Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռեկտորի ընտրությունից հետո դեռ շարունակվում են քննարկումները՝ այդ ընտրությունն արդար, թե անարդար էր, ու կարծես արդեն հարցը աստիճանաբար տեղափոխվում է իրավական դաշտ:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից երկուսը, այդ թվում՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանը, հրաժարվեցին հաշվիչ հանձնաժողովի անդամ լինելուց: Մամիկոնյանն իր լիազորությունները վայր դնելը պատճառաբանեց նրանով, որ հաշվիչ հանձնաժողովի անդամները սահմանված նմուշից շեղված նշումներով երկու քվեաթերթիկները վավեր էին համարել: Հայտնվելով բավականին անորոշ իրավիճակում՝ մյուս անդամները, այնուամենայնիվ, հաստատեցին քվեարկության արդյունքները՝ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր ընտրելով պրոռեկտոր Գոռ Վարդանյանին:
Սակայն մրցույթից հետո պարզ դարձավ, որ քվեարկության արդյունքների արձանագրությունը ստորագրել են հաշվիչ հանձնաժողովի ոչ թե երեք անդամ, այլ ընդամենը՝ երկու: Ըստ կանոնակարգի՝ քվեարկության արդյունքների արձանագրությունը պետք է ստորագրվեր Հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
Ռեկտորի նախկին թեկնածուներից Դավիթ Ղազարյանը, որ մասնակցել էր ընտրության առաջին փուլին, սակայն բավարար ձայներ չստանալով` դուրս էր մնացել ընտրապայքարից, իր ֆեյսբուքյան էջում կրկին անդրադարձել է ռեկտորի մրցույթին՝ միեւնույն ժամանակ գրելով, որ իր գրառումը թող ընդունվի որպես հաղորդում՝ հանցագործության մասին եւ նշել, որ կա՛մ Հաշվիչ հանձնաժողովի երկու անդամները թող իրեն դատի տան զրպարտության համար, կա՛մ էլ պետք է կրեն պատասխանատվություն:
Կարդացեք նաև
ՀԺ-ի հետ զրույցում այն հարցին, թե ինչ նկատի ունի «Պոլիտեխնիկի անփառունակ կառավարում» ասելով՝ Դավիթ Ղազարյանն այսպես պատասխանեց. «Համալսարանի այսօրվա իրավիճակն է, որը հանգեցրեց նրան, որ տեխնոլոգիական պատերազմի օրերին երկրին առաջարկելու ոչինչ չուներ Պոլիտեխնիկը: Այս տեխնոլոգիական պատերազմի պարտության ակունքները պետք է փնտրել նաեւ Պոլիտեխնիկի շարունակական վատ կառավարման մեջ: Ովքեր համալսարանն այս իրավիճակին են հասցրել, իրենք պետք է չկառավարեն պարզապես»:
Դավիթ Ղազարյանը նաեւ մանրամասնեց, որ իր կողմից ներկայացվող դատական հայցը ձեւավորման վերջնական փուլում է:
«Մենք դիմում ենք դատարան առաջին և երկրորդ փուլերի արդյունքները ընթացակարգային խախտումների պատճառով չեղարկելու պահանջով։ Միաժամանակ սպասում ենք նաեւ նախարարության պատասխանին, որն էլ կարծես սպասում է թե ինչ արձանագրություն կներկայացնի ՀԱՊՀ հոգաբարձուների խորհուրդը»,- ասաց նա:
Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: