Եվրոպայի անվտանգության եւ hամագործակցության կազմակերպության գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդենի պաշտոնական այցի օրակարգի առանցքային թեման ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն ու դրանում Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերն է։ Սա հստակ մեսիջ է, որ ՄԽ-ն չի մեռել, եւ Արցախի կարգավիճակի հարցը վճռվելու է այս ֆորմատում։
Ի՞նչ դիրքորոշում ունեն Ռուսաստանում ՄԽ-ի աշխատանքները վերաթարմացնելու կապակցությամբ․ հարցրինք ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովին։ Նա հայտարարեց․ «Բանն այն է՝ ռեսթարթը հնարավոր է միայն 2 կողմերի համաձայնության դեպքում։ Եթե չլինի Ադրբեջանի համաձայնությունը, Մինսկի խումբը չի կարողանա աշխատել։ Նրա մանդատը բաղկացած է երկու կողմերից, եւ ԵԱՀԿ-ից ինչ բարձրաստիճան անձինք էլ ժամանեն՝ Մինսկի խմբի աշխատանքն աշխուժացնելու համար, դա չի օգնի նրա աշխատանքի վերաթարմացմանը»։
Բնական է, որ այս իրավիճակում Ադրբեջանին ձեռնտու է ստեղծված ստատուս-քվոն, եւ բնական է, որ նա չի համաձայնի ՄԽ աշխատանքի վերաթարմացմանը։ Եվ ինչ՝ ՄԽ-ն պետք է ամեն ինչի հետ համաձայնի՞։ Կոլերովը կրկնեց՝ համանախագահ երկրները չունեն Բաքվի մանդատը։ «Հարցի իրավական կողմը դեռ պետք է ճշգրտել, բայց քաղաքականապես Ալիեւը մերժել է ՄԽ-ի իր մանդատը։ Ահա թե որն է ցավը։ Եվ Հայաստանը չի կարող միակողմանի կերպով վերադարձնել ՄԽ-ին ակտիվ գործողությունների»։ Ուրեմն, եթե ամեն ինչ այդքան պարզ է ու հեշտ, ինչո՞ւ էր Երեւանը նախապատերազմյան ողջ շրջանում շարունակում բանակցային գործընթացը, չէր մերժում ՄԽ մանդատը, այն ժամանակ, երբ հայկական կողմի վերահսկողության տակ էին ազատագրված տարածքները, եւ ստատուս-քվոն ձեռնտու էր իրեն։ Կար, չէ՞, գուցե տեղում դոփող, բայց բանակցային գործընթաց։ Գուցե այն պատճառով, որ միջազգային հանրությո՞ւնն էր նրան ստիպում նստել բանակցային սեղանի շուրջ։ Մեր դիտարկմանն ի պատասխան՝ Կոլերովն ասաց․ հարցն իրեն չպետք է ուղղվի, սակայն քաղաքագիտորեն բացատրեց․ «Հայաստանը ՄԽ մանդատը հետ չէր կանչում, քանի որ կարգավորման շրջանակը թույլ էր տալիս Լեռնային Ղարաբաղի անկախության ինչ-որ մի ձեւի շուրջ հույսեր ունենալ»։
Ամեն դեպքում, ո՞րն է ՌԴ-ի դիրքորոշումն այս հարցում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի։ «Ռուսաստանը ՄԽ համանախագահ երկիր է, բայց եթե Ադրբեջանը հետ է վերցրել իր մանդատը, ապա Ռուսաստանը կարող է միմիայն սպասել Ադրբեջանի պաշտոնական թույլտվությանը՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանն ունի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից խաղաղապահ առաքելություն իրականացնելու մանդատ։ Այնպես որ, ՌԴ-ին պետք չէ փնտրել լրացուցիչ մանդատներ, նա ունի այն։ Եվ այդ մանդատը Մինսկի խմբի ուժերով հաստատելու փորձն Ադրբեջանի կողմից մերժվում է։ Բայց, իհարկե, վատ չէր լինի, որ Մինսկի խումբը եւ ՄԱԿ-ը հաստատեին խաղաղապահ առաքելության մանդատը։ Այդ դեպքում դա կլիներ ոչ միայն երկկողմանի համաձայնագիր, այլեւ միջազգային գործոն։ Լավ կլիներ, որ այդպես լիներ, քանի որ ինչքան ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում կա՝ երկկողմանի համաձայնագրի մանդատով, ապա առաջին 5 տարվա ավարտին կարող է ստեղծվել իրավիճակ, որ մեր խաղաղապահներին այնտեղից խնդրեն հեռանալ։ Իսկ եթե նրանք հեռանան, ապա տեղի հայ բնակչությունն էլ է ստիպված լինելու հեռանալ»։
Կարդացեք նաև
Այսինքն, ռուսական կողմի պնդմամբ, բանակցային գործընթացը կարող է լինել միմիայն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերի ստանձնած պատավորությունների կատարման շրջանակներում եւ միմիայն ա՞յդ կետերի շուրջ։ Կոլերովը պատասխանեց․ «Ձեր խնդիրը հեշտացնելու համար պարզ ասեմ՝ քանի դեռ Ադրբեջանը մերժում է ՄԽ մանդատը, խնդիրը կարգավորման տեղափոխելու որեւէ փորձ չի հաջողվի»։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: