141 օրով ՀԱԷԿ-ի աշխատանքները կդադարեցվեն, սակայն այդ ընթացքում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում նախատեսված չէ:
Այսօր այս մասին ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը՝«Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ: Պարոն Մելքոնյանի խոսքով, փետրվարին սակագները 2-3 դրամով արդեն բարձրացել են. «Կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի փոխարինի հավասար ռեսուրսներով, եւ որպեսզի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում չլինի»:
Միջոցառման շրջանակներում մասնակիցներն ու փորձագետները քննարկեցին Հայաստանում ատոմային էներգիայի ներկայիս վիճակը եւ դրա զարգացումը, նոր ատոմակայանի կառուցման հեռանկարները եւ ծախսված միջուկային վառելիքի հետ վարվելու լավագույն համաշխարհային փորձի կիրառման հնարավորությունները:
Կարդացեք նաև
Տիգրան Մելքոնյանն ասաց, որ աշխատանքներ են տարվում մինչեւ 2036 թվականը Հայաստանի ԱԷԿ-ի արդիականացման ուղղությամբ եւ որ այդ ընթացքում պետք է մշակել ծրագիր, որի նպատակն է կամ երկարացնել շահագործման ժամկետը կամ էլ շահագործել նոր կայան: Նա նաեւ ակնարկեց, որ կարող է կառուցվել փոքր հզորությամբ ատոմակայան: Ըստ պաշտոնյայի, էլեկտրաէներգիա արտահանելու ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում. «Ծրագրվում է Հայաստանը էներգետիկ հաբի վերածել համապատասխան ենթակառուցվածքների զարգացման միջոցով»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ