Լևոն Արմենակի Ավետիսյանն այսօր կդառնար 31 տարեկան: Եռաբլուրում նրա հարազատները, զինվորականներ, իր ծառայակից ընկերները Արցախի Հանրապետությունից, իր գնդի զինծառայողները հարգանքի տուրք մատուցեցին Լևոն Ավետիսյանի հիշատակին:
Լևոն Ավետիսյանը ծնվել է Էջմիածին քաղաքում: Aravot.am-ի հետ զրույցում նրա մորաքրոջ աղջիկը՝ Նելլի Մուրադյանը, պատմեց՝ եղբայրը ութ տարի ծառայել է Արցախի Հանրապետությունում՝ հինգ տարի Հադրութում, հետո երեք տարի եղել է Ջեբրայիլի (Ջրական) զորամասի գնդի հետախուզության պետը: Այնուհետև տեղափոխվել է Երևանի N զորամաս ծառայության: Երեք ամիս ծառայել է այս զորամասում:
Լեւոնը 2020 թվականի սեպտեմբերի 26-ին էր ամուսնացել, սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց: Լևոնի մորաքրոջ աղջկա խոսքերով՝ «Եղբայրս հարսանիքից հետո հինգ օր մնաց տանը, հետո արդեն գնաց կռվի դաշտ»:
Կարդացեք նաև
Լևոն Ավետիսյանը հետախույզ էր, վարժ տիրապետում էր թուրքերենին ու կատարում էր հատուկ առաջադրանքներ։
Մայոր Լևոն Արմենակի Ավետիսյանը զոհվել է հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ Հադրութի շրջանում, մարտական առաջադրանք կատարելիս: Քույրը պատմեց. «Պատերազմի ընթացքում ամեն օր բոլորս շփվել ենք իր հետ: Զանգում, մեզ տեղեկացնում էր՝ ամեն ինչ լավ է: Նույնիսկ իր զոհվելու օրն առավոտյան զանգահարել էր, մայրիկի ու կնոջ հետ է խոսել, ասել՝ ամեն ինչ լավ է: Այդ նույն օրը ԱԹՍ-ի հարվածից եղբայրս զոհվել է»:
Մայոր Ավետիսյանի զոհվելու լուրը հայտնել է մարտական ընկերը. զանգել է Լևոնի մորաքրոջ աղջկան՝ Նելլիին:
Նելլին եղբոր մարդկային կերպարի մասին խոսելիս բառեր չգտավ նրան նկարագրելու, ասաց՝ ուղղակի անթերի անձնավորություն էր: Լևոն Ավետիսյանին հարազատներն ու ընկերները բնորոշում են որպես բարեսիրտ, խիզախ, կատակասեր, ասում են՝ ինչքան դրական բառեր կան, նրա մասին են:
Նելլի Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց՝ որպես զինվորական խիստ էր ու պահանջկոտ, բայց միևնույն ժամանակ իր զինվորների կողմից շատ սիրված:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները և տեսանյութը տրամադրել է Լևոն Ավետիսյանի մորաքրոջ աղջիկը՝ Նելլի Ավետիսյանը: