ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:
Առաջարկվում է առանցքային փոփոխությունների ենթարկել տուգանքի ինստիտուտը: Ամրագրվել է տուգանքի հաշվարկման նոր կարգ: Որպես տուգանքի հաշվարկման հիմք ընդունվում է անձի ամսական եկամուտը, որը կազմում է հանցանքն ավարտվելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում անձի կողմից ստացած միջին ամսական եկամուտի 35 տոկոսը:
Առաջարկվում է պետական համակարգը չծանրաբեռնել լրացուցիչ նոր օղակներով եւ սահմանել, որ պետական միջոցների հաշվին յուրաքանչյուր տարի պետության կողմից կարող են իրականացվել հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցմանն ուղղված սոցիալական ծրագրեր: Կատարելագործվել են հանցավոր ծագում ունեցող գույքի, հանցագործության գործիքի, միջոցի կամ առարկայի բռնագրավման ինստիտուտին առնչվող դրույթները: Բռնագրավման ենթակա գույքի չափը չի կարող պակաս լինել ընդհանուր կարգով բռնագրավման ենթակա գույքի արժեքի 75 տոկոսից:
Նախագիծը նախատեսում է ներդնել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտ, պատիժների համակարգ:
Կարդացեք նաև
«Նախագծում նախապատվություն է տրված քրեական պատասխանատվությանը, բայց կարգավորումները կատարելագործվել եւ հնարավորինս ընտրվել են այն տրամաբանությամբ, որ հանցավորության դեմ պայքարը եւ տնտեսության զարգացումն ու խթանումը հավասարակշռվեն, չբացառեն միմյանց»,-ընդգծեց նախարարը:
Կատարելագործվել է պատժից ազատելու ինստիտուտը, մասնավորապես, պատիժը պայմանականորեն չկիրառելը, վերանայվել է պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը:
Պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հարակից զեկույցում առաջարկեց կողմ քվեարկել:
Նախագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:
ՀՀ Ազգային ժողով