Լրահոս
Օրվա լրահոսը

3 մլն վարչապետ ունենք ու ԳՇ 3 պե՞տ. Տարոն Սիմոնյանը վստահեցնում է, որ Օնիկ Գասպարյանն ազատված չէ

Մարտ 18,2021 14:31

Իշխանությունները պնդում են, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ազատված է աշխատանքից, բայց նրա պաշտպանը վստահեցնում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել: Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանին, որպես իրավաբան, լրագրողները խնդրեցին մեկնաբանել՝ իրականում ո՞րն է ճիշտ:

Նա պատասխանեց. «Երբ նոր էր սկսվել այս իրավիճակը, ես ասացի, թե ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ: Ես ասացի, որ հայցի ապահովում պետք է լինի ու կասեցվի այս իրավահարաբերությունը, որը կարծես թե սկսվել էր կառավարություն-վարչապետ-նախագահ համատեքստում: Եղավ այնպես, ինչպես ասել էի: Դատարանը գտավ, որ հայցային ապահովում պետք է կիրառվի ու կասեցվի այդ իրավահարաբերության ի հայտ գալը: Ըստ էության, մենք ունենք իրավական ակտ, համաձայն որի դատարանը վեճի կողմերին՝ կառավարությանը եւ Օնիկ Գասպարյանի փաստաբանական թիմին ասել է, որ կասեցրեք այն իրավահարաբերությունը, համաձայն որի Օնիկ Գասպարյանը պետք է դուրս գա աշխատանքից, մինչեւ դատական ակտի վերջնական ուժի մեջ մտնելը: Հետեւաբար Օնիկ Գասպարյանը շարունակելու է իր պաշտոնավարումը»:

Ըստ Տարոն Սիմոնյանի, կառավարությունը չի հաշտվել դատարանի որոշման հետ եւ բնականաբար իր մեկնաբանությունը պետք է տա. «Իրավունք ունի վարչական ակտը բողոքարկել»:

Ըստ Տարոն Սիմոնյանի, նման հարցերի շուրջ կարող են իրավաբաններով ժամերով բանավիճել, բայց պետականության կարեւորագույն ինստիտուտներից մեկի ղեկավարի հարց են քննարկում ու բացի իրավական լուծումները, կոնսենսուսային տարբերակ է պետք. «Ամեն հաջորդ քայլը կարող է անդառնալի հետեւանքներ առաջացնել պետականության համար: Մենք ոչ թե պետք է ռեսուրսները կենտրոնացնենք, հասկանանք՝ ով էր ճիշտ, ով սխալ, այլ պետք է լուծումներ գտնենք, կոնսենսուսի գնանք»:

Տարոն Սիմոնյանն ասաց, որ Սահմանադրության մեջ խնդիր ունենք, պարզորոշ նշված չէ, թե ինչ է տեղի ունենում, երբ ունենում ենք այն իրավիճակը, ինչ կա այսօր, մեկնաբանությունների լայն տեղ կա:

Հարցին՝ հիմա ԳՇ պետի պարտականությունների կատարումը դրված է Օնիկ Գասպարյանի տեղակալի վրա, մյուս կողմից Արտակ Դավթյանին են առաջադրել՝ որպես պետ ու դատարանն էլ եթե ասում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել, ի՞նչ է ստացվում՝ 3 մլն վարչապետ ունենք ու ԳՇ 3 պե՞տ՝ Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Այդ մարդը գործից ազատված չէ, հետեւաբար, եթե գործից ազատված չէ, չի կարող իր տեղը նշանակվել այլ անձ, այսինքն, ազատման գործընթացն էլ է կասեցվում, մինչեւ դատարանի վերջնական որոշումը: Դատարանը չի ասել՝ կառավարությունը ճիշտ էր կամ սխալ էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031