Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց օրակարգը ու բովանդակային քննարկման էին անցել՝ ԱԺ ամբիոնին մոտեցավ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա հայտարարեց, որ իր գործընկերներ Սոֆյա Հովսեփյանի ու Աննա Գրիգորյանի հետ երեկ են վերադարձել Արցախից ու որոշել են ձեւավորել «Արցախ» նախաձեռնություն:
Թագուհի Թովմասյանն ասաց, որ իրավաբանորեն չեն կարող հիմա ձեւակերպել, բայց Արցախի ձայնն են լինելու. «Մինչեւ հիմա Արցախի հետ բարեկամական խմբի ձեւաչափ կար, բայց նման խմբեր կան նաեւ այլ երկրների հետ: Արցախի մասով մենք հատուկ վերաբերմունք պիտի ունենանք, հատկապես՝ պատերազմից հետո»:
Նա ասաց, որ եթե մինչ այս ասում էինք, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, հիմա արդեն ակնհայտ է, որ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը ու Գեղարքունիքում, Սյունիքում տեսնում են, թե Արցախը քանի կմ հեռու էր պահում թշնամուն մեզնից:
Կարդացեք նաև
Ըստ պատգամավորի, Արցախի հարցը մեր քաղաքական օրակարգից դուրս է եկել, միայն Տարոն Սիմոնյանն է մի քանի ելույթ ունեցել Արցախի մասին. «Այնպիսի տպավորություն է, որ հանձնեցինք՝ պրծանք: Մենք Արցախի հարցը պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ