազմագերիների նկատմամբ խոշտանգումները և վատ վերաբերմունքը ռազմական հանցագործություններ են, որոնց համար անհապաղ անհրաժեշտ է պատասխանատվություն կրել»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031