Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարևոր է խոսել ոճրագործությունների մասին, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն». Համագումարը համագործակցում է «Միջազգային քրիստոնեական կոնցեռն»-ի հետ՝ Արցախի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար

Մարտ 18,2021 16:01

2021թ.-ի մարտի 17-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) համագործակցեց «Միջազգային քրիստոնեական կոնցեռն» ՀԿ-ի (ICC) հետ՝ կազմակերպելու «Ցեղասպանության անատոմիա. Ղարաբաղի 44- օրյա պատերազմ» խորագրով մի առցանց միջոցառում: Միջոցառումը կենտրոնացավ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վրա, որը ներառում էր միջազգայնորեն արգելված կասետային զինատեսակների և հրկիզվող սպիտակ ֆոսֆորի օգտագործումը քրիստոնյա հայ քաղաքացիական բնակչության դեմ:

Բանախոսների թվում էին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, հումանիտար իրավունքների չեմպիոն մեծարգո բարոնուհի Քերոլայն Քոքսը և Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը ICC-ի քարոզչական գծով տեղակալ Էնդրյու Քրեյնի հետ՝ որպես մոդերատոր:

Պարոն Ավետիսյանը, ով անցյալ շաբաթ մասնակցեց Համագումարի Առցանց ազգային քարոզչական կոնֆերանսի «Հետպատերազմյան Արցախ» խորագրով պանելային քննարկմանը, ներկայացրեց Արցախի պատմական հենքը, «Հայաստանի պատմական իշխանություններից մեկը» և 1918թ.-ին խոցելի դարձած մի տարածաշրջան՝ մինչ կազմալուծվեց Ռուսական կայսրությունը, իսկ Հայոց ցեղասպանությունը դեռ ակտիվ ընթացքի մեջ էր:

Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Արցախի հայ բնակչության մեծամասնությունը օգտվեց ինքնորոշման իր իրավունքից և ստեղծեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ադրբեջանը պատասխանեց պատերազմ վարելով 1991թ.-ից մինչև 1994թ., երբ հրադադար հաստատվեց: Չնայած հակամարտությունը լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի տասնամյակների բանակցություններին՝ Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ, «սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը վերսկսեց իր լայնածավալ գրոհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր բնակավայրերի վրա, որտեղ քաղաքացիական ենթակառուցվածքներ էին թիրախավորվում հազարավոր հրթիռներով»,– ասաց Ավետիսյանը:

Նա նշեց, որ զինամթերքի «ձնակույտը» «ՄԱԿ-ի կանոնադրության կատարյալ խախտում է», մինչ Թուրքիան հազարավոր ջիհադիստ վարձկանների ուղարկեց քրիստոնյա հայերի դեմ պատերազմելու:

Հետպատերազմյան շրջանում, ըստ Ավետիսյանի, Ադրբեջանը շարունակում է «մերժել պահանջները»՝ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ:

Մինչ Հայաստանը հետևել է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության դրույթներին՝ ազատ արձակելով բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին, Ադրբեջանը շարունակում է ակնհայտորեն ոտնահարել հայտարարության պահանջները և Ժնևի կոնվենցիաները՝ հանդիսանալով դրանց ստորագրյալ կողմերից մեկը:

«Նրանք քաղաքականացնում են այս հարցը և դարձնում այն քաղաքական շահարկման առարկա»,– ասաց Ավետիսյանը: «Նրանք պատրաստակամություն չեն ցուցաբերում զբաղվել այս խնդրով»:

Ավետիսյանն ընդգծեց Արցախի նվիրվածությունը ժողովրդավարությանը Հարավային Կովկասում և կոչ արեց միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Ֆրանսիային, «գործադրել ամեն հնարավոր ճնշում, որպեսզի ռազմագերիների հարցով զբաղվեն պատշաճ և արագորեն»:

Նա շոշափեց նաև քաղաքացիական փախստականների կարգավիճակի, տնտեսական և անվտանգության մարտահրավերներին և մշակութային ժառանգության ոչնչացմանը վերաբերող հարցերը՝ միաժամանակ անդրադառնալով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որը մանրամասնորեն փաստագրում է մարդու իրավունքների խախտումները:

Բրիտանական Լորդերի պալատի անդամ, Humanitarian Aid Relief Trust-ի հիմնադիր բարոնուհի Քերոլայն Քոքսը 1990-ականների սկզբից առաջնորդել է դեպի Արցախ մարդասիրական օգնության առաքելությունները: Նա մեկնաբանեց վերջերս հետպատերազմյան շրջանում իր կողմից իրականացված ուղևորությունն այնտեղ ու կիսվեց այն «դառը փորձով», որը նա ունեցավ Դադիվանքում, որտեղ դիտարկեց տեր Հովհաննես Հովհաննիսյանին «վերջին պսակադրությունն օրհնելիս»՝ նախքան Ադրբեջանի կողմից վերահսկողության ստանձնումը: Չնայած ռուս խաղաղապահները ներկայումս պաշտպանում են այդ նշանակալի վայրը, բարոնուհի Քոքսն ընդգծեց, որ Ադրբեջանը «արմատախիլ է անում հայկական ժառանգությունը եկեղեցական ու հոգևոր պատմություն ունեցող վայրերից»:

Նա մանրամասնեց այլ տարածքների մասին, որոնք այցելել էր, ներառյալ՝ Ստեփանակերտի ծննդատունը, որը «Ադրբեջանի կողմից դիտավորյալ թիրախավորվել էր, մինչ երեխաներին նկուղում էին ծննդաբերում»:

«Սրանք պատերազմական հանցագործություններ են»,– շարունակեց նա, հայտարարելով, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար: Բարոնուհի Քոքսը նաև վերահաստատեց, որ Արցախում հայ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:

«Հայերը ոչ միայն վերապրողներ են, այլև կործանման մոխիրներից ապագա են ստեղծում»,– եզրափակեց նա:

Համագումարի փաստահավաք առաքելության շրջանակներում, Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը, Համագումարի հայաստանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ միասին, ուղևորվեցին Արցախ անմիջապես 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարից հետո: Խալոյանը ականատես եղավ ու փաստագրեց Ստեփանակերտի ենթակառուցվածքների գնդակոծումը և ավիրվածությունը, ինչը, նրա խոսքերով «շատ դժվար էր տեսնել առաջին հայացքից»՝ մասնավորապես COVID-19 համաճարակի ֆոնին: Վերադառնալուն պես առաքելության եզրակացություններն ու տպավորությունները փոխանցվեցին Կոնգրեսի անդամներին և ամերիկահայ համայնքին:

Համագումարի փաստահավաք ճանապարհորդության ընթացքում Խալոյանը հանդիպեց The HALO Trust-ի հետ, որը Միացյալ Թագավորությունում հիմնված մի կազմակերպություն է և 2000թ.-ից մաքրել է Արցախի հողերն ականներից և ներկայում մաքրում է կասետային զինամթերքից: Խալոյանն այցելեց նաև Սուրբ Աստվածածին տաճար, որտեղ պատերազմի ընթացքում հարյուրավոր փախստականներ թաքնվեցին նկուղում՝ անվտանգության համար, ինչպես նաև Ստեփանակերտի դիարան և հուշահամալիր, որոնք Խալոյանը նկարագրեց որպես «կործանարար»:

Ըստ Խալոյանի, Համագումարը շարունակում է առաջ մղել հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և հայրենիք վերադարձնելու հարցը, և ողջունեց երկկուսակցական օրինագիծը՝ H.Res.240 բանաձևը, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց:

Բանաձևն, որն առաջնորդեց Ներկայացուցիչների պալատի Մշտական հատուկ հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարների, իր գործընկերի՝ Կոնգրեսականներ Գաս Բիլիրաքիսի (Հանրապետական, Ֆլորիդա), Ֆրենկ Փալոնի (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Դեյվիդ Վալադեոյի (Հանրապետական, Կալիֆոռնիա) և Ջեկի Սփիրի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) հետ միասին, հանդիսանում էր Հայկական համագումարի Առցանց ազգային քարոզչական կոնֆերանսի և Կոնգրեսի գրասենյակների հետ հետագա հանդիպումների առանցքային հարցերից մեկը:

Խալոյանը շնորհակալություն հայտնեց բանաձևի համար Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանը, ինչպես նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեզին (Դեմոկրատ, Նյու Ջերսի), ով մի նամակ է շրջանառում, որով հորդորում է Բայդենի վարչակազմին պահպանել քարոզարշավի խոստումը՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արեցին Ներկայացուցիչների պալատն ու Սենատը 2019թ.-ին:

«Իրազեկվածությունն առանցքային է»,– ասաց Խալոյանը: «Կարևոր է խոսել ոճրագործությունների մասին, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն»:

Վերջերս ICC-ը հրապարակեց մի մանրամասն զեկույց «Ցեղասպանության անատոմիան. Ղարաբաղի քառասունչորս օրյա պատերազմ» վերնագրով, որը ներկայացնում է տարածաշրջանի պատմության լրացուցիչ հիմքեր և Ադրբեջանի ու Թուրքիայի պատերազմ սկսելու մտադրության դրդապատճառները: ICC-ը նաև առաջնորդում է մի խնդրագիր՝ ազատ արձակելու հայ ռազմագերիներին և օգնելու վերջ դնել հայ զինվորների նկատմամբ բռնությանը:

«Հայկական համագումարն իր երախտագիտությունն է հայտնում «Միջազգային քրիստոնեական կոնցեռն» ՀԿ-ին՝ իրենց աջակցության և Արցախում քրիստոնյա հայերի վիճակի մասին իրազեկվածության բարձրացման համար»,– ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031