Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը՝ Օհանավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Մարտ 19,2021 12:30

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (նաեւ անվանվում է անապատ) գտնվում է Օհանավան գյուղի արեւելյան մասում, Հովհաննավանքից հյուսիս, Քասախի կիրճում, գետի աջ բարձրադիր ժայռալեզվակի վրա: Եկեղեցին փոքր, արտաքինից ուղղանկյուն հատակագծով միանավ թաղածածկ շինություն է, մուտքը՝ արեւմուտքից: Ներքուստ, արեւելյան մասում կիսաշրջան խորանն է, փոքր բեմով, որից մի քանի քարեր էին պահպանվել: Սրահը լուսավորվում է արեւմտյան, հարավային եւ արեւելյան ճակատներում բացված լուսանցքներով: Հյուսիսային պատին ներքուստ մկրտարանն է: Կառուցված է մոխրագույն սրբատաշ տուֆից, կրաշաղախով:

Ըստ ավանդության, եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի կողմից, երբ նա Արագածից իջել է Քասախի կիրճը ճգնելու համար: Այդ պատճառով էլ այն երբեմն անվանվել է «Սուրբ Անապատ հրեշտակաբնակ»: Սակայն եկեղեցու արեւմտյան ճակատի ու մուտքի բարավորին փորագրված շինարարական արձանագրությունը (12 տող) վկայում է, որ կառուցվել է 1311թ. Ասնավոր մականունով Աստվածատուր քահանայի կողմից. «Շինեցի զեկեղեցիս ի վերայ վեմիս՝ ի հալալ ընչից իմոց՝ յանուն սրբոյն Գրիգորի Լուսաւորիչն»:
Ասնավոր քահանայի շինարարական լայն գործունեության մասին է վկայում Աշտարակի Կարմրավոր եկեղեցու պարսպի հարավային մուտքի կամարակալի 1324թ. արձանագրությունը, որտեղ նշված է իր եւ կողակցի՝ Ղուտալչաքի կողմից պարսպի կառուցման, ավելի ստույգ վերաշինման մասին: Նրանք հիշատակվում են նաեւ Աշտարակի Սբ. Մարինե եկեղեցու հարավային պատի ավանդատան արձանագրությունում, որպես նվիրատուներ: Անապատի արձանագրությունից երեւում է, որ Ասնավոր քահանան «բազում աշխատութեամբ» տեղում կառուցել է տնտեսական շինություններ, տնկել այգիներ՝ ի հիշատակ իր ծնողների եւ եղբոր:
Ի տարբերություն այլ միակերպ ճգնարանների, այս անապատը Քասախի կիրճում ունեցել է արոտավայր, հավանաբար նաեւ անասնահոտեր եւ դրանց պահպանության համար հատուկ շինական, ինչի մասին տեղեկացվում է նրա արձանագրության մեջ: Ըստ էության, անապատը որոշակի գործունեություն է ծավալել Հովհաննավանքի միաբանության տնտեսական միջոցների հայթայթման գործում, որի մասին պարզորոշ նշում է Սիմեոն Երեւանցին «Ջամբռում»:

Եկեղեցու կառուցումից շատ չանցած՝ 1317թ. այստեղ գործել է գրիչ Սարկավագ Մոնոզոնը (Մոնոզոն նշանակում է մենակյաց ճգնավոր, կուսակրոն աբեղա), որը Հովհաննավանքի առաջնորդ Ներսես Մամիկոնյանի պատվերով ընդօրինակել է «Շնորհալու թղթերը» եւ այդ ձեռագիրը նվիրվել է անապատին:

Անապատը գործել է դեռեւս 1724թ., երբ այստեղ է այցելել Աբրահամ Կրետացին եւ դարավերջին լքվել է: Այն մեծ վնասներ է կրել 1679, 1827, 1840 եւ 1918 թթ. երկրաշարժերից: Նրա ծածկը քանդվել էր 1827թ. երկրաշարժից եւ պատերը ստացել էին վտանգավոր ճաքեր, իսկ շրջակա բնակելի ու տնտեսական շինությունները լցվել էին փլատակներով: Եկեղեցին ներկայումս վերանորոգված է:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
18.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031