Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լենին-Քեմալ պայմանագրի 100 –րդ տարելիցի խորհուրդները. Գարեգին Չուգասզյան

Մարտ 18,2021 14:36

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի ելույթը՝  մարտի 16-ին, Ազատության հրապարակում կայացած համապետական հանրահավաքի ժամանակ

I. Այս օրերին լրանում է 1921 թվականի մարտին կնքված Լենին-Քեմալ ռուս-թուրքական «եղբայրության և բարեկամության պայմանագրի» հարյուրամյա տարելիցը:

Ըստ էության այս պայմանագրի կնքումը հանդիսանում է 1915-1923 թթ. համաշխարհային պատմության մեծագույն հանցագործություններից մեկի՝ Հայոց մեծ ցեղասպանության կարևորագույն փուլերից մեկը:

Սույն պայմանագրով, որը բանակցվել է շուրջ մեկ տարի տևող Մոսկվայի ռուս-թուրքական երկու կոնֆերանսների ընթացքում, Ռուսաստանի բոլշեւիկյան կառավարության կողմից Թուրքիային նվիրաբերվեց Հայաստանի Հանրապետության օրինական տարածքի ուղիղ կեսը՝ շուրջ 30 հազար քառ. կմ՝ ներառյալ մեր ինքնության հավերժության խորհրդանիշ հանդիսացող Մասիս սարը:
Այդ բանակցությունների արդյունքում Խորհրդային Ռուսաստանը

1920-1922 թթ, Աթաթուրքին ուղարկեց այդ ժամանակվա թուրքական ռազմական բյուջեի կրկնակի չափի ֆինանսական օգնություն՝ ոսկով, մատակարարվեցին տասնյակ հազարավոր հրացաններ, գնդացիրներ, գնդակների արտադրության գործարաններ, մարտանավեր եւ այլ նյութեր: Այս զինամթերքը օգտագործվեց Հայաստանի հանրապետության և Անտանտի բանակների դեմ թուրքական կողմի ձեռնարկած հարձակումների ընթացքում, որի արդյունքում Առաջին համաշխարհայինում խայտառակ պարտություն կրած թուրքական կողմը կարողացավ փրկվել անխուսափելի տրոհումից և հաջողեց ռուս-թուրքական միացյալ հարձակման շնորհիվ կապիտուլացիայի ենթարկել Հայաստանի առաջին հանրապետությանը:

II. Միջազգային իրավունքի փորձագիտական վերլուծությունը վաղուց ի վեր ապացուցել է Լենին-Աթաթուրք պայմանագրի անօրինական եւ անվավեր կարգավիճակը:
Կնքող կողմերը կնքման պահին չեն ունեցել միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ: Մոսկվայի պայմանագիրը կնքվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) խախտումով, քանի որ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնության»: Մոսկվայի պայմանագիրը չէր կարող որևէ պարտավորություն առաջացնել Հայաստանի Հանրապետության համար, առավել ևս՝ որոշել հայ-թուրքական սահմանը կամ Նախիջևանը որպես պրոտեկտորատ հանձնել Ադրբեջանին:

Ինչպես Հայկական ցեղասպանությունը նախադեպ հանդիսացավ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրագործված հրեշավոր նացիստական զանգվածային հանցագործությունների համար, նույնպես եւ Մոսկվայի 1921 թ. ապօրինի թուրք-բոլշեւկյան գործարքը նախադեպն է , միջազգային իրավունքի մեկ ուրիշ աղաղակող եւ անօրինական Մոլոտով –Ռիբենտրոպ գործարքի: 1945-46 թթ. Նյուրբերգյան դատավարության ընթացքում նացիստական հանցագործությունները դատապարտվեցին, Ռուսատանը 1989թ. պաշտոնապես դատապարտեց Մոլոտով-Ռիպենտրոպ պակտը, իսկ 2009 թ. ԵԱԽԿ խորհրդարանական վեհաժողովը ընդունեց Վիլնյուսյան հայտարարագիր, որտեղ բոլշեւիկյան հանցագործությունները հավասարեցվեցին նացիստականներին և կրկին դատապարտվեց Մոլոտով –Ռիբենտրոպ պակտը, որպես երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծող պայմանագիր:

Ինչպես վկայում են աշխարհի \շուրջ երեսուն երկրների բարձրագույն օրենսդիր մարմինների Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումները, որոնցից վերջինը ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների անցյալ տարվա որոշումներն էիր, աշխարհը Հայկական ցեղասպանությունը ընդունելու ճանապարհին է եւ անկասկած Մոսկվայի Լենին-Աթաթուրք պայմանագրին նույնպես սպասում է Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի ճակատագիրը…

Ասվածի լույսի տակ ամենեւին զարմանալի չէ, թե ինչու Խորհրդային փլուզման տարիներին բլոշեւիկյան Ռուսաստանի իրավահաջորդ երկիրը Հայաստանում գտնվող իր հինգերորդ շարասյան միջոցով ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանի հանրապետությունը իրեն իրավահաջորդ չհռչակի առաջին հայկական հանրապետության, քանի որ սա իր հետ բերելու էր իրավա-քաղաքական հետևանքներ հենց Լենին-Աթաթուրք պայմանագրի հետ կապված, ներառյալ Արցախի Հայաստանի հանրապետության անքակտելի մաս լինելու հանգամանքը:

III.Այսօր շատերը իրավացիորեն զուգահեռներ են անց կացնում մեր աչքի առաջ ներկայումս ծավալվող, հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող իրադարձությունների եւ անցյալ դարի քսանականնների աղետալի ընթացքի հետ:

ԱՌԱՋԻՆ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Ինչպես անցյալ դարասկզբին այնպես էլ հիմա ակնհայտ է ռուս-թուրքական հակաբնական, եւ արեւմուտքի դեմ իրականացվող սիրախաղը, որից պարբերաբար միայն ֆաշիստական հրեշներ են ծնվել ինչպես օրինակ պանթուրքիզմը, որը Զանգի զրանգի հեքիաթի հերոսի պես վաղ թե ուշ իր ծնած ծնողներին հոշոտում է, ինչպես որ դա պատահեց երիտթուրքերի կայսրության, այնպես էլ ցարական ընտանիքի եւ կայսրության հետ: (Ականջդ կանչի Սողոմոն Թեհլիրյան եւ ընկերներ….)
ԵՐԿՐՈՐԴ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Ինչպես անցյալ դարասկզբին այնպես էլ հիմա այս սիրախաղը խիստ անհրաժեշտ է դարձնում ռուս –թուրքական ցամաքային կապի հաստատումը եւ ահավասիկ, ինչպես 1920 թ. Արցախ, Զանգեզուր, Նախիջեւան միջանցքը այնպես էլ այսօր Արցախ-Մեղրու միջանցքը դառնում է հայկական վերահսկողությունից հանելուն ուղղված ռուս-թուրքական միացյալ հարձակման եւ տնօրինման առարկա:

Դոնալդ Թրամփի նախագահության չորս տարիները, այս իմաստով, նվեր էին մեր տարածաշրջանի նորագույն բռնապետեր հանդիսացող Էրդողանին եւ Պուտինին, որոնք հնարավոր դարձրեցին նման զարգացումը եւ Արցախյան երկրորդ պատերազմը իր հակահայկական միջանկյալ արդյունքներով:

ԵՐՐՈՐԴ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Ինչպես անցյալ դարասկզբին այնպես էլ հիմա ռուսական իշխանությունները հայկական իշխանություններից պահանջում են հրաժարվել արեւմուտքի հետ ունեցած բազմավեկտոր դիվանագիտությունից, այն տարբերությամբ, որ ժամանակին Գեորգի Չիչերինը էր Լեւոն Շանթի գլխավորած հայկական պատվիրակությանը առաջարկում հրաժարվել արտաքին քաղաքականություն վարելու ինքնիշխանությունից ՝ հայ-թուրքական վեճի լուծումը հանձնելով Մոսկվայի իրավարարությանը, իսկ հիմա դա անում է Լավրովը։

Ակնհայտ է դառնում , որ նիկոլ Փաշինյանի իշխանությունը և՛ կրեմլահպատակ «17+ ընդդիմությունը» իրենց հռչակած նոր քաղաքականություններով վաճառում են ինքնիշխանության վերջին մնացորդները, ծառայեցնելով դրանք ընդամենը ռուս-թուրքական սիրախաղի շահերին: Մնում է միայն հայկական ԲԱՆԱԿԸ, որը կարող է դեմ դուրս գալ «Մեղրու միջանցք» կոչված ռուս-թուրքական ծրագրին: Հենց սրա՛ համար էլ Հայաստանում գտնվող խորքային չեկիստապետությունը փորձում է չեզոքացնել հայկական բանակի գործոնը, ինչպես դա արվում էր 1920-21 թթ. Ահա եւ հինգերորդ նմանությունը:

Հիմա գանք անցյալ դարասկզբի եւ մեր օրերի տարբերություններին:

ԱՌԱՋԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ. Անցյալ դարասկզբին բոլշեւիկյան Ռուսաստանը հզորացման ալիքի վրա էր գտնվում, որով իր եռանդի մի մասը փոխանցեց խորտակվող Թուրքիային եւ փրկեց նրան:

Ներկա աշխարհակարգի միտումները այլ են: Չորրորդ արդյունաբերական հեղափոխության հզորացման ալիքի վրա է Արևմուտքը:
ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ. Անցյալ դարասկզբին Բոլշեւիկյան Ռուսաստանը ուներ նոր կայսերապետական գաղափարախոսություն ի դեմս կոմունիզմի, որով կարողանում էր մոլորեցնել անգամ Չարենցի պես հանճարների սրտերը: Ներկայումս Ռուսաստանը ներկայանում է որպես գաղափարապես սնանկ , կայսերական ֆանտոմային ցավերով ապրող, իր նախկին գաղութները վերջնականապես կորցնող ու Հարավային Կովկասից հեռացող պետություն:

ԵՐՐՈՐԴ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ. Անցյալ դարասկզբին աշխարհի այն ժամանակվա ամենահզոր գերտերությունը եւ Հայաստանի դաշնակիցը ՝ Մեծ Բրիտանիան, հոգնած լինելով Առաջին համաշխարհային պատերազմից, հեռանում էր Հարավային կովկասից: Իսկ այսօր, մեր ժամանակների հզորագույն գերտերությունը՝ ԱՄՆ-ն, ինչպես արտահայտվեց նրա նորանշանակ նախագահ Բայդենը, վերադառնում է աշխարհ: Ընդ որում` վերադառնում է մեր տարածաշրջան այդ տարածաշրջանում արկածախնդրությամբ զբաղված երկու բռնակալների ՝ Էրդողանի Թուրքիայի եւ Պուտինի Ռուսաստանին կրկնակի զսպման հստակ արտահայտված առաքելությամբ, որը առավել ակնհայտ է Վրաստանի պարագայում՝ կապված այդ երկրում պետական մտածողություն ունեցող ազգային վերնախավի ուժեղ դիրքերով:
Տարածաշրջանից հեռացողը, ի տարբերություն նախորդ դարասկզբի փաստորեն Ռուսաստանն է, որն իր դիրքերը պատրաստ չէ հանձնելու Արեւմունքին, բայց պատրաստ է հանձնելու եւ արդեն իսկ հանձնում է Թուրքիային՝ հրաժարվելով անգամ Լենին-Աթաթուրք պայմանագրով ամրագրված իր ազդեցության ոլորտներից:

ՉՈՐՐՈՐԴ . Ի տարբերություն անցյալ դարասկզբի Մեղրու կամ Սյունիքի միջանցքը գնալով ձեռք է բերում աշխարհաքաղաքական նոր միավորի նշանակություն, դիտարկվելով որպես ավելի մեծ եվրասիական միջանցքների կամ Մետաքսի ճանապարհների մաս:
Պոտինի եւ Էրդողանի համար վատ լուրն այն է, որ Բայդենի հաղթանակից հետո «Մեղրու միջանցքը» բացվելու է ոչ թե հորիզոնական,այլ ուղղահայաց. այսինքն՝ Իրան-Հայաստան-Վրաստան գծով (որին միանալու են այլ երկրներ): Այսօրվա ԱՄՆ-ն երբե՛ք թույլ չի տա,որ Մեղրու «դռան» բանալին լինի ռուսների ձեռքին: Դա կնշանակի ռուսներին տալ տարածաշրջանի ամենակարևոր կապող օղակի մենաշնորհը, որը տարածաշրջանից պարզապես դուրս կմղի ԱՄՆ-ին:

Էրդողանիզմը և պուտինիզմը նահանջելու և գնալով մարե՛լու են, ինչքան էլ, որ այս երկու բռնապետները հակառակը ցանկանան ու իրականությունից կտրված պլաններ մոգոնեն: Այսքանից հետո ինքներդ դատեք, թե արդյոք պետք է ԱՄՆ-ին այս տարածաշրջանում նոր դաշնակից ի դեմս Հայաստանի: Ուստի հարկավոր են Հայաստանից հղվող հստակ ազդակներ, որ այն պատրաստ է եւ ունի ներուժ ստանձնելու իր նոր առաքելությունը այս տարածաշրջանում: Վրաստանինը լավ օրինակ էր, թե ինչպես պատերազմում պարտված երկիրը կարողացավ իր ճիշտ արտաքին քաղաքականության շնորհիվ ոտքի բարձրանալ եւ ամրապնդել իր ինքնիշխանությունը թվում էր թե անհույս վիճակում:

IV. Լենին-Քեմալ պայմանագրի 100 ամյա դասերը:
Ինչպես տեսանք ներկայումս Հայաստանի շուրջ ստեղծված կացությունը իր ողջ ողբերգական ներկայով հանդերձ ունի նախորդ դարասկզբից էապես տարբեր աշխարհա-քաղաքական նպաստավոր համատեքստ եւ կտրուկ փոփոխվելու օբյեկտիվ նախապայմաններ: Սակայն ամենամեծ դասը, որը մենք պետք է սերտենք անցյալ դարասկզբից այն է, որ անգամ ամենաողբերգական պարտության ժամանակ, մեր ժողովրդի դիմադրական շարժումը ոչ միայն չմարեց այլ շնորհիվ հենց այս պայմանագրի կնքման օրերին Լեռնահայաստանում ծավալված շուրջ վեցամսյա դիմադրական նժդեհյան շարժման եւ Երեւանում բռնկված փետրվարյան ապստամբության, Խորհրդային Հայաստանը ամրագրեց Սյունիքը, եւ ստացավ մի կարգավիճակ, որը նրան թույլ տվեց 70 տարի տարբերվել «ինքնավար» Չեչնիաներից, եւ առավել անցնցում ստանալ անկախություն ՝ դառնալով կրկին միջազգային իրավունքի սուբյեկտ:

Ուստի այսօր, Հայաստանի Հանրապետության վերակերտման հրամայականը, ներառյալ Արցախի հիմնահարցի լուծման մոտակա խնդիրները պետք է դրվեն Հայկական հարցի լուծման համատեքստում, ըստ այդմ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, պետք է դիտարկվի ընդամենը որպես հրադադարի հաստատման և հումանիտար հարցերի լուծման փաստաթուղթ, պետք է տեղի ունենա գերիների վերադարձ, իսկ Սյունիքի և ՀՀ այլ տարածքների նկատմամբ այդ հայտարարության հիման վրա իրականացվող գործընթացները սառեցվեն, պետք է տեղի ունենա վերադարձ Մինսկի խմբի ձևաչափ, ուր պետք է քննարկվեն Արցախի կարգավիճակի հարցը և միջազգային խաղաղապահների տեղակայման խնդիրը:

Մեր ազգային–պետական «Նավը» հայտնվել է փոթորկահույզ ծովում: Սա վտանգավոր պատկեր է, որը կարող է կաթվածահար անել ողջ ժողովրդին, եթե «նավի» վրա չհայտվեն մարդիկ, ովքեր գիտեն թե որն է մեր շահերի «նավահանգիստը» և, որոնք չվախենալով փոթորկի վտանգներից, քանի որ արդեն իսկ փոթորիկի մեջ ենք, ուժ գտնեն ժողովվելու մեր ազգին:

Լենին-Քեմալ պայմանագրի նկատմամբ Հայաստանի հանրապետության պետական մարմինների եւ քաղաքական կուսակցությունների այսօրվա դիրքորոշումը այն «լակմուսի թուղթն» է, որով որոշվում է նրանց, որպես ինքնիշխանության կրողի աստիճանը:
Կաթվածահար վիճակում Հայաստանում պետք է ինքնիշխանության ձայն: Այլընտրանքը անապագա «ներկաներն» են եւ մերժված «նախկինները»: Մենք կամ կվերածվենք Նոր Թուրանի ներսում հնդկացիական ռեզեռվացիայի, կամ մեր մեջ կգտնենք դիմադրելու այն ներուժը, որը կավետի Հայաստանը վերստեղծող Նոր քաղաքական Բեեւռի ծնունդը:

Պարտության ցավն ու հիասթափությունը ցասման վերածելով մեր պետությունը պետք է ազատագրվի եւ լցվի նոր բովանդակությամբ: Մեր պետական դրոշը պետք է վերադարձնի իր ինքնիշխան գույները:

Ինչպես կասեր Շիրազը
Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես յաւիտեան,
Որպէս լեզուն մեր հայոց, որպէս սիւնը քո հոր տան…

Ազգային-ժողովրդավարական բևեռ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031