«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է 2020թ. հունիսի 20-ին նախատեսվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ դիտարկելով այն քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու, որակապես նոր քաղաքական միջավայր ձևավորելու միջոց, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական զարգացմանը միտված հնարավորություն։
Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ մեր երկրին անհրաժեշտ է քաղաքական համակարգի ամբողջական ու ինստիտուցիոնալ վերափոխում։
Մեկ անգամ ևս հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին ճակատագրական այս պահին դրսևորել խոհեմություն, իրավիճակի սթափ վերլուծություն՝ Հայաստանը զերծ պահելով քաղաքական կատակլիզմներից։
Գործող «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի առանցքը կազմում է քողարկված մեծամասնական համակարգը, որը յուրովի պատուհան է կասկածելի հեղինակություն, քրեածին հակումներ, ֆինանսական ահռելի ռեսուրսներ տիրապետող շրջանակների համար, որոնց գործադրման միջոցով հնարավոր է փորձ արվի ազդել ընտրությունների վերջնական ելքի վրա:
Կարդացեք նաև
Հետևաբար, գտնում ենք, որ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը պետք է փոփոխվի, ընտրական գրավը պետք է նվազեցվի և բոլոր քաղաքական ուժերի համար պետք է ստեղծվեն իրապես հավասար մրցակցային պայմաններ։
«Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ իշխանություններն անձամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պարտավոր են հրապարակավ երաշխավորել ու ապահովել ազատ, արդար և օրինական ընտրությունների կազմակերպումը։
Միաժամանակ իրավապահ համակարգն ամբողջությամբ պարտավոր է ձեռնարկել օրինական բոլոր միջոցները՝ ցանկացած ընտրակեղծարարության, ընտրակաշառքի և անօրինական այլ միջոցների դեմ արդյունավետ պայքարելու համար՝ դրսևորելով զրո հանդուրժողականություն։
Հույս ենք հայտնում և կանենք մեզանից առավելագույնը նախընտրական շրջանում համընդհանուր հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու, ապագային միտված ծրագրային բանավեճ կազմակերպելու և արդար Հայաստան կառուցելու շուրջ համազգային կոնսենսուս ձևավորելու համար։
Մենք շանս ունենք փոխել մեր պետության որակը՝ ստեղծելով իրապես ուժեղ, բարեկեցիկ ու արդար Հայաստան։
Վճռականորեն շարժվում ենք առաջ՝ ակտիվորեն նախապատրաստվելով ընտրություններին։
«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ