Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի պատվի հարցն ու Ալիեւի ճարպիկ «կոնստրուկտիվիզմը»

Մարտ 19,2021 12:00

Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ «կառուցողական» ձեւաչափն՝ ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի

 

Ինչպես հետ մղել ԵԱՀԿ ՄԽ-ին

Օրերս Ադրբեջան, ապա` Հայաստան ժամանեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն: Երկու երկրներում էլ իշխանությունների հետ հանդիպումներում նա քննարկել է ղարաբաղյան խնդիրը: Մինչ Հայաստան եւ Ադրբեջան այցելելը՝ հունվարի վերջին, Անն Լինդեն ԼՂ խնդրի շուրջ հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Պետդեպարտամենտը հաղորդեց, որ կողմերը՝ ի թիվս այլ հարցերի, քննարկել են, թե ինչպես ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը` օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին հասնել հակամարտության տեւական եւ կայուն կարգավորման:

Առաջին կանգառը Բաքվում էր, որտեղ նա առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, իսկ վերջինս, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցության վերականգնումը կարող է ելակետ դառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն ամբողջությամբ անցյալում թողնելու համար: «Մենք արդեն սկսել ենք բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցության բացման վերաբերյալ: Սա նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մի մասն է: Բանակցությունների մի քանի փուլեր տարբեր մակարդակներում արդեն կայացել են: Կարծում եմ, որ հենց այս հարցը կարող է ելակետ դառնալ պատերազմի էջն ամբողջությամբ թերթելու եւ այն պատմության մեջ թողնելու համար», – ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի, ասել է Ալիեւը: Ապա` Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ հաղորդակցության բացումը կօգնի ողջ տարածաշրջանին, դինամիկա կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանը եւ նոր հնարավորություններ կբացի. «Դա կարող է հանգեցնել հնարավոր համագործակցության շատ ոլորտներում: Ես արդեն բացահայտ ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան»: Ըստ Ալիեւի՝ պատերազմից հետո չորս ամիսները «ցույց են տալիս երկու կողմերի կամքը՝ փակելու այս էջը եւ ուշադրությունն ուղղելու ապագային»:

Այլ կերպ ասած՝ Ալիեւն ամբողջությամբ արգելափակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավոր գործունեությունը, որը նրա համար նշանակում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումների ծավալում: Ու հատկանշականն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության արգելափակման հարցում նա մատնանշում է Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման գործընթացում տարվող բանակցությունները, այսինքն՝ ինչ-որ առումով, Հայաստանի այդ քայլն օգնում է Բաքվին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին էլ ավելի հետ մղելու հարցում: Ալիեւն ասել կուզի՝ եթե Ադրբեջանը Հայաստանի հետ փաստաթուղթ է ստորագրել, հիմա էլ բանակցություններ է վարում կոմունիկացիաների բացման հարցով՝ էլ ի՞նչ իմաստ ունեն բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության ձեւաչափում:

«Կոնստրուկտիվ մթնոլորտ»՝ ըստ Մոսկվայի

Նկատենք, որ անցյալ շաբաթ մինչ Հայաստանում քննարկում էին Ադրբեջանում մեկնարկող զորավարժությունները եւ դրանցում տեսնում սպառնալիք, պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ քննարկումներ է ունեցել Բաքվի եւ Երեւանի հետ: Կրեմլը հաղորդեց, որ մարտի 11-ին եւ 12-ին Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ: Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն` հեռախոսազրույցներում քննարկվել են եռակողմ համաձայնագրի իրագործման գործնական ասպեկտները, եւ արձանագրվել է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ իրավիճակը տարածաշրջանում մնում է կայուն եւ հանգիստ: Նաեւ նշված է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը բարձր են գնահատել ռուսական խաղաղապահների գործունեությունը Լաչինի միջանցքի երկայնքում: Բացի այդ, Կրեմլը հայտնում է, որ Բաքվի եւ Երեւանի հետ քննարկել է նաեւ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցեր:

Իր հերթին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ամենշաբաթյա ճեպազրույցում արձանագրեց կոնստրուկտիվ մոտեցում երկու կողմից: Ճեպազրույցում հայ լրագրողը խնդրել էր մեկնաբանել Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ «Զանգեզուրն ադրբեջանական տարածք է», եւ որ «պատմական ադրբեջանական տարածքում պետք է ստեղծեն միջանցք դեպի Նախիջեւան»: «Չե՞ք կարծում այսօր, որ Ալիեւի հայտարարությունը միջազգային նորմերի կոպիտ խախտում է եւ ոտնձգություն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ, եւ արդյոք միջանցքի մասին հայտարարությունը չի՞ հակասում եռակողմ համաձայնագրին», – հարցրել էր հայ լրագրողը: Ի պատասխան՝ Մարիա Զախարովան նշել էր. «Կապված այն թեմային, որ Դուք բարձրաձայնեցիք, մենք եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արձանագրում ենք ընդհանուր առմամբ կոնստրուկտիվ մոտեցում թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերից»: Նա հավելել էր, թե Մոսկվան ակնկալում է, որ նման դրական մոտեցում եւ փոխընդունելի մոտեցումները գտնելուն ուղղված հայտարարություն մեծամասամբ կհնչեն նաեւ պաշտոնական մեկնաբանություններում եւ մամուլում:

Մոսկվան շարունակում է, այսպիսով, արձանագրել հետպատերազմյան փուլում «կոնստրուկտիվ մթնոլորտը», եւ ակնհայտորեն անտեսում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու միտումը: Ինչ վերաբերում է Ադրբեջանում մարտի 15-19-ը ընթացող զորավարժություններին, ապա Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պնդել է, թե դրանք տարածաշրջանային կայունության համար վտանգ չեն ներկայացնում. «Հարավային Կովկասի բոլոր պետությունները կանոնավոր կերպով զորավարժություններ են անցկացնում: Համապատասխան տեղեկատվությունը նախապես հաղորդվում է շահագրգիռ կողմերին: Մեր տեղեկություններով՝ այդ զորավարժությունները պլանային բնույթ են կրում, ուղղված են զորքերի մարտական պատրաստվածության կատարելագործմանն ու տարածաշրջանում կայունության եւ անվտանգության համար ռիսկեր չեն ստեղծում»:

Կային տեղեկություններ, որ առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան, սակայն այդ այցի վերաբերյալ դեռեւս հստակ տեղեկություններ չկան: Վերջերս «Ազատությանը» տված հարցազրույցում ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարը նշել էր, թե համանախագահների առաջնային խնդիրներից է այսօր ոչ միայն կողմերին մեկ սեղանի շուրջ նստեցնելը, այլեւ Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությունը:

Փետրվարի կեսերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հիշեցնենք, տեսակապի միջոցով հեռակա հանդիպում էին ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, ընդ որում, բանակցությունները կրկին կայացել են առանձին-առանձին ձեւաչափով:

Ըստ միջնորդների տարածած հաղորդագրության, համանախագահները նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին «երկար ու բովանդակային մտքեր են փոխանակել՝ տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդական գործընթացի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դերակատարության վերաբերյալ»: Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն, Արա Այվազյանն առանձնահատուկ ընդգծել է ռազմագերիների եւ պատանդների անհապաղ վերադարձի հրամայականը՝ «շեշտելով այդ հարցում Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի անընդունելիությունը»: Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունների շուրջ, Այվազյանն էլ կրկին պնդել է, որ «ուժի կիրառման հետեւանքները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում»: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն էլ՝ «Ջեյհուն Բայրամովը միջնորդների հետ քննարկել է տարածաշրջանի ներկայիս իրադրությունը, այդ թվում` նոյեմբերի 10-ի եւ հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների կատարումը: Ընդգծվել է վստահության վերականգնման եւ խաղաղ համակեցության կարեւորությունը` տարածաշրջանի տեւական խաղաղությանը հասնելու համար»:

Նոյեմբերի 10-ի փաստաթուղթը՝ Պուտինի վարկանիշի հարց

Այսպիսով, պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը հետեւյալն է՝ ԼՂ-ի կարգավիճակի շուրջ պետք է բանակցել, բայց հետո: Բայց Ռուսաստանի իշխանությունները նախագահի, ԱԳ նախարարի մակարդակով Թուրքիայի հետ ավելի հաճախ են քննարկում ԼՂ խնդիրը: Արդեն իսկ տպավորություն է, որ ԼՂ խնդրով ամենաակտիվ զբաղվող կողմերը Ռուսաստանն ու Թուրքիան են, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբին չի հաջողվում անգամ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին հրավիրված մամլո ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշեց, որ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ որեւէ շփում չի ունեցել: Այս պայմաններում պաշտոնական Մոսկվան արձանագրում է, թե «Երեւանն ու Բաքուն կառուցողական են տրամադրված», մինչդեռ Ալիեւը Հայաստանի նկատմամբ է արդեն տարածքային հավակնություններ ի ցույց դնում, իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ին հղած հատուկ նամակում հայկական կողմին մեղադրում է նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ: Սա՞ է «կառուցողական» մթնոլորտը:

Կրեմլը, վստահաբար, նկատի ունի Բաքվի ու Երեւանի «կառուցողական տրամադրվածությունը Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ»։ Այսինքն, ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում, որովհետեւ, եթե գործի՝ պետք է քննարկի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ինչպես պնդում է պաշտոնական Երեւանը, այդ իսկ պատճառով Մոսկվան նախընտրում է եռակողմ ձեւաչափում աշխատանքային քննարկումները կոմունիկացիոն հարցերում, որոնցով նախատեսվում է տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Այստեղ, փաստորեն, ըստ ռուսական կողմի՝ լիակատար «կառուցողական» մթնոլորտ է:

Իհարկե, հստակ է, որ նոյեմբերի 10-ի ընդունված եռակողմ հայտարարությունը Ռուսաստանի եւ անձամբ Պուտինի համար վարկանիշի հարց է, այն էլ՝ աշխարհաքաղաքական նշանակության, եւ Մոսկվան ամեն ինչ անելու է, որպեսզի Պուտինի միջնորդությամբ պատերազմում կնքված զինադադարն ու հետագա պայմանավորվածությունները պահպանվեն: Սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ դա բավական բարդ է լինելու, առնվազն ու Թուրքիան ու Ադրբեջանը ռուս խաղաղապահների ներկայությանը Լեռնային Ղարաբաղում ուղղակի դեմ են:

Ուշագրավ էր, թե վերջերս ինչ ենթատեքստով ռուսական միջնորդությանն անդրադարձավ Ռուսաստանի ԱԳ նախարարը: «Նրանց (Արեւմուտքը) ուկրաինական ռեժիմը պետք է միայն մեկ բանի համար` անընդհատ Ռուսաստանին նյարդայնացնելու եւ ռուսատյաց քաղաքականության նոր պատճառներ փնտրելու համար: Նրանք ցանկանում են ամեն կերպ թուլացնել այն ամենը, ինչ կա մեր շուրջը՝ Բելառուսը, Կենտրոնական Ասիան եւ այժմ Անդրկովկասը, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդության հաջող առաքելությունից հետո հանկարծ նրանք բոլորը տագնապեցին՝ այդ ինչպես էր հնարավոր առանց իրենց: Այժմ նրանք փորձում են թափանցել այս տարածաշրջան եւ մեծացնել իրենց ակտիվությունն այդտեղ»,- ասել էր Լավրովը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 18.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031