Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ստացվում է, որ մեր պառլամենտական մեծամասնությունը եւ գործադիր իշխանությունը լռելյայն համաձայն են ադրբեջանական հանցագործությունների հետ»

Մարտ 18,2021 18:22

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, այսօր անդրադառնալով ստեղծված հետպատերազմական իրավիճակին եւ Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների խնդրին, նախ ասաց, որ այն, ինչ անում է Ադրբեջանը, հանցագործություն է, որը կոչվում է միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում:

Ապա հավելեց. «Բայց ես չեմ տեսել, որ մեր դիվանագիտությունը, նաեւ պառլամենտական դիվանագիտությունը այդ հարցը որեւէ հարթակում դարձնի քաղաքական օրակարգի հարց եւ այն հասցնի ինչ-որ հանգրվան: Ավելին, այն ամենը, ինչ ցեղասպանական ագրեսիայի ժամանակ կատարվել է Ադրբեջանի կողմից, գնահատական չի ստացել Հայաստանի Ազգային ժողովում: Հնարավոր չէ արտերկրում որեւէ բանի հասնել, եթե քո երկրում դու չես տվել գնահատականը, որը առանձին-առանձին դեպքերում արդեն տալիս են այլ պետություններում որոշ ուժեր»:

Տիկին Ալավերդյանը նաեւ նշեց. «Հայաստանի ՄԻՊ-ը Ադրբեջանի կատարածը բնութագրել է որպես մարդասիրության դեմ հանցագործություններ: Իսկ մեր ԱԺ-ն չի ընդունել որեւէ որոշում, որը կորակի այդ հանցագործությունները՝ ռազմական հանցագործություն, խաղաղության դեմ հանցագործություն, մարդկության դեմ՝ ցեղասպանական, հանցագործություն եւ մարդասիրության դեմ դաժան վերաբերմունք: Այսինքն, չորս տիպի միջազգային հանցագործությունների մասին մենք չունենք ԱԺ որոշում: Այս պարագայում մենք ի՞նչ ենք պահանջում այլ երկրներից կամ կազմակերպություններից: Իմ տեսանկյունով դա նշանակում է, որ մեր պառլամենտական մեծամասնությունը եւ գործադիր իշխանությունը լռելյայն համաձայն են այդ հանցագործությունների հետ: Դա կոչվում է անգործությամբ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում: Այսինքն, հանցակից են դառնում նաեւ բոլոր այն հանցագործություններին, որոնք մենք տեսել ենք պատերազմից հետո: Դա Կանաչ եկեղեցու ամբողջովին տապալումն է, բոլոր այն գործողություններն են, որ հանձնվել են տարածքներ, երբ այնտեղ դեռ կռվող զինվոր կար: Մենք դրանով ենք այսօր մի ահավոր վիճակի մեջ»:

«Ես կարծում եմ, որ պետք է ամբողջական գործընթացով նախաքննություն, հետաքննություն եւ դատավարություն իրականացվի: Ինչո՞ւ: Որովհետեւ նոյեմբերի 9-10-ին այդ չարաբաստիկ թուղթը ստորագրելիս դեռ ոչ մի զինվոր, ոչ մի ջոկատ չգիտեր, որ վայրը, որտեղ ինքը գտնվում է, հանձնվելու է: Այստեղ է գալիս այն պահը, որ այս իշխանությունը ամբողջովին հեղինակազրկված է հենց այդ եռակողմ հայտարարության կողմերի առջեւ: Հեղինակազրկված կողմը մինչեւ անգամ չի կարողանում առաջադրել այն խնդիրները, որոնք դրված են հենց այդ եռակողմ հայտարարության մեջ»,-ասաց տիկին Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031