Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ-երկու օրից գուցե հստակ խոսենք արտահերթ ընտրությունների ժամկետների մասին»․ Ռոմանոս Պետրոսյան

Մարտ 18,2021 14:57

«Մեկ-երկու օրից գուցե հստակ խոսենք արտահերթ ընտրությունների ժամկետների մասին»,-այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ Նա նշեց՝ այսօր կամ վաղը կհրապարակվի որոշում, թե որ օրն են լինելու արտահերթ ընտրությունները։

«Չնայած խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության մերժումներին՝ արտահերթ ընտրություններով հանգուցալուծելու քաղաքական ճգնաժամը, այն չի հանգուցալուծվում։ Պետք է արձանագրենք, որ ընդդիմության փողոցային պայքարն էլ որեւէ էական նշանակություն չունեցավ, եւ նաեւ հանրության կողմից չողջունվեց»,-ասաց նախարարը։

Արդյոք հիմա արդեն կա՞ արտահերթ ընտրությունների  հանրային պահանջ, պարոն Պետրոսյանն այս հարցին պատասխանեց․ «Հանրությունը ընդդիմության մանդատով եւ բերանով չհնչեցրեց այդ մասին, բայց մենք քաղաքական գործընթացները բացառապես սահմանադրական ճանապարհով հանգուցալուծելու  ճանապարհով ենք տեսնում՝ միայն արտահերթ ընտրությունների  միջոցով»։

Արդյոք մեկ-երկու օրից պարզ կլինի՞, թե Նիկոլ Փաշինյանը երբ է հրաժարական տալու, նախարարն ասաց՝ մեկ-երկու օրից գուցե հստակ լինեն ժամկետները, երբ ժամկետները պարզ կլինեն, դա ենթադրում է սահմանադրական ճանապարհով հրաժարական»։

Հարցին՝ արտահերթ ընտրությունների օրը որոշելն արդյոք կապվա՞ծ է Փաշինյան-Ծառուկյան այսօրվա հանդիպման հետ, պարոն Պետրոսյանը պատասխանեց․ «Հանդիպումից տեղյակ չեմ, բայց արդեն ժամանակն է ճգնաժամը հանգուցալուծման տանելու»։

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ վարչապետը մեծ թվով ոստիկանների պաշտպանությամբ է շրջում քաղաքում, ինչպե՞ս է քարոզարշավ անելու, պարոն Պետրոսյանը պատասխանեց․ «Մենք ունենք երկրի դեմքերի նկատմամբ իրականացված մահափորձի փաստերով հարուցված քրեական գործեր, ունենք որոշ շրջանակների կողմից բացահայտ մահվան սպառնալիքներ՝ ուղղված երկրի առաջին դեմքերին եւ պետական անվտանգության ծառայությունը, պետության անվտանգության համակարգը ենթադրում է նաեւ առաջին դեմքերի անձնական կյանքի երաշխիք եւ անվտանգության  ապահովում։ Վերանանք անձից․ փողոցում քայլում է երկրի ղեկավարը, ԱԺ նախագահը եւ  զուգահեռաբար հնչում են բռնության եւ մահվան սպառնալիքներ, բնականաբար, պետք է ապահովվի նրանց անվտանգությունը»։

Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության օրերին խոստանում էր՝ եթե մի օր Սերժ Սարգսյանի նման լինի ոստիկանների եւ թիկնապահների հետեւում, մի ժամ ավել չի մնա, հրաժարական կտա, նախարարն այսպես արձագանքեց․ «Դուք ՀՀ-ում  մինչեւ Նիկոլ Փաշինյանի  կառավարումը, երբեւէ նման իրավիճակ տեսե՞լ եք, երբ  կոնկրետ առարկայական, անձնական, վիրավորական հայտարարություններ, սպառնալիքներ հղեն երկրի ղեկավարին եւ  դա կոնկրետ հետեւանքներ չունենա։ Մենք հիշում ենք բազմաթիվ դեպքեր նախկին կառավարման շրջանում, երբ նմանատիպ զարգացումներն  ունենում էին անդառնալի հետեւանքներ տվյալ քաղաքացիների համար»։ Պարոն Պետրոսյանն ասաց, որ ոստիկանների նման մեծ թիվը պայմանավորված է վարչապետի անվտանգության ապահովմամբ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031