Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ 10 հազար քաշաթաղցի այսօր բնակարանային ապահովման խնդիր ունի. Զոհրաբ Ըռքոյան

Մարտ 18,2021 17:47

Մոտ 10 հազար քաշաթաղցի այսօր բնակարանային ապահովման խնդիր ունի: ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբում գրանցված է 3-4 հազար քաշաթաղցի ընտանիք: Նրանք տեղահանվել եւ ունեզրկվել 44-օրյա պատերազմի հետեւանքով:

Այսօր, «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում Քաշաթաղի վարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանն ասաց, որ տեղահանված քաշաթաղցիների մեծ մասը վերադարձել են ՀՀ-ում գտնվող իրենց նախկին բնակավայրեր: Նա հիշեց, որ ժամանակին Քաշաթաղում վերաբնակություն հաստատած մեր հայրենակիցներից շատերը խանդավառությամբ են ընդունել ազատագրված շրջանում վերաբնակվելու հրավերը, շատերը նույնիսկ Հայաստանում վաճառել են իրենց բնակարանները եւ վերաբնակվել Քաշաթաղում: Քաշաթաղում վերաբնակվածների մի մասն էլ աղետի գոտու անօթեւան բնակիչներն էին: Հիմա այդ ընտանիքները հայտնվել են անօթեւանների կարգավիճակում:

«Քաշաթաղցիները նաեւ իրենց ունեցվածքը, որոշ դեպքերում՝ անգամ փաստաթղթերը, դուրս բերելու ժամանակ չունեցան: Վերջին տարիներին Քաշաթաղում մեծ շինարարություն էր իրականացվել: Կառուցվել էին ճանապարհներ, դպրոցներ, առանձնատներ, բարելավվել էին բնակարանային պայմանները, վերանորոգվել եկեղեցիներ եւ այլն»,- ասաց բանախոսը`հավելելով, որ Քաշաթաղի շրջանն ուներ շուրջ 20 հազար հեկտար վարելահող, 3 հազար հա պտղատու այգի, ավելի քան 10 հազար խոշոր եղջերավոր անասնագլխաքանակ, մեծաքանակ գյուղտեխնիկա: Քաշաթաղցիների գույքային կորուստների մասին հստակ տվյալներ դեռ չկան:

Զոհրաբ Ըռքոյանը տեղեկացրեց նաեւ, որ շատ քաշաթաղցի ընտանիքներ առայժմ բնակվում են հասարակական նշանակության օբյեկտներում, շատ տեղերում բացակայում են անգամ կենցաղային նվազագույն պայմանները:

«Նրանց հրատապ խնդիրներին հնարավորին լուծումներ տրվում են, սակայն դրանք համակարգված բնույթ չեն կրում: Կան ընտանիքներ, որոնք փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով առայժմ չեն կարողացել օգտվել ֆինանսական աջակցության ծրագրերից: Շատ քաշաթաղցիներ դեռ չեն ստացել կոմունալ վճարների և բնակվարձերի փոխհատուցման ծրագրով նախատեսված գումարները: Պետական օղակների համակարգված մոտեցում է պահանջում նաև վիրավորների և զոհվածների ընտանիքների ֆինանսական աջակցության հարցը»,- հայտնեց Ըռքոյանը:

Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանն էլ հավելեց, որ ազատագրված Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանում նաեւ ապրում էին Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականներ. «Ընդհանուր առմամբ առնվազն 30 հազար 500 հայ փախստականներ էին բնակվում այդ շրջաններում: Անցած տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով նախանշվել էր՝ փախստականների վերադարձ ԼՂԻՄ եւ հարակից շրջաններ: Մինչդեռ՝ Քաշաթաղի եւ Քարվաճառի բնակչությունը տեղահանվեց՝ նույնիսկ իր ունեցվածքը դուրս բերելու հնարավորություն չունենալով»: Մարիամ Ավագյանը գտնում է, որ փախստականների վերադարձի խնդիրների լուծման ու Ադրբեջանին հանձնված տարածքներում հայկական պատմամշակութային կոթողների պաշտպանության գործում, անելիքներ ունի նաեւ ՌԴ-ն՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031