25.02.2021 թ.-ին մի խումբ պատգամավորների կողմից շրջանառության մեջ են դրվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենսդրական ակտերում, դատավարական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում են մի շարք խնդրահարույց դրույթներ, որոնց անդրադառնում ենք ստորև։
1/ Դատական սանկցիայի նոր տեսակի նախատեսումը
Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է գործող օրենքի 50-րդ հոդվածում կատարել լրացում՝ որպես դատական սանկցիայի նոր տեսակ նախատեսելով որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը: Ըստ այդմ, որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը անձի կողմից իր դատավարական իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում դատարանի որոշմամբ դրանց իրականացման պայմանների սահմանումն է:
Ընդունելով հանդերձ, որ դատավարական իրավունքների չարաշահման դեպքեր գործնականում բացառված չեն և իրականության մեջ տեղ ունեն, ինչի հետևանքով կարող են էականորեն տուժել դատավարության մյուս մասնակիցների օրինական շահերն ու իրավունքները, հատկապես ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, այնուամենայնիվ, առաջարկվող սահմանափակման կիրառման չափազանց լայն շրջանակը խնդրահարույց է և պարունակում է գործնականում դատավարական իրավունքների անհամաչափ և չարդարացված սահմանափակման ռիսկեր:
Կարդացեք նաև
Նախագծի փաթեթում ներառված ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի 3-րդ հոդվածներով առաջարկվում է սահմանափակման ենթակա իրավունքների շարքում ներառել միջնորդություն հարուցելու, բացարկ հայտնելու, ապացույցներ ներկայացնելու, վարույթի նյութերին ծանոթանալու, բացման խոսքով, եզրափակիչ ելույթով կամ եզրափակիչ հայտարարությամբ հանդես գալու, քրեական դատավարության օրենսգրքի մասով՝ նաև պաշտպանից հրաժարվելու և պաշտպանի լիազորությունները դադարեցնելու իրավունքները:
Այս շարքից հատկապես խնդրահարույց են հետևյալ իրավունքների սահմանափակումները.
Միջնորդություններ հարուցելը: Եթե առաջարկվող կարգավորումը մեկնաբանենք տառացի, ապա ստացվում է, որ դատաքննության ընթացքում մի քանի՝ նույնիսկ տարբեր առարկա և հիմք ունեցող միջնորդությունների ներկայացումը հնարավոր է դիտել որպես այդ դատավարական իրավունքի պարբերաբար օգտագործում/չարաշահում: Սա ուղղակի չեզոքացնում է քրեական դատավարության հիմնարար սկզբունքները, և գործնականում այս դրույթի կիրառումը հանգեցնելու է արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումների:
Առաջարկում ենք այս դրույթը հանել նախագծից:
Բացարկ հայտնելը: Կրկին արդարացված և համաչափ չենք համարում արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ այս իրավունքի սահմանափակումը այսչափ լայն հնարավորությամբ:
Առաջարկում ենք սահմանափակել սահմանափակման կիրառման հնարավորությունն այն դեպքերի շրջանակով, երբ բացարկի միջնորդությունները ներկայացվում են առերևույթ արհեստական հիմքերի ստեղծմամբ:
Ապացույց ներկայացնելու իրավունքի սահմանափակումը։ Սա համարում ենք առավել չարդարացված և վտանգավոր, եթե պայմանավորված չէ կոնկրետ դատավարական փուլերով, իսկ այս առումով կարգավորումներ համապատասխան օրենսգրքերում արդեն առկա են: Հատկանշական է, որ ինչպես և մյուս իրավունքների դեպքում չկա որևէ որոշակիացում, օրինակ՝ կապված ապացույցների ոչ վերաբերելիության հետ (նույնիսկ այս պարագայում կարգավորումը կլիներ խիստ խնդրահարույց՝ հաշվի առնելով այն, որ ապացույցների վերաբերելիության ռեալ գնահատումը շատ դեպքերում հնարավոր չէ այն գործին կցելու կողմի դիմումի հիմնավորումների շրջանակում, այլ հնարավոր է այն հետազոտելուց հետո):
Առաջարկում ենք այս դրույթն առհասարակ հանել նախագծից:
Դատավարական օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի 3-րդ հոդվածներով առաջարկվող մեկ այլ կարգավորում, համաձայն որի՝ որոշակի իրավունքների սահմանափակումը կարող է կիրառվել նաև նույն անձի մի քանի պաշտպանների, լիազորված ներկայացուցիչների կամ փաստաբանների ներկայանալու դեպքում և, ըստ այդմ, կարող է սահմանափակվել դատավարական գործողությանը բոլոր ներկայացուցիչների մասնակցելու հնարավորությունը, առհասարակ չի բխում դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսված սահմանափակումների տրամաբանությունից և շրջանակից:
Այլ կերպ ասած՝ Դատական օրենսգրքի փոփոխություններով նախատեսվող սահմանափակումը վերաբերում է բացառապես որոշ իրավունքներից պարբերաբար օգտվելու միջոցով այդ իրավունքների չարաշահումներին:
Առաջարկում ենք այս դրույթը ևս հանել նախագծից:
2/ Գործերի բաշխման հատուկ մեխանիզմը
Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվում է օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 18.1-18.6-րդ կետերով: Ըստ այդմ, ԲԴԽ-ն ստանում է լիազորություն առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը և դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով և ելնելով արդարադատության շահերից, իրավասու դատարանի համապատասխան մասնագիտացման (ենթամասնագիտացման) դատավորների կազմից ընտրել այդ գործերի քննության համար վիճակահանության մասնակից դատավորների՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից նախկինում նմանատիպ գործեր քննած լինելու հանգամանքը եւ այդ ընթացքում դատական նիստի բնականոն ընթացքը ապահովելու դրսևորած հմտությունները: Ավելին, ԲԴԽ-ն ստանում է լիազորություն՝ վերցնելու վերը նշված չափանիշներին համապատասխանող գործը այն դատավորներից, որոնք դրսևորել են նման գործեր քննելու իրենց մոտ անհրաժեշտ հմտությունների բացակայությունը:
Այս կարգավորումը չափազանց մեծ և ակնհայտ ռիսկեր է պարունակում հատկապես զգայուն, հանրային հետաքրքրություն ներկայացնող, կոռուպցիոն բնույթի և/կամ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ գործերով դատավորների ընտրության գործընթացի օբյեկտիվության հետ կապված: Ի վերջո դատավորների միջև գործերի բաշխման ավտոմատացված համակարգի ներդրումը միտված է եղել վերը նշված ռիսկերի կանխարգելմանը, և նույնիսկ դրա գործարկման ընթացքում հարցեր և մեծ կասկածներ են առաջացել մարդկային միջամտությունների հնարավորության տեսանկյունից: Առաջարկվող կարգավորումը կրկնապատկում է առկա ռիսկերն ու որևէ իրավական արդարացում, մեր կարծիքով, չունի:
Այսպես, նախ և առաջ բավարար չափով պարզ չէ՝ ինչ է ենթադրում առանձնակի բարդություն ունեցող քրեական գործ եզրը: Եթե խոսքը նյութական իրավունքի տեսանկյունից բարդություն ներկայացնող գործերի մասին է (օրինակ՝ առանձնապես ծանր մեղադրանքների գործեր կամ բազմաթիվ հանցակիցների կամ բազմադրվագ ծանր հանցագործությունների վերաբերյալ գործեր), ապա գտնում ենք, որ այս չափորոշիչը որևէ կերպ չի կարող դրվել այդ գործերի քննության համար առանձին դատավորների ընտրության հիմքում, որովհետև գործում է այն կանխավարկածը, որ բոլոր դատավորները, նշանակվելով պաշտոնում, բավարար չափով ձեռնհաս են իրենց մասնագիտացման ցանկացած քրեական գործ քննելու համար: Այլ բան է, եթե գործնականում այնուամենայնիվ արձանագրվում են դեպքեր, երբ դատավորի ձեռնհասութունը ողջամտորեն հնարավոր է դրվել կասկածի տակ, սակայն դա այլ խնդիր է և ունի այլ լուծումներ․ կանխավարկածն այն է, որ նման դատավորները չեն էլ կարող պաշտոնավարել: Եթե խոսքը դատական գործերը քննելու գործնական հմտությունների մասին է, ապա, կրկին, գործնական հմտությունները դատավորների թեկնածուների հավակնորդների ընտրության շրջանակում քննության առարկա են, իսկ եթե դրանց ոչ բավարարությունը հանգեցնում է դատավարության մասնակիցների իրավունքների խախտմանը, ապա գործում են դատավորների կարգապահական պատասխանատվության և վերապատրաստման մեխանիզմները:
Հարկ է նկատել, որ գործերի բարդությամբ պայմանավորված դատական կազմերի ընտրության խնդրահարույց լինելու հանգամանքը արձանագրվել է նաև միջազգային կառույցների կողմից: Առավել խնդրահարույց է գնահատվում գործն ընթացքից մեկ դատավորից մեկ այլ դատավորի վարույթ տեղափոխելը:
Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք նախագծից հանել 4-րդ հոդվածի՝ վերը նշված կարգավորումները:
3/ Դատավորների կարգապահական պատասխանատվության նոր հիմքերը
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է լրացնել դատավորի՝ էական համարվող կարգապահական խախտումների շրջանակը:
Որպես այդպիսին նախատեսվում է համարել նաև դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված այն խախտումները, որոնք հանգեցրել են.
ա. արդարադատության շահի կոպիտ ոտնահարման՝ առաջացնելով անդառնալի հետեւանքներ.
բ. կասկածյալի, ﬔղադրյալի, ամբաստանյալի կամ դատապարտյալի՝ քրեական վարույթից կամ քրեական պատասխանատվությունից խուսափելուն:
Գտնում ենք, որ արդարադատության շահի կոպիտ ոտնահարում հասկացությունը բավականին լայն է և անորոշ, ունի հստակեցման, որոշակիացման կարիք:
ԵԽ Վենետիկի հանձնաժողովը բազմիցս արձանագրել է, որ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող վարքագիծը պետք է սահմանվի բավարար հստակությամբ, որպեսզի անձը կարողանա կանխատեսել իր գործողությունների հետևանքները: Կարգապահական պատասխանատվության հիմքերի առավել հստակ և մանրամասն նկարագրությունը նպաստում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում հայեցողության և սուբյեկտիվիզմի սահմանափակմանը:
Ինչ վերաբերում է կասկածյալի, ﬔղադրյալի, ամբաստանյալի կամ դատապարտյալի՝ քրեական վարույթից կամ քրեական պատասխանատվությունից խուսափելուն, ապա գտնում ենք, որ առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է և մեծ հավանականությամբ անմիջական ազդեցություն կունենա քրեական գործեր և հատկապես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող դատավորների անկախության և անաչառության վրա: Վիճակագրությունը փաստում է, որ ՀՀ-ում չափազանց ցածր է թե՛ արդարացման դատավճիռների, թե՛ կալանավորման միջնորդությունները մերժելու մասին դատական ակտերի թիվը տոկոսային հարաբերակցությամբ: Նախատեսվող կարգավորման ընդունումը կհանգեցնի դատարանների է՛լ ավելի մեծ կաշկանդվածության, ինչի պայմաններում սովորաբար հօգուտ մեղադրյալի կամ ամբաստանյալի մեկնաբանման ենթակա կասկածները (թե՛ ըստ էության գործով, թե՛ անձի կալանավորման հիմքերի բավարարության կապակցությամբ) կսկսեն մեկնաբանվել հօգուտ դատավորի՝ կարգապահական պատասխանատվությունից ապահովագրվելու երաշխիքների:
Նույն հիմնավորմամբ համարում ենք, որ նախատեսվող կարգավորումը դատապարտյալների մասով վտանգում է նաև վերջիններիս վաղաժամկետ ազատ արձակման առանց այդ էլ չկայացած ինստիտուտի զարգացման հեռանկարը:
Առաջարկում ենք հանել նշված կարգավորումը նախագծից:
Ավելին, արձանագրենք, որ քննարկվող նախագծով չի վերականգնվել կարգապահական խախտման ակնհայտության չափանիշը, որն առկա է եղել ՀՀ դատական օրենսգրքում մինչև 25.03.2020թ.-ի փոփոխությունների և լրացումների կատարումը: Նշված չափանիշի վերացումը ի սկզբանե չի բխել իրավական որոշակիության և կարգապահական պատասխանատվության կանխատեսելիության ապահովման նպատակներից՝ հանգեցնելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում հայեցողական լիազորությունների ընդլայնմանը: ԵԽ Վենետիկի հանձնաժողովը 2019թ. հոկտեմբերին ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ կարծիքով ևս անդրադարձել է այս հարցին՝ նշելով, որ «կոպիտ անփութության» ներառումը բավարար չէ՝ նպատակահարմար գտնելով նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման ակնհայտ լինելու չափանիշի սահմանումը: Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ միայն այն սխալները, որոնք ակնհայտ են ցանկացած իրավաբանի համար կարող են պատժելի լինել կարգապահական սանկցիայով:
Առաջարկում ենք նախագծով սահմանել կարգապահական խախտման ակնհայտության չափանիշը:
4/ ԲԴԽ-ի կողմից անհատական դիմումների քննության ընդունումը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ առաջարկվում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, արդարադատության նախարարից և Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք ունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք, և պահպանված են սահմանված ժամկետները: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը ինքնին առիթ է լինելու հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար:
Նախագծով սահմանվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ներկայացվող դիմումի նախնական ուսումնասիրության ընթացակարգ ԲԴԽ-ում, իսկ դիմումն ընդունվում է քննության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգային որոշմամբ, եթե դիմումն ակնհայտ անհիմն չէ, կամ առկա չեն սույն օրենսգրքի 156-րդ հոդվածով նախատեսված դիմումի քննությունը մերժելու այլ հիմքեր:
Օրենսգրքի 156-րդ հոդվածն իր հերթին հղում է կատարում Դատական օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքերին, որոնցում, ի թիվս այլ դրույթների, ներառված է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առերևույթ բացակայությունը (ինչը կարգապահական վարույթ հարուցող մարմնի համար կարգապահական վարույթ չհարուցելու հիմք է):
Վերոգրյալ, ինչպես նաև Նախագծում ներառված այլ կարգավորումներից ուղղակիորեն բխում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դիմումի նախնական ուսումնասիրության ընթացակարգը, ըստ էության, բովանդակային առումով ԲԴԽ-ի կողմից կարգապահական վարույթի հարուցման հարցի լուծման ընթացակարգն է: Մինչդեռ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումն ու նրա նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը մեկ մարմնի կողմից խիստ խնդրահարույց է միջազգային չափանիշների տեսանկյունից: Այսպես, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կողմից խնդրահարույց է դիտարկվել մի քանի լիազորությունների՝ վարույթ հարուցելու և որոշում կայացնելու միավորումը մեկ մարմնի ձեռքում:
Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Օleksandr Volkov v. Ukraine (Application no. 21722/11) գործով կայացված վճռով արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում նաև այն հիմքով, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած մարմնի նույն անդամները այնուհետև մասնակցել են դատավորի նկատմամբ վերջնական որոշման կայացման գործընթացին, ինչը հարուցել է վերջիններիս անկողմնակալության վերաբերյալ օբյեկտիվ կասկած:
Ամբողջությամբ կիսելով առաջարկված լրացման հիմքում դրված հիմնավորումները՝ վարույթ հարուցելու մերժումների ոչ պատճառաբանված և ոչ հրապարակային լինելու վերաբերյալ, այնուամենայնիվ, գտնում ենք, որ նախագծով սահմանված լուծումը խնդրահարույց է միջազգային չափանիշների տեսանկյունից:
Որպես խնդրի լուծում առաջարկվում է երկու հնարավոր կարգավորում
1. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի բոլոր որոշումների (այդ թվում՝ արձանագրային) հրապարակման պահանջի նախատեսում՝ դրանք պատճառաբանված լինելու պարտադիր պայմանի սահմանմամբ: Միևնույն ժամանակ դատավորի հեղինակության պաշտպանությունը ապահովելու նպատակով կարող են սահմանվել հատուկ միջոցներ. օրինակ՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում՝ դատավորի և այլ անձանց անուն-ազգանունների տվյալների չներառում:
2. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից անհատական դիմումների հիման վրա դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման կայացման համար անհրաժեշտ ձայների թվաքանակի վերանայում՝ առնվազն մեկ կամ երկու անդամի կողմ քվեարկությունը դիտարկելով որպես վարույթի հարուցման նախապայման:
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ