Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական օրենսգրքի և մյուս օրենսգրքերի փոփոխությունների նախագծերի փաթեթն անթույլատրելի է և խիստ վտանգավոր. փաստաբանների պալատ

Մարտ 18,2021 16:51

Տեղեկացնում ենք, որ շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծային փաթեթով ի թիվս այլոց նախատեսվում են հետևյալ փոփոխությունները՝

Ա. Առաջարկվում է դատական սանկցիաների մեջ ավելացնել «որոշակի դատավարական իրավունքների սահմանափակումը» սանկցիան և այն կիրառել նաև փաստաբանների նկատմամբ.

Բ. Առաջարկվում է սահմանել բարձրագույն դատական խորհրդի լիազորություն գործը մեկ դատավորից վերցնելու և մեկ այլ դատավորին փոխանցելու հարցում.

Գ. Առաջարկվում է սահմանել պետական տուրք՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ դիմումներ ներկայացնելու համար:

ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ ներկայացված նախագծերի փաթեթը անթույլատրելի է և խիստ վտանգավոր, ուղղված է դատական պաշտպանության իրավունքի սահմանափակմանը, իրավական պաշտպանության իրավունքի ոտնահարմանը, անկախ դատական համակարգի վերացմանը և այլ հակասահմանադրական և հակաժողովրդավարական նպատակների իրագործմանը:

Մասնավորապես,

Բացակայում է նախագծի ընդունման պատշաճ հիմնավորումը: Որպես հիմնավորում է ներկայացված մեկ նախադասություն, որով ըստ էության նշված է, որ Նախագծային փաթեթի նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը …: Այս մեկ նախադասությունը կրում է խիստ հռչակագրային բնույթ, չի պարունակում որևէ վերլուծություն, որևէ վիճակագրական տվյալ, որևէ երկրի օրինակ և այլն: Անգամ նախագծի հեղինակները չեն նշել, թե մասնավորապես ինչպես կարող են առաջարկվող փոփոխությունները ազդել գործերի դատական քննության արդյունավետության վրա, կամ դրանց չկատարումը որքանով է դարձնում անարդյունավետ գործերի դատական քննությունը:

Ըստ էության դատարանին հնարավորություն է տրվում սահմանափակել փաստաբանների ելույթ ունենալու, միջնորդություն ներկայացնելու և անգամ ապացույց ներկայացնելու իրավունքը, որպիսի պարագայում փաստաբանը չի ունենալու իրավական օգնություն տրամադրելու օբյեկտիվ հնարավորություն, ինչի արդյունքում նրա մասնակցությունը դատական գործընթացներին կրելու է ձևական բնույթ, իսկ քաղաքացիներն էլ զրկվելու են իրենց սահմանադրական հիմնարար իրավունքից:

Նշված փոփոխությունը Բարձրագույն դատական խորհրդին վերածում է դատական համակարգի վերադաս՝ 4-րդ ատյանի՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով իշխանությունների տարանջատման և անկախ դատական համակարգ ունենալու և, վերջապես, արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելքի սահմանադրաիրավական պահանջը:

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031