Կոմաբիոն Իտալիայի Վարեզե շրջանում գտնվող մի փոքրիկ ավան է, որը հանդես է գալիս մի մեծ նախաձեռնությամբ: «Ավանը խոսում է երկրից» նախաձեռնության առաջին շարքը նվիրված է Հայաստանին, որի նպատակն է նպաստել հայ մշակույթի ճանաչելիությանն ու տարածմանը Հայաստանի սահմաններից դուրս և միտված է հայկական մշակույթը, պատմությունն ու ավանդույթները իտալախոս հանրությանը ներկայացնելուն:
Ծրագիրն իրականացվում է Կոմաբիո համայնքի նախաձեռնությամբ, ինչպես նաև Իտալիայի հայերի միության և Հայ մշակույթի ուսումնասիրության ու վավերագրումի կենտրոնի հովանու ներքո՝ սերտորեն համագործակցելով Մխիթարյան միաբանության հետ:
Նախագծի հեղինակներից է Շուշան Մարտիրոսյանը, ով լինելով տուրիզմի ոլորտի մասնագետ, Հայաստանին նվիրված միջոցառումների մի մեծ շարք է իրականացրել Իտալիայում՝ համագործակցելով իտալացի ընկերների ու գործընկերների հետ: Պատմելով նախաձեռնության մասին՝ նա նշում է, որ առաջարկը եղել է 2019 թ.-ին Ջուզի Տունիչիի կողմից, որին ընդառաջել է նաև Կոմաբիոյի քաղաքապետ տիկին Մարինա Պաոլա Ռովելլին՝ իտալիացիների համար հայ մշակույթի բազում ճյուղերի հետ բավականին լայնածավալ ծանոթության հնարավորություն ստեղծելով:
Շուշանի գնահատմամբ այս նախագիծը «ամոքիչ բալասան է մեզ՝ հայերիս համար, քանի որ կամավոր ու անշահախնդիր ձևով մեզ միացած բոլոր անհատների, ասոցիացիաների, մշակութային ու թատերական խմբերի ներգրավվածությունը պարզապես անսպառ սիրո արտահայտություն է: Ինքս, ի մեծ ուրախություն ինձ, հանդիսացա կամուրջ ու 15 տարիների իմ աշխատանքի բերումով ճանաչած իտալացիներին կարողացա մեկտեղել իրենց համար սիրելի թեմայի՝ Հայաստանի ու հայկականության շուրջ: Շնորհակալ եմ Տիեզերքին այս սիրո արտահայտման հնարավորության համար»:
Կարդացեք նաև
Ծրագիրը տեղի կունենա մարտի 5-ից 23-ը, որի շրջանակներում դասախոսություններով հանդես կգան «Արտույտների ագարակը» գրքի հեղինակ Անտոնիա Արսլանը, Վենետիկի համալսարանի դասախոս, հայագետ Ալդո Ֆերրարին, փիլիսոփա Շվոն Նաշ Մարշալը, ճարտարապետ Արա Զարյանը, լրագրող Սիմոնե Ձոպելարոն, Հայագիտության միջազգային ասոցիացիայի անդամ Մարկո Ռուֆիլին և մի շարք այլ մասնագետներ: Հանդիպումներ կլինեն նաև Իտալիահի հայ համայնքի նախագահ, հայագետ Պայքար Սվազլյանի, Իտալիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պիետրո Քուչուկյանի, ինչպես նաև Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ: Հայաստանում պատմամշակութային վիրտուալ էքսկուրսիա կանցկացնեն Հայաստանի մասին ճամփորդական ուղեցույցի հեղինակ Նադիա Պասկալը և տուրիզմի մասնագետ Շուշան Մարտիրոսյանը:
Օնլյան հարթակում իրականացվող այս հանդիպումների ընթացքում անդրադարձ կկատարվի Հայաստանի պատմությանը, ներկա սոցիալ-քաղաքական իրավիճակին, մշակութային ժառանգությանը, ինչպես նաև ավանդույթներին և սովորույթներին:
Նախաձեռնության շրջանակներում սպասվում են նաև վիրտուալ տիրույթից դուրս հանդիպումներ, այդ թվում լուսանկարչական ցուցահանդեսներ և համերգներ: Ծրագիրը կամփոփվի մայիսի 23-ին կլոր սեղանի շուրջ:
Անի Վարդանյան