Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գերիների հարցով ՀՀ-ի հետ Մեծ Բրիտանիայի բարեկամության խորհրդարանական խմբի նախագահը դիմել է իր երկրի կառավարությանը

Մարտ 18,2021 15:01

Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների հարցով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բոլոր կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնը դիմել է Միացայլ Թագավարության կառավարությանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումից հետո։

Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպումն անցյալ շաբաթ՝ մարտի 8-ին, կազմակերպել էր Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբը, որի ժամանակ Արման Թաթոյանը մանրամասն ներկայացրել էր մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ, խոսել այն մասին, որ միջազգային մարդասիրական իրավունքի ու գերիների իրավունքների կոպիտ խախտում է նրանց իբրև «ահաբեկիչներ» ներկայացնելը, քանի որ խոսքը գնում է շարունակվող զինված հակամարտության մասին:

Պաշտպանը նաև ներկայացրել էր տեղեկություններ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների (գլխատումներ, խոշտանգումներ, մարմինների անարգանք և այլն) մասին:

Անդրադառնալով Հայաստանի սահմանների հետ կապված գործընթացին՝ Արման Թաթոյանը ներկայացրել էր իր նոր հայեցակարգը, համաձայն որի՝ Սյունիքում մարդկանց անվտանգության երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Նա ներկայացրել էր կոնկրետ ապացույցներ, փաստեր, որոնց վրա հիմնված է այս նոր մոտեցումը:

Մարտի 11-ին բարոնուհի Քերոլայն Քոքսը, որն ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ այցով եղել էր Արցախում և արձանագրել ադրբեջանական կողմից պատերազմական հանցագործությունները, խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ բրիտանական կառավարության ներկայացուցչի առջև բարձրացրել է հայ ռամագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող անմարդկային վերաբերմունքի և պատերազմի ընթացքում օգտագործված արգելված զինատեսակների հարցը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031