Ինչպես այսօր հայտարարվեց՝ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, որի հետ կապված մտավախություններ կան: Օրինակ, «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը վստահ է, որ ընտրատեղամասերում լինելու են բախումներ, Փաշինյանի եւ Քոչարյանի կողմնակիցները իրար չեն զիջելու, թեժ մթնոլորտում են անցնելու ընտրությունները:
Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը մտավախություն չունի. «Այն մարդիկ, ովքեր դուրս են եկել«Իմ քայլից» ու մտավախություններ ունեն, ես դա կապում եմ նրա հետ, որ իրենք երեւի չէին սպասում, որ այդքան կարճ կտեւի իրենց անկախ գործունեությունը: Խորհուրդ եմ տալիս, որ նման բաներից իրենք չվախենան: Ո՞ւմ մեջ պետք է խնդիրներ լինեն, ԲՀԿ ներկայացուցիչը ՀՅԴ-ի ներկայացուցչի հե՞տ բախումներ կլինեն»: Դիտարկմանը, որ կանխատեսում են, որ Քոչարյանի եւ Փաշինյանի թիմերը երկու մասի են բաժանվելու՝ Ալեն Սիմոնյանը հակադարձեց. «Քոչարյանը թիմ չունի»: Երբ հիշեցրինք Քոչարյանի խոսքերը, որ մասնակցելու է ընտրություններին ու «կրելու է»՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Քոչարյանը թիմ չունի, ու ինքը սկի նախագահ եղած վախտ չի կարողացել ընտրություն կրի»:
ԱԺ փոխխոսնակն ասաց, որ շատ ուրախ կլինի, եթե Քոչարյանը մասնակցի ընտրություններին, ավելին՝ շատ կուզենա, որ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ մասնակցեն. «Ահավոր շատ ուզում եմ ես դա, որ իրենք մասնակցեն, որ Հայաստանի հանրապետությունը գնա առերեսվի իր պատմության հետ եւ ընտրություն կատարի: Մենք էլ ենք նախկին դառնալու, եթե իրենք ընտրությունները կրեն, թող մարդը գնա ու առերեսվի իր պատմության հետ ընտրատեղամասում»:
Իսկ Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին Ալեն Սիմոնյանի արձագանքը, քարոզարշավի անցկացման վերաբերյալ մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ