ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանաբար հրաժարական կտա ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 5-ը: Այսպիսի եզրակացություն կարելի է անել՝ ուսումնասիրելով արտահերթ ընտրություններին նախորդող իրավական գործընթացները:
Պարզաբանելով այդ գործընթացը՝ փաստաբան Նորայր Նորիկյանն ասաց. «ՀՀ սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Եթե այդ օրը վարչապետ չընտրվի, նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:
Ստացվում է, որ Ազգային ժողովը կարող է արձակվել Փաշինյանի հրաժարականից 2 շաբաթ անց: Մեջբերելով ՀՀ սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ կետը՝ Նորիկյանն ասաց, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, եւ ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո:
Ապրիլի 21-ին հրաժարական ներկայացնելու դեպքում ԱԺ-ն կարող է ցրվել մայիսի 5-ին, իսկ մայիսի 5-ին հրաժարական ներկայացնելու դեպքում՝ մայիսի 19-ին:
Կարդացեք նաև
Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում 2 անգամ ընտրություն կազմակերպելու պրոցեսը կարող է տեղի չունենալ, եթե «Իմ քայլը» խմբակցությունը որոշի ընդունել ավելի վաղ պատգամավոր Վահագն Հովակիմյանի մշակած նախագիծը, ըստ որի՝ ԱԺ-ն կարող է նաեւ ինքնալուծարվել: Հիշեցնենք, պատգամավորը հայտարարեց, որ դա ընդամենը գաղափար էր:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում