Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտահերթ ընտրությունները գոյություն չունեցող իշխանության պահպանման միջոց են»․Արթուր Համբարձումյան

Մարտ 18,2021 17:32

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օրը։ Նա նշել էր․ «Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Aravot.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր (այժմ արդեն նախկին անդամ) Արթուր Համբարձումյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք արտահերթ ընտրությունները ներքաղաքական իրավիճակից դուրս գալու լավագույն ելքն է, ինչպես կարծում է Նիկոլ Փաշինյանը։

«Արտահերթ ընտրությունների անցկացման մասին սկսեցին խոսել, երբ դեռ բունկերներում էին թաքնվում, իսկ մի մասն էլ փախած էր: Հետագայում, բունկերներից դուրս գալուց, որոշակի վախեր հաղթահարելուց հետո մոռացան արտահերթ ընտրությունների մասին: Ասում էին, որ ժողովուրդն այլևս չի պահանջում, կարծես թե նախկինում պահանջում էր։ Փետրվարի 25-ի հայտնի իրադարձություններից հետո նորից առաջ քաշեցին արտահերթ ընտրությունների գաղափարը, իսկ այսօր, երբ հրապարակվեց դատական վճիռը, որով ապօրինի է ճանաչվում Օնիկ Գասպարյանի՝ աշխատանքից ազատման վերաբերյալ որոշումը, ժամեր անց վարչապետը հայտարարեց արտահերթ ընտրության անցկացման արդեն օրվա մասին: Այսինքն, արտահերթ ընտրություններն այս իշխանությունների համար ոչ թե քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու ճանապարհ է, այլ գոյություն չունեցող և միայն իրենց հիվանդագին ուղեղներում գոյություն ունեցող իշխանության պահպանման միջոց են»,- ասաց Արթուր Համբարձումյանը:

Հիշեցմանը, թե Aravot.am-ին տված հարցազրույցներից մեկում կարծիք էիք հայտնել, որ ամոթ է այս պահին քարոզարշավ անցկացնելը, քանի որ Հայաստանը վերածվել է մի մեծ մեռելատան, մեր զրուցակիցն ասաց․ «Այո՛, դուք իրավացի եք, դա իմ ձևակերպումն է: Ես ասել եմ ու պնդում եմ, որ համատարած ողբերգության, սգի, հասարակության ծայրաստիճան պառակտվածության պայմաններում չի կարելի անցկացնել արտահերթ համապետական ընտրություններ»:

Իսկ ի՞նչ սպասել ընտրություններից, ի՞նչ արդյունքներ։

«Եթե, այնուամենայնիվ, վարչապետը չազատեց իր զբաղեցրած պաշտոնը մինչև հունիս ամիս, եթե, այնուամենայնիվ, վարչապետը  չչեղարկեց իր որոշումը, ապա միանշանակ նա փորձելու է կեղծել ընտրությունների արդյունքները: Ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ այս մարդու թույլտվությամբ արդեն մեկ անգամ կեղծվել են ներկուսակցական փրայմերիզ արդյունքները, որ այս մարդն արդեն կեղծել է իր ինքնակենսագրությունը, երկու տարի անդադար ստել է ու փորձել է պղծել ամեն ինչ»,-պատասխանեց նա:

Մեր ճշտող հարցին՝ կարծո՞ւմ եք՝ կօգտագործվե՞ն վարչական ռեսուրսներ, այս ձևով կվերարտադրվի՞ իշխանությունը, իշխանավորները պնդում են, որ ժողովրդի մեծ մասը իրենց վստահում է, դեռ մեծ վստահություն կա իրենց նկատմամբ, Արթուր Համբարձումյանը պատասխանեց․ «Հայաստանում իշխանություն չկա: Հայաստանում անիշխանություն է, հետևապես գոյություն չունեցող իշխանությունը չի կարող ունենալ կամ չունենալ վստահություն»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031