«Պարադիգմա» կրթական հիմնադրամը մեկնարկում է «Կենդանի պատմություն» ծրագիրը` պատմության և հասարակագիտության ուսուցիչների համար:
«Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մանուկյանը նշեց, որ ծրագրի շրջանակում հիմնադրամն ուսուցիչներին կնվիրի իր կողմից եւ «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկության աջակցությամբ մշակած «Գիրք պատմության ուսուցման. ինչո՞ւ, ինչպե՞ս» գիրքը։
Գիրքը ներկայացնում է «պատմական ակտիվ մտածողության» տեսությունը, դրանից բխող մի քանի տասնյակ ուսումնական ռազմավարություններ։ Բոլոր ռազմավարությունները մասնավորեցված են դպրոցական ծրագրում ներառված հայոց պատմության համատեքստին և դասակարգված են ըստ պատմական ակտիվ մտածողության հմտությունների։
Ծրագրի պատասխանատուների համոզմամբ, ռազմավարությունների կիրառումը դասարանում կօգնի սովորողին սեփական փորձով հասկանալ, թե ինչպես է ստեղծվում պատմական գիտելիքը, ինչ է պատճառն ու հետևանքը, փոփոխությունն ու շարունակականությունը, հասկանալ, թե ինչպես է որոշվում իրադարձության կամ դերակատարի կարևորությունը, ինչ է պատմական հեռանկարը, էթիկական ինչպիսի հարցեր են առաջանում պատմություն ուսումնասիրելիս։ Գիրքը կօգնի անցյալի դիտարկումը դպրոցում վերածել ոգևորիչ և ակտիվ մտածողական գործընթացի, իսկ վերջնարդյունքում հասնել ավելի խոր ճանաչման։
Կարդացեք նաև
Ի հավելումն գրքի նվիրաբերման, ծրագրում ընդգրկված ուսուցիչներին կտրվի հնարավորություն մասնակցել սովորողների ակտիվ մտածողության հմտությունների զարգացման ներկայացում-աշխատարանի,ստանալ գրքում ներկայացված ռազմավարությունների փորձարկման համատեղ պլանավորման խորհրդատվություն, մասնակցել պատմության ուսուցման վերաբերյալ հետազոտության եւ տարածել իրենց փորձառությունն այլ ուսուցիչների հետ ու դառնալ պատմական ակտիվ մտածողության ուսուցիչ-առաջնորդ։
Ծրագրին մասնակցելու համար պատմության և հասարակագիտության ուսուցիչները պետք է անցնեն ընտրության փուլ՝ լրացնելով www.paradigma.foundation կայքի ծրագրերի՝ «Կենդանի պատմության» էջում տեղադրված հայտադիմումը մինչև ս.թ. մարտի 31-ը, 24:00, իսկ հարցերի համար պետք է գրել՝ [email protected] հասցեին։
Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ