Ալեն Սիմոնյանը՝ քարոզարշավի, քաղաքական ուժերի հայտարարությունների մասին
Ինչպես երեկ հայտարարվեց, հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, որի հետ կապված մտավախություններ կան: Օրինակ, «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը վստահ է, որ ընտրատեղամասերում լինելու են բախումներ, Փաշինյանի եւ Քոչարյանի կողմնակիցները իրար չեն զիջելու, թեժ մթնոլորտում են անցնելու ընտրությունները:
Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը մտավախություն չունի. «Այն մարդիկ, ովքեր դուրս են եկել «Իմ քայլից» ու մտավախություններ ունեն, ես դա կապում եմ նրա հետ, որ իրենք երեւի չէին սպասում, որ այդքան կարճ կտեւի իրենց անկախ գործունեությունը: Խորհորդ եմ տալիս, որ նման բաներից իրենք չվախենան: Ո՞ւմ մեջ պետք է խնդիրներ լինեն, ԲՀԿ ներկայացուցիչը ՀՅԴ-ի ներկայացուցչի հե՞տ բախումներ կլինեն»:
Դիտարկմանը, որ կանխատեսում են, որ Քոչարյանի եւ Փաշինյանի թիմերը երկու մասի են բաժանվելու՝ Ալեն Սիմոնյանը հակադարձեց. «Քոչարյանը թիմ չունի»: Երբ հիշեցրինք Քոչարյանի խոսքերը, որ մասնակցելու է ընտրություններին ու «կրելու է»՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Քոչարյանը թիմ չունի ու ինքը սկի նախագահ եղած վախտ չի կարողացել ընտրություն կրի»:
Կարդացեք նաև
ԱԺ փոխխոսնակն ասաց, որ շատ ուրախ կլինի, եթե Քոչարյանը մասնակցի ընտրություններին, ավելին՝ շատ կուզենա, որ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ մասնակցեն. «Ահավոր շատ ուզում եմ ես դա, որ իրենք մասնակցեն, որ Հայաստանի Հանրապետությունը գնա առերեսվի իր պատմության հետ եւ ընտրություն կատարի: Մենք էլ ենք նախկին դառնալու, եթե իրենք ընտրությունները կրեն, թող մարդը գնա ու առերեսվի իր պատմության հետ ընտրատեղամասում»:
Երեկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում հայտարարեց. «Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ եւ իմ անցած կյանքով, ես ապացուցել եմ, ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը»: Այս առնչությամբ Ալեն Սիմոնյանն ասաց. «Քանի՞ պաշտոն է ինքը զիջել: Խի կարար վարչապետի պաշտոնը չզիջե՞ր, դա նշանակում էր ՀՀ ժողովրդի դեմ գնալ: Իսկ ՀՀ ժողովրդի դեմ կարա՞ր գնար: Այդ ի՞նչն է ինքը զիջել՝ վարչապետի՞ պաշտոն է զիջել նախկինում, տո՞ւնն է զիջել: Ինքը սկի տունը չկարողացավ զիջի, չէր ուզում զիջել, այդ ի՞նչ է խոսում: Բաղրամյան 26-ը նույնիսկ չզիջեց նախագահին, ինքը պաշտոն, աթոռ, շռայլություն զիջո՞ղ էր»:
Սերժ Սարգսյանը նաեւ վստահություն էր հայտնել, որ կապիտուլյանտները գնալու են ու ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն: Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կապիտուլյանտները մերժվել են արդեն եւ Հայաստանն ունի ու նորից ունենալու է ընտրված իշխանություն»:
Արդեն երկրորդ անգամ է, որ Սերժ Սարգսյանը հակաղարաբաղյան գործողություններ է որակում 2018-ի հեղափոխությունը: Նրա խոսքով՝ իրենց նկատմամբ քրգործերը, հետապնդումները «2018-ին Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել արցախյան ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը եւ մեր ազգային իղձերը»: Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այդ իրենք Ղարաբաղի հարցը լուծել էին, մենք էլ այս 3 տարվա ընթացքում հակաղարաբաղյան բան տարանք, հա՞: Իսկ ի՞նչն էր խանգարում Սերժ Սարգսյանին իր ընկեր Քոչարյանի հետ վերջին 20 տարվա ընթացքում Ղարաբաղում այնպիսի մարտավարություն անեին, որ պատերազմ չլիներ 2020-ին, կամ պատերազմ լինելու դեպքում այնպիսի վիճակում լինեինք, որ ուղղակի 10 ժամվա մեջ հետ շպրտեինք հակառակորդին: Բա ի՞նչն էր խանգարում Սերժ Սարգսյանին, որ ԱԺ ամբիոնից հայտարարում էր՝ բանակցությունները փակուղի են մտել, բա ինչի՞ էր ղարաբաղյան ամբողջ պրոցեսը այդպես տարել, որ ստիպված վարչապետ ընտրվելուց այդպիսի արտահայտություն էր անում: Հերիք է ժողովրդին փորձեն էշի տեղ դնեն, չի կարելի»:
Մեր դիտարկմանը՝ իրենք հաղթաթուղթ ունեն, Ղարաբաղ չեն տվել, հողերը չեն տվել՝ Սիմոնյանը արձագանքեց. «Իրենք ամեն ինչ արել են, որ Ղարաբաղը լինի ամենավատ վիճակում ու ամեն ինչ արել են, որ պատերազմ լինի՝ մտցնելով բանակցությունները փակուղի, ամեն ինչ արել են, որ Արցախը բանակցի 5+2 տարածք հետ տալու շուրջ եւ վերջիվերջո Սերժ Սարգսյանն է խոսք տվել, որ վերադարձնելու ենք 5+2 շրջանները: Սերժ Սարգսյանը պետք է դրա մասին խոսի եւ մտածի»:
Հարցին՝ Արթուր Վանեցյանն արդեն հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին, Քոչարյանը, ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ այլ ուժեր եւս կմասնակցեն, քաղաքական դաշտի այս ներկապնակում վստա՞հ եք, որ ունենալու եք մեծամասնություն՝ նա պատասխանեց, որ ունի վստահություն: Թե որտեղից է գալիս այդ վստահությունը, արդյոք այն հարցումների՞ց, որտեղ նաեւ մտահոգիչ թվեր կան՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այո, մտահոգիչ թվեր կան, որ մարդիկ հիասթափված են, իսկ այն, որ երկրորդ տեղը զբաղեցնող քաղաքական ուժը սկսում է 2-3%-ից, դա կմտահոգի երկրորդ, երրորդ, չորրորդ ուժին, ոչ մեզ: Ինձ մտահոգում է ՀՀ քաղաքացիների հիասթափությունը, ես եւ իմ գործընկերները փորձելու ենք հետ բերել ու դրանով հաղթել ընտրությունները»:
Հարցին՝ արդեն պատերացում ունե՞ք, թե քարոզարշավն ինչ ձեւով է ընթանալու, որովհետեւ ձեզ ասում են՝ դիպուկահարներով շրջապատված, որ վախենում եք հասարակության մեջ դուրս գալ, ո՞նց եք քարոզարշավ անելու՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ամեն մարդ իր արշինով է չափում: Մենք քարոզարշավի հետ կապված խնդիր չենք ունենալու: Ինչ վերաբերում է դիպուկահարներին, դիպուկահարները եղել են միշտ, բայց հիմա նախկին իշխանությունները դիպուկահարներ ունեն մեդիա դաշտում ու այդ մեդիա դաշտի դիպուկահարները հանկարծակի նկատել են մշտապես եղած երկրի ղեկավարին պաշտպանող դիպուկահարներին»:
Հարցին՝ կորոնավիրուսի թվերը ահագնանում են ու ձեզ մարդիկ հարց են տալիս՝ այս համավարակի պայմաններում ի՞նչ քարոզարշավ, ի՞նչ ընտրություն՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ զգույշ կլինեն. «Ընտրությունը ՀՀ անվտանգության համար ոչ պակաս բան է եւ պետք է հասկանանք, թե առաջնահերթությունները որոնք են: Ես կարծում եմ, որ առաջնահերթությունն այն է, որ մենք ՀՀ-ում կարողանանք քաղաքական դաշտը կայունացնել, որովհետեւ մեկ է, գնում են Բաղրամյանում են հավաքվում, կամ Հանրապետության հրապարակում: Հավաքներ կան: Մեր ընդդիմադիր գործընկերները սկզբում ռազմական դրությունն էին ասում հանեք, դրանից առաջ՝ արտակարգ դրությունը եւ որեւիցե մեկը չէր խոսում կորոնայի թվերի մասին: Հիմա էլ ակնհայտ է, որ քաղաքական լուրջ հարց կա լուծելու եւ պետք է զգույշ ձեւով գնանք առաջ: Մենք վերջիվերջո Արցախի ընտրությունների օրինակը ունենք: Արցախում մենք ընտրություններ արեցինք կորոնավիրուսի ամենածանր վիճակում եւ թվերի վրա այնուամենայնիվ չազդեց՝ ի հեճուկս բոլոր կանխատեսումների»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.03.2021