Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մարտի 18-ին կայացած ասուլիսում խոսել է նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության օրինականության եւ Հայաստանում իշխող մեծամասնության պատասխանատվության աստիճանի մասին:
«Եռակողմ հայտարարության տակ դրված Ռուսաստանի եւ Ադրբեջանի ստորագրություններն օրինական են: Օրինական չէ միայն հայկական կողմի ստորագրությունը, որովհետեւ այդպիսի հայտարարությունն ունի միջազգային պայմանագրի ուժ: Մեր օրենքով միջազգային պայմանագիրը պետք է անցնի Սահմանադրական դատարանով եւ պառլամենտով: Ռուսաստանն էլ, Ադրբեջանն էլ դա արել են: Անցել է չորս ամիս, եւ այդ ձեւական թվացող գործն էլ չի արվում: Սա է խնդիրը, որ տեսնում եմ ես: Ներկա իշխանությունների կողմից ինչ արվում է, արվում է ամբողջովին արհամարհելով Հայաստանի օրենսդրությունը՝ սկսած Սահմանադրությունից: Հետեւաբար, դատելով միայն արդյունքներով, այս իշխանությունը իրականացնում է թուրք-ադրբեջանական նշմարված ծրագրերը: Ես խոսում եմ միայն արդյունքների մասին, որովհետեւ չունեմ այլ տվյալներ այլ խողովակներից»,- ասաց տիկին Ալավերդյանը:
Նա նաեւ նկատեց. «Երբ ես պահանջում եմ, որպեսզի քաղաքացի Փաշինյան Նիկոլի հանդեպ վերջապես մեր գլխավոր դատախազությունը իրապես սկսի գործընթաց, ես խոսում եմ հօգուտ այդ նույն քաղաքացի Փաշինյան Նիկոլի: Որովհետեւ մինչեւ կասկածները չփարատվեն, արդյունքներն այլ ձեւով չբացատրվեն, նշանակում է՝ մեղավորությունն ամբողջովին ընկնում է այս իշխանությունների վրա: Եվ վերջապես, երբ բոլորը պահանջում են Նիկոլի հրաժարականը, ես միշտ ասում եմ՝ այսօր մենք ունենք կառավարություն, որի անդամները քաղաքական պաշտոնական անձինք են, եւ ԱԺ-ում իշխող մեծամասնությունն իրենց սխալ գործողություններով կամ անգործությամբ եւս դառնում են մեզ համար դարի հանցագործության հանցակիցներ: Մենք այսօր հայտնվել ենք այլ ազգի ազգային շահերի իրականացման դաշտում», -ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ