Այս տարի ակնկալվում է Սեւանա լճի մակարդակի 1901 մետր նիշ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ասաց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Պատասխանելով հարցին՝ հաշվի առնելով, որ Քարվաճառն անցել է Ադրբեջանին, արդյոք ոռոգման խնդիրներ չե՞ն առաջանա Արփա-Սեւանով, պարոն Պետրոսյանը պատասխանեց․ «Քարվաճառի շրջանում որոշ աղբյուրներ, որոնք հանդիսանում են,այսպես ասեմ ՝ նախանախաակունքներ, եւ նրանց ազդեցությունը չնչին է ջրային պաշարների տեսակետից, եւ որեւէ էական ազդեցություն չեն կարող ունենալ ջրային պաշարների ամբարման գործընթացում»։
Նախարարը վստահեցրեց՝ այս տարի Սեւանա լճի մակարդակն աննախադեպ նիշի է հասնելու․ «Անցյալ տարվա ա՛յս օրվա համեմատությամբ Սեւանա լիճը բարձր է 15 սմ-ով եւ արդեն հունիս-հուլիսին եւ տարվա կտրվածքով ջրային պաշարների ամենաբարձր նիշն է արձանագրվում։ Ակնկալում ենք Սեւանի մակարդակի 1901 մետր նիշ, դա վերջին տասնամյակների համար աննախադեպ է»։
Նաեւ սա է պատճառը, որ նախարարությունը սկսել է Սեւանի առափնյա տարածքների կառույցների ապամոնտաժման աշխատանքները, քանի որ, ըստ նախարարի, վերջին շրջանում ջրի մակարդակի բարձրացմանը զուգընթաց, առափնյա տարածքներ անցնելու են ջրի տակ։
«Այս փուլում լճի առափնյա կառույցներ ապամոնտաժումը կատարվում է բացառապես Սեւան ազգային պարկի տնօրինման տակ գտնվող հողերի վրա, առանց որեւէ տեսակի իրավունքի, ներողություն ձեւակերպման համար՝ զոռբայությամբ արդյունքում կառուցած դղյակների, շենք-շինություններ, պարիսպներ, կցակառույցներ եւ տաղավարներ, մոտ երեք տասնյակ այդպիսի օբյեկտներ են քանդվել փետրվարից մինչ այսօր բոլորն՝ առանց բացառության, չունեն որեւէ տեսակի իրավական փաստաթուղթ գտնվելու կամ տնօրինելու, դրանք կոչվում են՝ ապօրինի կառուցապատում եւ հողազավթում։ Սեւան ազգային պարկն ազատագրում է իր տնօրինման տակ գտնվող տարածքները եւ որեւէ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող»,-ասաց նախարարը։
Կարդացեք նաև
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ ոռոգման սեզոնին էական խնդիրներ չեն լինի, քանի որ ջրային պաշարներն ունենք, բայց, ըստ նախարարի, մնում է դրա ճիշտ, արդյունավետ հետեւողական կառավարումը․ «Դա էլ մյուս գերատեսչությունների հետ կանենք։ Անցյալ տարի 200 միլիոն խմ-ից մի փոքր ավելի ջուր է տեղափոխվել Արփա-Սեւանով դեպի Սեւան, ոռոգման նպատակով՝ 147 միլիոն խմ, տարիներ առաջ սալդոն բացասական է եղել՝ ավելի քիչ է տեղափոխվել, քան ոռոգման նպատակով բաց է թողնվել»։
Սեւանա լճի ափամերձ տարածքներում հինգ խոշոր ներդրումային ծրագրեր են նախատեսվում իրականացնել։ Նախարարը վստահեցրեց՝ տեղական ընկերություններ չեն, միջազգային են․ «Այդ հինգ փաթեթների համար շուտով միջգերատեսչական հանձնաժողովը մրցույթ կհայտարարի։ Ափերի վարձակալության եւ կառուցապատման իրավունքները տրվելու են բաց, թափանցիկ մրցութային եղանակով, որպեսզի չունենանք այն պատկերն, որն ունեինք մինչ այս։ Մեկ օրինակ` բերեմ՝ ափեր ունենք, որտեղ տնօրինողները Սեւան ազգային պարկից վարձակալել են քառակուսի մետրը 6-8 դրամով, բայց երկրորդական շուկայում այդ պայմանագրերը վերավաճառում են 15 դոլարով։ Այլեւս այդպես չի լինելու, հիմա այդ գումարների տարբերությունն ուղղվելու է պետական բյուջե եւ ազգային պարկի կարողությունների զարգացմանը, գիտական բաղադրիչի զարգացմանը, Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված անհետաձգելի աշխատանքների ֆինանսավորմանը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ