Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունները եւ «հետ-ճշմարտությունը»

Մարտ 19,2021 10:00

Արտահերթ ընտրությունների ժամկետի վերաբերյալ կարծես թե որոշակի հստակություն է մտել: Սակայն ո՞վ է այդ ընտրություններն անցկացնելու. իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերն իրար կասկածում են կեղծելու մտադրության մեջ, եւ երկու կողմն էլ դրա համար ունեն լուրջ հիմքեր:

Խոսվում է նաեւ Ընտրական օրենսգրքի անկատարությունից, եւ այդ խոսակցությունները նույնպես իմաստ ունեն:

Որ նախարարությունները, մարզպետարանները, բոլոր իրավապահներն ու ուժայինները, ինչպես նաեւ իշխանամերձ օլիգարխիան առաջիկա ընտրություններում աշխատելու են Փաշինյանի եւ նրա «ցուցակի» օգտին, դրանում ես ոչ մի կասկած չունեմ: Այդ բոլոր կառույցներն այս երեք տարում արդեն հասցրել են իրենց դրսեւորել ճիշտ նույն ձեւով, ինչպես դրսեւորվում էին նախորդ 30 տարիների ընթացքում:

Մյուս կողմից՝ ենթադրում եմ, որ ընտրությունները կեղծելու «նախահեղափոխական» մեթոդները՝ ընտրատեղամասերում տուրուդմփոց սարքելը, լցոնելը, թվեր նկարելը եւ անգամ ընտրակաշառքը լայնորեն չեն կիրառվելու:

Բայց եկեք մտածենք ավելի խորքային խնդրի մասին. 21-րդ դարի երրորդ տասնամյակում, տեղեկատվական հոսքերի այսօրվա առանձնահատկությունները հաշվի առնելով, արդյո՞ք ընտրությունները իշխանություն ձեւավորելու նույնքան արդյունավետ մեխանիզմ են, որքան, ասենք, 30-50 տարի առաջ: Մոտավորապես 5-6 տարի առաջ Արեւմուտքում լայն տարածում է գտել  post-truth («հետ-ճշմարտություն») հասկացությունը: Դա մի իրավիճակ է, երբ մարդկանց ներքին համոզմունքները, նրանց էմոցիաներն ավելի կարեւոր են, քան փաստերը: Դրան հատկապես նպաստում է այն հանգամանքը, որ ժամանակակից մարդիկ տեղեկատվական «ճնշման» տակ են օրը 24 ժամ: Առաջվա պես չի՝ թերթը կարդացիր, գնացիր գործի, եկար տուն, կես ժամ լուրեր նայեցիր եւ անցար հանգստի զանազան ձեւերի: Այսօր կայքերն ու սոցցանցերը մեզ «հետապնդում» են միշտ եւ ամենուր:

Այս պայմաններում իսկապես այն վիճակն է, երբ «սուտը հասցնում է անցնել աշխարհի կեսը, երբ ճշմարտությունը նոր է հագնում իր տաբատը» (ասույթը վերագրում են տարբեր մարդկանց՝ Մարկ Տվենից մինչեւ Ուինսթոն Չերչիլ): Այսօր գիտականորեն ապացուցված է, որ «ֆեյք» լուրը սոցցանցերում շրջանառվում է 6 անգամ ավելի արագ, քան ճիշտ տեղեկությունը:

Օրինակներն ամեն քայլափոխին են: «Բրեքզիթի» քարոզիչները համոզել էին բրիտանացիների մեծ մասին, որ ԵՄ-ում մնալն իրենց երկրի վրա նստում է շաբաթական 350 միլիոն ֆունտ: (Համեմատեք՝ 1988-ին Ազատության հրապարակի հարթակից բազմիցս հնչել է, որ «Նաիրիտն» աշխատեցնելով մենք հարստացնում ենք Մոսկվային»): Չնայած մասնագետները եւ պատասխանատուները պարբերաբար փաստաթղթեր էին հրապարակում, համաձայն որոնց այդ «350 միլիոնը» հորինված է եւ իրական թիվն առնվազն 10 անգամ փոքր է, բրիտանացի «Պողոսները» (կամ գուցե տվյալ դեպքում՝ «Փոլերը») հրաժարվում էին հավատալ փորձագետներին: Դոնալդ Թրամփը «հետ-ճշմարտություն» տարածելու անգերազանցելի վարպետ է: Նա պնդում էր, որ Բարաք Օբաման ԱՄՆ-ում չէր ծնվել եւ մահմեդական է, որ կորոնավիրուսը բուժվում է ուլտրամանուշակագույն ճառագայթներով, որ գլոբալ տաքացումը հնարել են չինացիները՝ ամերիկյան արդյունաբերությունը «վարի տալու» համար: Իսկ ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը երկար ժամանակ նրան համարում էր իրենց երկրի ամենաճշմարտախոս քաղաքական գործիչը:

Այսքանից հետո եկեք եւս մեկ անգամ մտածենք՝ ի՞նչ է մեր ժամանակներում նշանակում «կեղծել ընտրությունները», երբ հասարակական կարծիքն արդեն իսկ կեղծված է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    ատի ըսաւ՝ “եկէք պայմանաւորուենք՝ ինչ էլ պատահի մենք մեզ պարտուած չենք ճանաչի”. հիմա դուք ալ, թէեւ վստահ եմ ոչ նոյն ստորին մղումներով եւ դեռեւս անգիտակցօրէն՝ հող կը պատրաստէք կեղծիքներ ընդունելու “պարտութեան”։ աւելի ճիշդ եւ դիւրին չէ՞ մերժել ընտրութիւններու առաջարկը, պահանջել որ ձախողածները հեռանան քաղաքակրթօրէն առանց նախապայմանի, եւ յետոյ մտահոգուիլ ընտրութիւններով եւ թէ ով պիտի կազմակերպէ զանոնք։

  2. Armen says:

    Իմ համոզմամբ, անցած 30 տարիների ընթացքում, ընդհուպ մինչև մեր օրեր, կատարվածի առողջ և օբյեկտիվ ուսումնասիրության կարիք կա, որը պետք է անի անկախ, անբիծ անցյալ ունեցող, հայրենիք հասկացությունը գերարժեքավորող փորձագետների խումբ: Այսօրվա իրականությունում նման մարդկանց գտնելը հեշտ գործ չի լինի, բայց հնարավոր է: Սա կօգնի ջոկելու թացը՝ չորից, կեղծիքը՝ ճշմարտությունից, ճիշտը՝ սխալից և մեծ ազդեցություն կունենա մեր ապագայի հարցում կողմնորոշվելուն, որը իհարկե ամենակարևոր հանգամանքն է…

  3. Լավատես says:

    Մենք էլի կեղծ օրակարգեր ենք հնարում, վեդոմին երբեք ինքնագլուխ ոչ ճիշտ է գործում եւ ոչ էլ սխալ, նրա ամեն մի քայլը վեդուշչին է որոշում: Ոչ նախկինները եւ ոչ էլ ներկաները դրանցից եւ ոչ մեկը վեդուշչի չի, իսկ մենք էդ վեդոմիներից ինչ որ բան ենք պահանջում: Եթե նրանք ինքնագլուխ գործեին, նրանք կգային համաձայնության, որ երկուսն էլ մեղավոր են ժողովրդի ազգի առջեւ եւ հանուն արդարության ու իրենց խղճի իրենք ինքնաբացարկ կհայտարարեին հաջորդ ընտրություններին, բայց քանի որ ինքնուրույն չեն գործում, իրենց այդ ոչհայ էությունը զռռում է: Ազգը նրանց էշությունները կներեր, եթե նրանք այլեւս քաղաքական ու պետական պաշտոններ չզբաղեցնեին, քանի որ ժողովրդի մեղքն էլ է մեծ’ քաղհասարակության քաղաքական ինֆանտիլիզմը նույնքան մեղք է, ինչ ռազմադաշտում զենք կիրառել չիմանալը: Իսկ դրա պատճառն էլ մեր մտավորականությունն է, որը քաղաքականությունը կեղտոտ բան էր համարում, փոխանակ նրանք Կառավարությունը գրավեին’ զիջեցին այդ բարձր մակարդակի պաշտոնները մանր մարդկանց, որոնց էլ չես մեղադրի’ … ինչ գիտի նուշն ինչ է:
    Բայց մեր ազգը երբ ինքն իրեն վերագտնի, էլ կարիք չի ունենա որեւէ մեկին ապացուցել, թե ինքն ինչքան լավն է, այդ ժամանակ էլ ազգովին կգործենք ինքնուրույն եւ մեր ճակատագրի տերը կլինենք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031