ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է ձեռք բերված համաձայնությունը 2021-ի հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Մեր հայրենիքին պատուհասած ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերներն ու ճգնաժամերը հաղթահարելու գործուն միջոցը համարում ենք բացառապես սահմանադրական ճանապարհով հաղթահարելու այլընտրանք չունեցող այս ընթացքը։
Միաժամանակ գտնում ենք, որ ՀՀ քաղաքացու իրական կամարտահայտման կարևորագույն նախադրյալը բարեփոխված ընտրական համակարգով ընտրությունների կայացումն է։ Միայն այս դեպքում կարելի է երաշխավորել հետընտրական քաղաքական իրականությունում քաղաքական ուժերի՝ հասարակական տրամադրություններին և համակրանքին համապատասխանող հարաբերակցության հաստատումը։ Միայն բարեփոխված ընտրական համակարգը հնարավորություն կտա քաղաքական դաշտի դերակատարներին ստանալ լեգիտիմության այն պաշարը, որի միջոցով կիրացվեն և ավարտին կհասցվեն 2018 թվականին հայ ժողովրդի արժեքային սպասումները։
Կարդացեք նաև
Քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին, մեր բոլոր ընդդիմախոսներին և պոտենցիալ գործընկերներին հորդորում ենք լծվել ստեղծարար, քաղաքական, միմյանց նկատմամբ հանդուրժող և ատելության խոսքից զերծ քարոզարշավի։
Դիմում ենք մեր ողջ ժողովրդին՝ վաղվա օրվա հանդեպ լցվել հավատով, մասնակցել քարոզարշավին և ակտիվորեն մասնակցել ընտրություններին։
Հանուն Հանրապետության կուսակցության
Ղեկավար մարմին
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է ՀՀ խորհրդարանական ուժերի՝ 2021-ի հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը, համարում ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոց և կոչ է անում քաղաքական դաշտի բոլոր կուսակցություններին բարեկրթության ու հանդուրժողականության մթնոլորտում անցկացնել քարոզարշավը, իսկ ՀՀ քաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել քվեարկությանը:
Աստված օրհնի Հայաստանը:
«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդը ողջունում է Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանական խմբակցությունների համաձայնությունը՝ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամն արտահերթ ընտրությունների միջոցով հանգուցալուծելու վերաբերյալ։
Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ միայն արտահերթ ընտրությունները թույլ կտան հաղթահարել քաղաքական ճգնաժամը, մարգինալացնել ռևանշիզմը ու նախադրյալներ ստեղծել՝ որակապես նոր իշխանության ու քաղաքական համակարգի ձևավորման համար։
Միևնույն ժամանակ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը վստահ է, որ բարձր որակի ընտրություններ, որակյալ քաղաքական համակարգ հնարավոր է կայացնել ընտրական համակարգի բարեփոխման միջոցով ու կոչ է անում խորհրդարանական ուժերին՝ մինչև ընտրական գործընթացի մեկնարկը փոփոխություններ կատարել ԸՕ-ում և հրաժարվել, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգից, որը քաղաքական կոռուպցիայի և վարչական ռեսուրսի լեգիտիմացման անթաքույց փորձ է։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է ընտրական գործընթացին և հունիսի 20-ի ընտրություններին՝ դրանց քաղաքական, ծրագրային, մրցակցային բաղադրիչներն ուժեղացնելու, նոր իշխանության ձևավորմանը մասնակցելու նպատակով։ Կուսակցության ղեկավար մարմինը սկսում է քննարկումների շարք՝ ընտրություններին մասնակցության ձևաչափը հստակեցնելու համար։