ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում տեղի ունեցավ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի կիրարկման հետօրենսդրական մոնիթորինգի վերաբերյալ զեկույցի քննարկում:
Ըստ զեկույցի՝ Սեւանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման հաստատված նախագծի եւ դրա փոփոխության, ջրհավաք ավազանի կառավարման պլանի նախագծի եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման պլանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առկա են բազմաթիվ անհամապատասխանություններ եւ բացեր:
Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի քաղաքականության մոնիթորինգի փորձագետ Այսեր Ղազարյանի ներկայացմամբ՝ ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների եւ էկոլոգիական աղետների գոտիները սահմանում է ՀՀ կառավարությունը` ելնելով առաջացած իրավիճակի տեւողությունից, կայունությունից, ռեսուրսի ինքնավերականգնման ունակությունից: Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են որոշակի խնդիրներ միջազգային հանձնառությունների, ոլորտային քաղաքականության նպատակների եւ ոլորտային օրենսդրության հետ: Բացի այդ, առկա են զգալի բացեր «Սեւանա լճի մասին» օրենքի ենթաօրենսդրական դաշտում: «Սեւանա լճի մասին» օրենքի առանցքային եւ հիմնական նպատակներից մեկը Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքների, ռազմավարության ամրագրումն է: Ուսումնասիրելով հավաքագրված տեղեկատվությունն ու գնահատելով էկոլոգիական, սոցիալական եւ տնտեսական ազդեցությունների արդյունքները՝ ակնհայտ է դարձել, որ առկա են նաեւ օրենքի կիրարկման լուրջ խնդիրներ:
Հետազոտությունների, մոնիթորինգի արդյունքում առաջարկվել է վերանայել Սեւանա լճի էկոհամակարգին վերաբերող օրենսդրությունը՝ համահունչ միջազգային առանցքային կոնվենցիաների ներքո առաջարկվող մոտեցումներին: Առաջարկվել է նաեւ մշակել եւ հաստատել «Կենսաբազմազանության մասին» օրենքի նախագիծ, ինչպես նաեւ հիմնել կենսաբազմազանության ազգային մոնիթորինգի համակարգ: Այն թույլ կտա արդյունավետ գնահատել էկոհամակարգերի վիճակը, ազդեցության եւ արձագանքման ցուցիչները:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահի առաջարկով թեմայի վերաբերյալ առաջիկայում կկազմակերպվի աշխատանքային քննարկում:
ՀՀ Ազգային ժողով