Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միջնորդվեց վերացնել Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը

Մարտ 18,2021 17:08

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստում այսօր մեղադրյալներից գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի եւ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վերջիններիս մահվան հանգամանքով պայմանավորված։ Հիշեցնենք, որ Կարապետյանը եւ Գալստյանը մահացել  են կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդությունների պատճառով։

Դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, միջնորդությունը բավարարեց։ Ապա Սերժ Սարգսյանի շահերի պաշտպանները ներկայացրին Սարգսյանի գույքի վրա նախաքննական մարմնի կողմից դրված կալանքը վերացնելու մասին միջնորդություն։ Նրանք հիշեցրին, որ քննիչի որոշմամբ կալանք է դրվել Սերժ Սարգսյանի՝ ավելի քան 489 միլիոն դրամի չափով շարժական եւ անշարժ գույքի, ֆինանսական միջոցների վրա։ Ընդ որում, նրանց մեջբերմամբ, պատճառաբանվել է, թե Սերժ Սարգսյանը նախկինում զբաղեցրել է բարձր պաշտոններ, ունի կենսափորձ եւ կապեր, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ նա կարող է թաքցնել, օտարել կամ սպառել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը։

Պաշտպանների խոսքով՝ Սերժ Սարգսյանի գույքի եւ հաշիվների վրա կալանք դնելու մասին քննիչի որոշումը հիմնավորված եւ պատճառաբանված չէ, եւ այդպիսով ոտնահարվել են սեփականությունը տնօրինելու կոնվենցիոն եւ սահմանադրական երաշխիքները։ Միջնորդության որոշումը դատարանը կհրապարակի վաղը, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 15-ին։

Հիշեցնենք՝ մեկ տարի առաջ դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031