Հայ-ռուսական հարաբերությունները խորը եւ պատմական հիմք ունեն, որոնք նաեւ ռազմավարական բնույթի են: Այդ հարաբերությունները ՌԴ-ի համար կարեւոր են. այս մասին այսօր հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը`«Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական եւ վերլուծական հասարակական կազմակերպության կազմակերպած «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդիական հարցերը` մեր ժամանակի սպառնալիքների եւ մարտահրավերների հանդեպ» թեմայով կլոր սեղանի ժամանակ:
Հայ-ռուսական հարաբերությունները, դեսպանի գնահատմամբ, բարձր մակարդակի վրա են եղել անգամ անցյալ տարվա ընթացքում, երբ հայտնի պատճառներով շփումները բավական սահմանափակ էին. «Հայ-ռուսական երկխոսությունը որեւէ վայրկյան չի դադարել»:
Հայ-ռուսական հարաբերությունների համար դեսպան Կոպիրկինն անկյունաքարային է համարում 44-օրյա պատերազմի շրջանը, որը նա ողբերգական է համարում եւ Հայաստանի, եւ ՌԴ-ի համար. «Եվ այդ բարդ շրջանում ՌԴ-նն ու Հայաստանը միեւնույն է`միասին էին: Իսկ բարձր մակարդակի համագործակցության արդյունքում հաջողվեց Արցախում կանգնեցնել պատերազմը եւ շարունակել համատեղ աշխատանքը` տարածաշրջանում անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ»: Դեսպանի գնահատմամբ, պատերազմն ի ցույց դրեց հայ-ռուսական հարաբերությունների կարեւորությունը, այդ հարաբերություններում փոխվստահության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ անվտանգության գործոնի կարեւորությունը:
Կարդացեք նաև
Սերգեյ Կոպիրկինի գնահատմամբ, այժմ էլ բավական ինտենսիվ աշխատանք է գնում հայ-ռուսական հարաբերությունները`նոր որակով եւ նոր հարթություն բարձրացնելու ուղղությամբ, միաժամանակ, ՌԴ-ն մեծ ջանքեր է գործադրում Արցախում`խաղաղապահ առաքելության առումով: Պատերազմը եւ հետպատերազմյան իրողություններն, ըստ նրա, առավել ընդգծեցին հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Դեսպանն այդ անհրաժեշտությունը տեսնում է նաեւ հասարակական կառույցների մակարդակում:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ