Այսօր Բուդապեշտում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի եվրոպական վարկանիշային մրցաշարը, որտեղ գործում են նույն պահանջները, ինչ ազատ ոճի ըմբշամարտում: Այսինքն, յուրաքանչյուր քաշային կարգում Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր կհատկացվի միայն եզրափակչի մասնակիցներին:
Հայաստանը, որն արդեն օլիմպիական երկու վարկանիշ ունի (77 կգ՝ Կարապետ Չալյան եւ 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան) եւ այդ քաշային կարգերում մասնակից ներկայացնել չէր կարող, մրցավայր մեկնել է չորս ըմբիշով:
Արդեն կայացել է վիճակահանությունը: 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը կմեկնարկի 1/8 եզրափակչից եւ սպասելու է նախնական փուլից հետո իր ապագա մրցակցին: 67 կգ-ում Սլավիկ Գալստյանի առաջին մրցակիցը բելառուս Ալեքսանդր Լյավոնչիկն է, 87 կգ-ում Արթուր Շահինյանը կգոտեմարտի խորվաթ Իվան Հուկլեկի, իսկ 130 կգ-ում Դավիթ Օվասապյանը կմեկնարկի ֆինն Կոնստա Մաեենպաեաեյի հետ գոտեմարտով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ